Բաժիններ՝

Սյունիքը երկրի կարևոր դարպասն է. Կապանում կանցկացվի «Դավիթբեկյան խաղեր» ռազմահայրենասիրական մրցույթ-փառատոնը

Այս տարի 4-րդ անգամ Սյունիքի մարզի Կապան համայնքում կանցկացվի «Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոնը՝ «Սեր, Ուժ, Կամք, Միասնականություն» կարգախոսով։

Մրցույթ-փառատոնի նպատակն է՝ բարձրացնել հայ պատանիների ռազմահայրենասիրական ոգին, օգնել նրանց ցուցաբերել կամային հատկություններ։

Տարեցտարի մրցույթ-փառատոնին մասնակցելու թիմերի թիվն ավելանում է, այն հավակնում է դառնալ համահայկական, այս տարի ՌԴ-ից ևս թիմ կմասնակցի մրցույթ-փառատոնին։

«Դավիթբեկյան խաղեր»-ի նախագծի ղեկավար Ալինա Գևորգյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարի այս խաղերն իր շուրջ է համախմբում հայրենասիրական և ռազմահայրենասիրական գաղափարը կարևորող կառույցներին, անհատներին։

Կարդացեք նաև

«Առաջին անգամ «Դավիթբեկյան խաղերն» անցկացվել են 2022 թվականին, որը նվիրված էր Դավիթբեկյան ապստամբության 300-ամյակին, դրանից հետո այն դարձավ ամենամյա։ Աստիճանաբար մենք ընդլայնվեցինք, կարողացանք ավելի շատ թիմեր ներգրավել։

Մեր նպատակն է՝ հանրության շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին, նպաստել հայրենաճանաչությանը, հատկապես Սյունիքի ճանաչողությանը, դրա համար մենք ընտրել ենք թիրախային խումբ, որտեղ ընդգրկված են 14-17 տարեկան մեր հայրենակիցները։

Մեզ համար կարևոր է, որ բացի Սյունիքի մարզից, այս խաղերին մասնակցեն նաև ՀՀ բոլոր մարզերից թիմեր։

Այս տարի նաև Ռուսաստանից ենք թիմ ունենալու, 2-րդ տարին է՝ Արցախի մեր հայրենակիցներից ձևավորված թիմը ևս մասնակցում է մրցույթ-փառատոնին։ Հետաքրքրություն կա նաև Ջավախքից, եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի, հուսանք, որ այնտեղից ևս կունենանք թիմ»,- 168.am հետ զրույցում նշեց Ալինա Գևորգյանը։

Մի քանի պայմաններ կան, որոնց պետք է համապատասխանեն մրցույթ-փառատոնին մասնակցող թիմերը, դրանցից մեկն այն է, որ թիմում պետք է լինեն 10 հոգի, մասնակիցներից 3-ը պարտադիր պետք է աղջիկ լինեն։ Թիմերը, բացի ռազմական ու ֆիզիկական պատրաստվածությունից, պետք է ունենան հոգևոր ու պատմական գիտելիքներ։

«Ամբողջ խաղերն ուղեկցվում են ազգային երգ ու պարով, մասնակիցները պետք է հետևեն մեր կանոնակարգին։ Մեկ թիմը կարող է երկրորդ տարին ևս մասնակցել մեր խաղերին, բայց թիմի անդամների 50 տոկոսը պետք է փոխված լինի, որպեսզի այլ անձինք ևս կարողանան ընդգրկվել մեր խաղերում։ Սա լավ հարթակ է, որպեսզի մեր պատանիները միմյանց հետ ծանոթանան, ընկերություն հաստատեն, մտքերով ու գաղափարներով փոխանակվեն, և սա մեզ հաջողվում է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Մինչև 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմը «Դավիթբեկյան խաղերի» նախաձեռնողներն այն դիտարկել են՝ որպես զբոսաշրջային պրոդուկտ, որտեղ կներգրավվեն ու կներկայացնեն Սյունիքի բերդերը, սակայն պատերազմից հետո փաստերը ցույց են տվել, որ կարիք կա բազմակողմանի զարգացած հայրենիքի պաշտպանների, և «Դավիթբեկյան խաղերը» կարող է դառնալ այդ գործիքներից մեկը։

«Ուզում էինք, որ պատերազմից հետո տրամադրությունը փոխենք, սերնդի մոտ ռազմահայրենասիրությունն ամրապնդենք, դրա համար մեր խաղերն այլ բնույթ ստացան, դարձան ռազմահայրենասիրական, կրթական, մշակութային ու պատմական։

Մենք նաև նպատակ ունեինք սրանով ուշադրությունը սևեռել Սյունիքի վրա, որովհետև հայրենաճանաչությունը հայրենիքը սիրելու ամենամեծ գրավականն է։ Այո, այսօր Սյունիքը Հայաստանի կարևոր դարպասն է, և մենք ուզում ենք, որ երիտասարդները չվախենան գալ Սյունիք, գան տեսնեն, որ իրենց հասակակիցներն այստեղ ապրում են։ Իրականում եղել են դեպքեր, երբ թիմերը հրաժարվել են մասնակցել, քանի որ Սյունիքը դիտարկել են որպես սահմանամերձ մարզ»,- շեշտեց Ալինա Գևորգյանը։

«Դավիթբեկյան խաղերի» շարժիչ ուժը սյունեցի երիտասարդներն են, սակայն նրանց չէր հաջողվի նախաձեռնությունը կյանքի կոչել, եթե նրանց չհավատային շատ մարդիկ, որոնք մինչև այս պահն աջակցում են նրանց ֆինանսապես։

«Մենք իսկապես ուզում ենք, որ մարդիկ գան Սյունիք, Կապան ու ճանաչեն այն։ Մարդիկ, որոնք գալիս են այստեղ, հետո նրանցից ստանում ենք դրական արձագանքներ, շատ են հավանում Սյունիքը, այստեղ ձեռք բերում շատ ընկերներ։

2022 թվականին ունեինք 8 թիմ, իսկ այս տարի արդեն ունենք 18 թիմ։ Այս տարի խաղերն իրականացնելու ենք 2 փուլով՝ մեկնարկը կտրվի հուլիսի 7-ից, իսկ օգոստոսի 2-ին տեղի կունենա խաղերի փակումը։ Ամբողջ հուլիս ամիսը Սյունիքում թևածելու է ռազմահայրենասիրական ոգին, մթնոլորտն այդպիսին է լինելու»,- եզրափակեց Ալինա Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս