
«Իշխանությունների կողմից այս խեղաթյուրումը շարունակվելու է այնքան, մինչև չունենանք ազգային արժանապատվության բարձր զգացում ունեցող գործիչներ». Աշոտ Հարությունյան

Վերջին օրերին իշխանությունները դաշտ են նետել մի թեզ, համաձայն որի՝ Ալիևը սպառնում է վերադառնալ «Արևմտյան Ադրբեջան», քանի որ Արցախի ԱԺ-ն նոր նախագահ է ընտրել։ Դրան զուգահեռ՝ նույն նժարի վրա են դնում արցախահայերի ու Հայաստանից 90-ականներին հեռացած ադրբեջանցիների իրավունքները։
Շուշիի պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Աշոտ Հարությունյանը վստահ է՝ Ալեն Սիմոնյանը նախ պատմություն չգիտի և կատարում է քաղաքական պատվեր, «խաղում է, որպեսզի ինչ-որ մեկին հաճույք պատճառի»։
«Կարծում եմ՝ իրեն ասել են՝ այդպիսի բաներ ասա, ինքն էլ ասում է։ Իշխանությունները չեն հասկանում՝ խոսքը վերաբերում է մեր պատմական հայրենիքում մեզ հայրենազրկելուն։ Ադրբեջանցին ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ, նրան ո՞վ է խնդրել, որպեսզի թողնի իր երկրամասը և գա այստեղ ապրի, աշխատանք ստանա ու հիմա էլ կանգնի ու ասի՝ սա իմն է։ Դրա համար արցախահայերի ու Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցը նույն հարթության վրա չպետք է դիտարկվի, եթե ադրբեջանցիները մի տեղ պետք է վերադառնան, ապա դա իրենց՝ Ալթայի երկրամասն է։
Արցախահայերի վերադարձը կապել ադրբեջանցիների վերադարձի հետ՝ տգիտություն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը։
Ըստ նրա, պետք է հարցը հստակ դրվի՝ Ադրբեջանը պիտի ազատի օկուպացված Արցախը, թողնի իր կողմից զավթված տարածքները և հեռանա։ Այս հարցից զատ, Ադրբեջանի հետ այլ հարցի քննարկումը պարզապես հերթական հայրենադավությունը կլինի։
«Իշխանությունների կողմից պատմության ու արժեքների այս խեղաթյուրումը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մենք ասպարեզում չունենանք ազգային արժանապատվության բարձր զգացում ունեցող գործիչներ։ Մենք ընտրեցինք մարդկանց ու ձեռքները կրակն ընկանք, հիմա էլ ասում ենք՝ ինչո՞ւ է այսպես։
2018 թվականին ասում էին՝ «քայլ արա, մերժիր Սերժին», մերժեցին, եկավ Նիկոլը, հիմա էլ ասում են՝ դե, ժողովրդի շահերից այսինչ մարդն է խոսում, այդինչ մարդն էլ, հայհոյանքներից բացի, այլ բանի մասին չի խոսում։ Մարդկանց հարցնում եմ՝ ի՞նչ է, դուք խելքը գլխին մի մարդ չունե՞ք, որ ընտրենք, այնպիսի մարդ, որին ընտրելուց հետո գլխներիս չտանք ու ասենք՝ վա՜յ, այս ինչ արեցինք։ Ես հասկացել եմ, որ շատերին ձեռնտու չէ կարգ ու կանոնը, իրենց ձեռնտու է այս իրավիճակը, այս պահվածքը, դրա համար էլ նորմալ առաջնորդներին վանում են, մերժում։ Մարդիկ ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ»,- շեշտեց պատմաբանը։
Աշոտ Հարությունյանը նաև հավելեց, որ այս ամբողջ գործընթացները վնասում են միայն ազգային շահին, եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանը վերջնականապես կկորցնի իր պետականությունը։
«Այսօր Ալիևն ամեն ինչ ասում է իր քաղաքական էքսպանսիան, ագրեսիան արդարացնելու համար։ Մոսկվայում, ԱՄՆ-ում, Ադրբեջանում և այլուր թե ինչ են ասում, մեզ չպետք է հետաքրքրի, փոխարենը՝ մեզ պետք է հետաքրքրի, թե մենք ինչ ենք անում, որպեսզի աշխարհին ներկայանանք մեր հնագույն պատմությամբ, մեր երկրով. ոչինչ չենք անում։ Այնպես են անում, որ վաղը-մյուս օրը մեր տարածքներն ազատագրենք, մեզ աշխարհը մեղադրի, թե հայերն ագրեսոր ու վատ ժողովուրդ են, չասեն, որ այդ մարդիկ արժանապատվություն ունեն, իրենց հողն են ազատագրել։ Այս ամենը գիտակցել է պետք»,- ընդգծեց Աշոտ Հարությունյանը։