Փաշինյանի «լյուբիմչիկ» Սերգեյ Ատոմյանի, հարց լուծող «զեմլյակների», ՔԿԾ «Գորշ կարդինալի», խորհրդավոր հանդիպումների, պադավատների և նախարար Մինասյանի երջանիկ անտեղյակության մասին

Օրերս բոլոր հնարավոր եղանակներով «ավետվեց» Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Սերգեյ Ատոմյանի՝ կրկին նշանակումը ՔԿԾ պետի պաշտոնում: Սա, իհարկե, շատ զավեշտալի էր, հատկապես, եթե հաշվի առնենք, որ բացատրությունն այն էր, թե քանի որ արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը նշանակվել է նախարարի պաշտոնում, ենթակա կառույցների ղեկավարներն ավտոմատ դարձել են ժամանակավոր պաշտոնակատարներ, հետևապես՝ կրկին նշանակվել են նախարարի առաջարկով ու Նիկոլ Փաշինյանի բանավոր համաձայնությամբ: Այս խառնաշփոթի իմաստը հատկապես անհասկանալի էր՝ այն համատեքստում, որ նշանակման հրամաններ, որպես այդպիսին, չկային էլ: Բայց պետք էր գովազդել մասնավորապես ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանին, ինչը, իհարկե, արվեց:

Շոուների ապահովումը, սակայն, շուրջ 1.5 տարի ՔԿԾ պետի պաշտոնում պաշտոնավարող Սերգեյ Ատոմյանի համար ցանկալի արդյունքներ չապահովեց. Դրանք ինչպես կային, այնպես էլ մնացին, որոշ դեպքերում խորացան:

Մինչդեռ ՔԿԾ շատ հնաբնակներ 168.am-ի հետ զրույցում պնդում են՝ Ծառայությունում նման թույլ, համակարգից կիլոմետրերով հեռու ղեկավար անձնակազմ՝ պետ և տեղակալներ, չեն եղել համակարգի հիմնադրման օրվանից ի վեր:

Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկ» Սերգեյ Ատոմյանի՝ ՔԿԾ պետի պաշտոնում նշանակվելուց ի վեր ՔԿԾ տարբեր պաշտոններում նշանակվեցին մարդիկ, ավելի ճիշտ՝ «զեմլյակներ», ովքեր 1.5 տարի անց էլ չհասկացան իրենց զբաղեցրած պաշտոնների կարևորությունը, Ծառայության դերն ու նշանակությունը:

Կարդացեք նաև

Մեր աղբյուրների՝ պնդմամբ՝ ՔԿԾ-ում ցանկացած հարց ու հանձնարարական «սրբագրվում է» մարդկանց կողմից, ովքեր նոր են ծանոթանում համակարգի «առանձնահատկություններին»: Փաստացի ՔԿԾ-ում հարց լուծող են դարձել ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանի խորհրդական Ջրմուղի Անդոն, ինչպես նրան անվանում են Ծառայությունում, և Կոլոտ Կարենը՝ կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայող Կարեն Այվազյանը:

Ի դեպ, ՔԿԾ պետի խորհրդական Անդրանիկ Սիմոնյանի՝ Արտաշատի ռեստորաններից մեկում նշվող ծննդյան տարեդարձին, որին հավանաբար ՔԿԾ պետի ու խորհրդականի  ընտրությամբ մասնակցում էին նաև ՔԿԾ-ում աշխատող որոշ կանայք, ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը նրա ստացած նվերների շարքը համալրեց ևս մեկով՝ բավականին ցանկալի ու ներկայացուցչականով, իր խորհրդականին պարգևատրելով՝ ՔԿԾ գլխավոր քարտուղարի նախկին ծառայողական մեքենան Անդրանիկ Սիմոնյանին տրամադրելով:

Ըստ ամենայնի, հենց այդ ուրախ ու պրոդուկտիվ տարեդարձից հետո էլ ՔԿԾ-ում մի նոր ավանդույթի սկիզբ դրվեց՝ հիմնարկներ այցերը զուգորդել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներով, այցերի ավարտին էլ՝ բավականին հաճելի խնջույքներով:

Մեզ ասացին՝ Ծառայության ամենալավ մեքենան էր: Դե հո անպետք ծառայողական ավտոմեքենայով չէ՞ր գնալու-գար Արտաշատ, այն էլ՝ պետական բենզինով: Հետաքրքիր է՝ իր տրամադրության տակ պետական ծառայողական մեքենա ունեցող խորհրդականին քանի՞ անգամ են տեսել որևէ քրեակատարողական հիմնարկ այցելելիս…

Նիկոլ Փաշինյանը ժամանակին պադավատապետությունից էր խոսում, իսկ գիտի՞՝ քանի՞ մեքենա է այսօր սպասարկում ՔԿԾ պետին: Իսկ երբ փորձում ես տեղեկություն ստանալ մեքենաների վազքի, տրամադրվող վառելիքի մասին, ապա դա անհապաղ դառնում է «պետական գաղտնիք», և սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հեշտացնում է օտարերկրյա քաղաքացիների համար պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ստացման կարգը:

Պարզվում է, սակայն, որ ՔԿԾ-ում կա նաև թաքնված «ասիչ», ինչպես Ծառայությունում են ասում, ՔԿԾ «գորշ կարդինալ», պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը:

Վերջինս բավականին ակտիվ է հատկապես կադրերի ընտրության հարցում, նշանակման և հովանավորման գործում: Ամբակում Գրիգորյանի բարձր հովանու ներքո են «Արմավիր» ՔԿՀ-ի պետը, տեղակալը, նույնիսկ ՔԿԾ գլխավոր քարտուղարը:

«Միայն անունով է առաջին տեղակալ: Մենք էնպիսի առաջին տեղակալներ ենք տեսել, ովքեր ուղնուծուծով գիտեին՝ ինչ է օպերատիվ բլոկը, ռեժիմը, պահպանությունը, անվտանգությունը: Ո՞վ է տեսել սոցիալ-հոգեբանական բաժինը կուրացիա անող առաջին տեղակալ, թեպետ դրանից էլ գլուխ չի հանում: Ավելի շատ քննիչ-սոցիալ հոգեբան է»,- ասաց ՔԿԾ մեր աղբյուրը:

ՔԿԾ պետը կամ նրա ենթակաները տեսե՞լ են արդյոք ՔԿՀ-ներում մահվան դեպքերի վիճակագրությունը: Նման թիվ երբևէ եղե՞լ է, համեմատե՞լ են նախորդ տարիների հետ, և սա այն դեպքում, երբ այդ մահերի ճնշող մեծամասնության դեպքում խնդիրը հիվանդությունը չէ, այլ մոլեխաղերը, միջանձնային «ռազբորկաները», երբ քրեական վարույթով հաստատված փաստ է՝ ծեծելով, օրինակ, ՔԿՀ-ում մարդ են սպանում, կամ, օրինակ, օպերատիվ բլոկն այնքան «լավ» է աշխատում, որ մարդիկ հանկարծ կորցնում են գիտակցությունն ու մահանում: Հետո դա ներկայացվում է՝ որպես քաղաքացիական բուժհաստատության անփութություն, թե ինչու, ասենք, տվյալ ազատազրկված անձին չեն պահել իրենց մոտ, հետ են տարել ՔԿՀ, որտեղ էլ նա մահացել է: Օպերատիվ բլոկում չգիտե՞ն՝ այդ անձն ինչի՞ց է մահացել: Իսկ հիշո՞ւմ են՝ ինչո՞ւ կախվեց «Սևան» ՔԿՀ-ի 21-ամյա կալանավորը: Այդպես էլ ոչ մի փորձաքննության արդյունք չհրապարակվեց, մեղավորները չպատժվեցին:

Մոտ 1 միլիոն դոլար գումար ծախսեցին պետական բյուջեից Օպերատիվ կառավարման կենտրոն հիմնելու համար, իսկ ո՞ւր են արդյունքները, արդարադատության նախարարը կամ այդ փողը կառավարությունից տվողները հետաքրքրվե՞լ են: Ինչ խոսք, թաքցնելը, ծածկադմփոց անելը ՔԿԾ ղեկավարության մոտ շատ լավ է ստացվում, բայց շահագրգիռ կառույցները և անձինք հո՞ կարող են հետաքրքրվել:

Հիմնարկներում, մեր տեղեկություններով, ծաղկում է քրեական ենթամշակույթը, նվաճում ամուր դիրքեր ու սերտորեն համագործակցում ինչպես ՔԿԾ բարձր ղեկավար անձնակազմի, այնպես էլ հիմնարկների ղեկավարների հետ: Սրա մասին մի առիթով գրել ենք, առաջիկայում նոր հրապարակում կանենք: Միգուցե արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվե՞ն՝ օրը ցերեկով ի՞նչ հանդիպումներ են տեղի ունենում քրեական ենթամշակույթին հարող անձանց հետ: Իսկ միգուցե այս մասին մանրամասներ, անկեղծ լինելու դեպքում, կարո՞ղ են պատմել ՔԿԾ պետի 1-ին տեղակալն ու արդեն իսկ հայտնի խորհրդականը:

Կամ միգուցե նշված անձինք ՔԿԾ պետին ասեն, թե ինչ դժգոհություններ են հասունանում Ծառայությունում, երբ անգամ պարգևատրվելիս ու խրախուսվելիս նախապատվությունը տրվում է յուրային «զեմլյակներին», օրինակ, ինչպես 2022թ. վերջին փախուստի դիմած ազատազրկված անձին հայտնաբերելու դեպքում եղավ: Ոստիկանության աշխատակիցներին չհաշված, մեր աղբյուրների փոխանցմամբ, 100-ից ավելի անձ է ՔԿԾ-ից մասնակցել նրա որոնողական աշխատանքներին, շատերը լուրջ դերակատարություն են ունեցել, սակայն ՔԿԾ ղեկավարության կողմից պարգևատրվել է 4 անձ, որոնցից առնվազն երկուսն արտաշատցի են, այդ թվում՝ «Կոլոտ Կարենը»:

Մեր տեղեկություններով՝ Սերգեյ Ատոմյանը հստակ տիրապետում է նաև այն տեղեկություններին, որ ՔԿՀ-ների որոշ պետեր բավականին ակտիվորեն ներգրավված են կոռուպցիոն գործարքներում, ինչի մասին առաջիկայում, եթե նախարար Գրիգոր Մինասյանը բավարար կամք կամ հմտություն չունենա բացահայտելու, մենք անուններով կտեղեկացնենք, սակայն ոչինչ չի կարողանում անել՝ ձև՞ը չգիտի, թե՞ քաղաքական կամք չունի, կամ գուցե ա՞յլ պատճառ կա, թող առայժմ պարզեն նրան նշանակող անձինք: Իսկ եթե ձևը չգիտի, ուրեմն Սերգեյ Ատոմյանը թող զբաղվի այն գործով, ինչն իր մոտ կարող է ավելի ստացվել, բացի այդ էլ եկամտաբեր լինել, օրինակ՝ գյուղատնտեսությամբ կամ մեքենաների առքուվաճառքով:

Իմիջիայլոց, ՔՊ-ի մեր աղբյուրները նշում են՝ կուսակցությունում այնքան էլ խանդավառությամբ չեն ընդունել Սերգեյ Ատոմյանի՝ ՔԿԾ պետի պաշտոնում «վերանշանակումը», ինչն, իհարկե, խոչընդոտ չի հանդիսացել, որ Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկը» շարունակի պաշտոնավարել:

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը երբևէ իր սրտի «գեներալ-կապիտանին» հարցրե՞լ է հիմնարկներում տիրող իրավիճակի մասին, հիվանդությամբ չպայմանավորված մահերի թվի աճի, թմրամիջոցների շրջանառության և մոլեխաղերի ծավալների աճի, կոռուպցիայի դեմ պայքարի, առանց անհրաժեշտության օպերատիվ համարներով երթևեկելու, բյուջեի հաշվին անգամ խորհրդականի՝ ծառայողական մեքենայով երթևեկելու մասին:

Իսկ Սերգեյ Ատոմյանը երբևէ Նիկոլ Փաշինյանին հարցրե՞լ է՝ ինչո՞ւ և ինչպե՞ս աշխատանքից ազատվեց իր նախորդը՝ Արթուր Գոյունյանը: Եթե չի հարցրել, թող հարցնի… Վստահաբար իր համար շատ հետաքրքիր նորություն կարող է բացահայտել:

Տեսանյութեր

Լրահոս