Կալանավայրում՝ առեղծվածային մահ, ՔԿԾ պետին՝ պարգևատրում
Հոկտեմբերի 19-ին՝ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ, հերթական պարգևը ստացավ ՀՀ Արդարադատության նախարարության (ԱՆ) Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Սերգեյ Ատոմյանը:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը պարգևատրվել է «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալով:
Առհասարակ Սերգեյ Ատոմյանը, ով համարվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի «մարդը» և Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, Նիկոլ Փաշինյանի սանիկ, հայտնի «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ընկերը, բավականին գնահատված է Նիկոլ Փաշինյանի կողմից: Իհարկե, հասկանալի է, որ վերջինս հատուկ ընդգծված դրական վերաբերմունք ունի բոլոր թերուսների, ոչ պրոֆեսիոնալների ու կամակատար կադրերի նկատմամբ, որովհետև նրանց նկատմամբ զգում է իր առավելությունը, բայց Սերգեյ Ատոմյանին տրված գնահատանքն արդեն նույնիսկ իր թիմակիցների՝ ՔՊ-ականների համար է կասկածելի: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել Ատոմյանի՝ մարզային սովորական քննիչից՝ Քրեակատարողական ծառայության պետ, դրանից առաջ էլ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ու մարզպետի տեղակալ լինելը:
Հիշեցնենք, այս տարվա հուլիսի 4-ին, օրինակ, Սերգեյ Ատոմյանի ծննդյան 36-ամյակին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը նրան շնորհեց արդարադատության գեներալ-մայորի կոչում՝ համակարգի փորձառու աշխատակիցների ծիծաղը հարուցելով: Նույնիսկ համակարգի երկարամյա ծառայողները չէին տեսել, որ ինչ-որ մեկը կապիտանից միանգամից դառնա գեներալ: Այդպես Սերգեյ Ատոմյանը ՔԿԾ-ում վաստակեց «կապիտան գեներալ» մականունը:
Սերգեյ Ատոմյանը «վաստակել էր» գեներալական ուսադիրները՝ այս տարվա հունիսի 11-ին Նիկոլ Փաշինյանի՝ երկար ու գերգաղտնի նախապատրաստական աշխատանքներից հետո Արարատի մարզ այցելության ժամանակ հանդիպումներին թվաքանակի խնդիր լուծելու նպատակով մի քանի տասնյակ մարդ բերելու համար: Փաշինյանը գնահատել էր նրա ջանքերը և ծննդյան տարեդարձին նվեր արել:
Այս անգամվա՝ հոկտեմբերի 19-ի պարգևը, հիշեցնենք, նրան շնորհվել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:
Իսկ հիմա՝ ուշադրություն…
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին, Սերգեյ Ատոմյանի ենթակայության տակ գործող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել է մոտ 50 տարեկան կալանավորված անձ, որի մահվան մասին հանրությունը չի տեղեկացել, այսինքն՝ այն գաղտնի է պահվել:
Կալանավորված անձը, սակայն, չի մահացել հիվանդությունից կամ դժբախտ դեպքի կամ անզգուշության պատճառով (վստահաբար այդպես կփորձեն փակել այս գործը). Իրականում՝ նրան սպանել են… Ծեծելով…
Կրկնում ենք, մեր խիստ հավաստի տեղեկություններով՝ անգամ դեպքի վայր ժամանած քննիչները միաբերան առաջին հայացքից արձանագրել են՝ սպանություն է. դրա մասին են վկայել հանգուցյալի մարմնի ու դեմքի հատվածի հետքերը: Նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքներով է հաստատվել այդ փաստը:
Կատարվածի առնչությամբ մանրամասներ 168.am-ը փորձեց իմանալ Վաղարշապատի քննչական բաժնից, ուր հարուցվել է քրեական վարույթը, սակայն երեկվանից մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Հեռախոսն անջատում կամ չէր պատասխանում զանգերին նաև Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանը:
Նախաքննության ընթացքի մասին մանրամասներ այս պահին չենք հրապարակում՝ անմեղության կանխավարկածից ու դեպքի որոշակի հանգամանքներից ելնելով. ավելի ուշ կտեղեկացնենք նաև այդ մասին:
Դեպքը, ինչպես նշեցինք, ծածուկ է պահվել, բայց վստահաբար արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այդ մասին շատ լավ իմացել է: Եվ այս մարդը այդ զարհուրելի դեպքից ուղիղ 6 օր անց Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Սերգեյ Ատոմյանին պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:
Քրեակատարողական հիմնարկներում անհիշելի ժամանակներից ծեծելով մարդ չէին սպանել. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում արդեն ծեծելով կալանավոր են սպանում, իսկ Նիկոլ Փաշինյանի արդարադատության նախարարի ժ/պ-ն, ով նախարար դառնալու նկրտումներ ունի, լավ իմանալով դա, դեպքից ուղիղ 6 օր անց դրա ուղիղ պատասխանատուին պարգևատրում է բարեխիղճ ծառայության համար: Հասկանալի է՝ առանց Նիկոլ Փաշինյանի իմացության և «դաբրոյի» Ատոմյանը չէր պարգևատրվի: Մնում է հասկանալ՝ արդյո՞ք Փաշինյանը տեղյակ էր նաև դրանից 6 օր առաջ տեղի ունեցած սպանության մասին, թե՞ ոչ: Եթե այո, ապա, սա ավելի խոր ուսումնասիրության թեմա է, ինչպես և այն, թե Ատոմյանը ի՞նչ ծառայություններ է մատուցում իշխանություններին, մասնավորապես՝ ՔՊ-ականների հիմնական կորիզ հանդիսացող խմբակին: