Փաշինյանի թանկ նվերը Քրեակատարողականի պետի ծննդյան 36-ամյակի առթիվ
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Սամվելի Ատոմյանին շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում»։
Վաղը Սերգեյ Ատոմյանի ծննդյան տարեդարձն է. դառնում է 36 տարեկան, և նման նվեր երազելը նույնիսկ բարդ է, բայց Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետը ստացավ իր կյանքի, թերևս, ամենաթանկ նվերներից մեկը:
Սերգեյ Ատոմյանի պաշտոնական կենսագրության ուսումնասիրությունը մեզ հուշում է, որ իր ատամհատիկին ՔԿԾ պետը կախարդական փայտիկ է վերցրել: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել նրա՝ մարզային սովորական քննիչից՝ Քրեակատարողական ծառայության պետ, դրանից առաջ էլ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ու մարզպետի տեղակալ լինելը:
Բայց սա դեռ մի կողմ: Կապիտանից միանգամից գեներալ-մայորի կոչում ստանալը առհասարակ ֆանտաստիկայի ժանրից է:
Այն, որ կառավարող այս թիմի համար բախտորոշ 2018թ. իսկական ջեք-փոթ էր, անկասկած է, բայց որ միայն քայլելու կամ քայլողներին կից քայլելու համար կարելի է նման բարձունքներ նվաճել, որևէ երևակայության մեջ չի տեղավորվում:
Ամեն ինչ էժանացրած այս իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի համար խնդիր չէ աջուձախ կոչումներ բաժանելը, հատկապես, երբ անձը ոչ վաղ անցյալում անգնահատելի ծառայություն է մատուցել քեզ, իսկ առջևում նրա ծննդյան տարեդարձն է:
Հունիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը երկար ու գերգաղտնի նախապատրաստական աշխատանքներից հետո այցելել էր Արարատի մարզ: Իր մարզային հանդիպումների ժամանակ թվաքանակի խնդիր ապահովելու համար վերջինս մոբիլիզացրել էր մարզը ներկայացնող բոլոր պաշտոնյաներին:
Քաղաքական պաշտոն չզբաղեցնող Սերգեյ Ատոմյանը նույնպես մի քանի տասնյակ մարդ բերելու համար բավականին ջանք էր թափել ու անգամ ուղեկցում էր նրան:
Նախորդ օրվա բուռն գինարբուքից հետո, երբ իր ենթակա պաշտոնյաներն անգամ աշխատանքի չէին կարողացել ներկայանալ, ՔԿԾ պետը կազմ-պատրաստ դիմավորում էր «սիրելի վարչապետին», ում պարտական է իր կարիերայի սրընթաց առաջընթացով:
Դե, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ շռայլորեն վարձահատույց եղավ նրան: