«Այս ամենից հետո ՌԴ-ն կա՛մ պետք է հետևեր Փաշինյանի օրակարգին և դուրս գար Արցախից, կա՛մ Ադրբեջանին պատերազմ հայտարարեր». Մարիամ Հովսեփյան
Հոկտեմբերի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ Նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ժամանակ ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը բարձրացրել էր Ադրբեջանի կողմից Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված Նվեր և Միքայել եղբայրների դաժանաբար սպանության հարցը։
168.am-ի հետ զրույցում Մարիամ Հովսեփյանն ասաց, որ բոլոր երկրների երեխաների վերաբերյալ հիշատակում ու անդրադարձ կար՝ Աֆրիկայից մինչև Սիրիա, և իր համար անհասկանալի է եղել, թե ինչո՞ւ Արցախի երեխաների մասին որևէ խոսք չկար։ Հետևաբար, որոշել է, որ հենց ասուլիսի ժամանակ պետք է բարձրաձայնի այդ խնդրի մասին։
«Իմ հիմնական նպատակն էր, որպեսզի այնտեղ ներկա տարբեր երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ տարբեր լրատվամիջոցների թղթակիցների ուշադրությունը հրավիրեմ խնդրի վրա, որ նման վայրագ ձևով Ադրբեջանը սպանել է Արցախի երեխաներին։ Այդ սպանված երեխաներն ո՞ւմ էին խանգարում, ինչո՞ւ են դաժանաբար սպանվել։
Մարիա Լվովա-Բելովայի պատասխանից չեմ կարող դժգոհել, քանի որ՝ բացի հրապարակային պատասխանից, ունեմ նաև կուլիսային պատասխաններ, որի շրջանակներում պայմանավորվել ենք, որպեսզի տեղյակ պահենք իրենց, թե ի՞նչ ծրագրեր ենք իրականացնելու ու ի՞նչ ծրագրեր են անհրաժեշտ։
Այն պահից, երբ Ուկրաինայում սկսվել է հատուկ օպերացիա, այդ պահից ես միշտ ցանկացել եմ այնպես անել, որ Արցախի երեխաները, մարդիկ նույն կարգավիճակն ունենան, ինչ Դոնբասի երեխաները, թեպետ հասկանում եմ, որ 100 տոկոս այդպես չի կարող լինել, բայց ի՞նչ տարբերություն՝ պատերազմը պատերազմ է, ու երեխաներ են զոհվում։ Իմ նպատակն է, որ այսօր Ռուսաստանում, ինչպես Դոնբասի երեխաներին են վերաբերվում, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված երեխաներին վերաբերվեն»,- նշեց Մարիամ Հովսեփյանը։
Քաղաքագետը վստահ է, որ Արցախից բռնի տեղահանված բնակիչների մի մասը տեղափոխվելու է և հաստատվելու է ՌԴ-ում։ Ասում է՝ Արցախի բնակիչներից ում հետ զրուցում է, ասում են, որ Հայաստանն էլ է իրենց դավաճանել։
«Իհարկե, լավ կլինի, որ մարդիկ մնան Հայաստանում, սակայն նրանք սահմանափակված չեն և բռնի տեղահանվելուց հետո կարող են գնալ այնտեղ, որտեղ կցանկանան ապրել։ Կարծում եմ՝ գարնանը մեծ թվով ընտանիքներ տեղափոխվելու են ՌԴ, ու լավ կլիներ, որ Ռուսաստանում այդ ընտանիքների համար տարբեր ծրագրեր մշակեն ու իրականացնեն»,- շեշտեց Մ. Հովսեփյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ հասկանալի է՝ այսօր շատերն Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ սխալ տեղեկատվություն են ստանում և դրա արդյունքում շատերը ՌԴ-ի նկատմամբ հիասթափություններ ունեն։ Այս համատեքստում քաղաքագետը հիշեցրեց ՌԴ նախագահի մեկնաբանություններն արցախյան թեմայի վերաբերյալ, շեշտելով՝ ամեն թեմայի վերաբերյալ չէ, որ Պուտինը կարող է խոսել 15 րոպեից ավելի, ինչպես խոսել է Արցախի իրավիճակի մասին։
«Պուտինի այս ելույթներից ենթադրում եմ, որ նպատակ ունեն այսպես հասարակությանը հասցնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, նաև ինչ-որ ձև արդարանան։
Նախ, Ռուսաստանին էլ ձեռնտու չէր, որ իր խաղաղապահները դուրս գային Արցախից, քանի որ գաղտնիք չէ, որ այդ դեպքում Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում նվազելու է, եթե ոչ ամբողջովին վերանում։ Ցավով եմ ասում, եթե զգացականը մի կողմ դնենք ու տրամաբանենք, ապա ՌԴ-ին մեղադրելու բան չունեմ, ՀՀ ղեկավարը տարբեր առթիներով հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ իր ներկայությամբ խոսակցություն է եղել, երբ Ալիևն իրենից պահանջել է ուղիղ պայմանավորվածություն՝ խաղաղապահների Արցախում մնալ-չմնալու հարցի վերաբերյալ։ Այդ ամենը հաստատել է Փաշինյանը՝ ասելով, որ նրանք միասին թող պայմանավորվեն խաղաղապահների հարցի շուրջ։ Այս ամենից հետո ՌԴ-ն կա՛մ պետք է հետևեր այդ օրակարգին և դուրս գար Արցախից, կա՛մ Ադրբեջանին պատերազմ հայտարարեր, ինչը գեոպոլիտիկ առումով ՌԴ-ի համար այս պահին շահավետ չէր»,- ասաց Մարիամ Հովսեփյանը և մանրամասնեց՝ ՌԴ-ի համար ինքնասպանության նման մի բան կլիներ, եթե մեկ ճակատը չփակած, բացեր երկրորդ ճակատը։
Քաղաքագետը նաև հիշեցրեց՝ տարբեր օղակներով ՌԴ-ի կողմից եղել են հայտարարություններ, որ ՀՀ իշխանությունները մինչև 2025 թվականն Արցախում կարողանան պահել ռուս խաղաղապահներին, որպեսզի Ուկրաինայում իրավիճակը փոխելուց հետո կարողանային զբաղվել Արցախով։
Քննադատությունները պետք է ուղղված լինեն այն մարդկանց, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի մինչև 2025 թվականը ռուս խաղաղապահների մնալն Արցախում դրվեր հարցականի տակ։
«Առանց երկար մտածելու՝ հանձնեցին Բերձորը, դրա հետ միասին՝ նաև միակ ցամաքային ճանապարհը։ Սա Հայաստանի, որոշ առումով՝ նաև Արցախի իշխանությունների անտրամաբանական ու անհասկանալի քայլերի արդյունքն է։ Իզուր չէր, որ քարոզչություն էր իրականացվում, թե Ռուսաստանը մտել է Արցախ ու դուրս չի գալու, այդպես էին անում, որպեսզի ամբողջ պատասխանատվությունը թողնեին Ռուսաստանի վրա։
Դժվար է ասել՝ հայ-ռուսական հարաբերություններում մոտ ժամանակներս որևէ պոզիտիվ բան կարելի՞ է սպասել, թե՞ ոչ»,- եզրափակեց Մարիամ Հովսեփյանը։