Ադրբեջանական ֆարս դատավարություններում հայ փաստաբանների ներգրավման ի՞նչ հնարավորություններ կան. պարզաբանում է Արա Ղազարյանը

Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։ Նշենք, որ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը սկսվել է հոկտեմբերի 13-ին:

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պաշտպանությունը, ինչպես նաև՝ Վագիֆ Խաչատրյանի, հնարավո՞ր է կազմակերպել հայ փաստաբանների միջոցով. ի՞նչ միջազգային իրավական մեխանիզմներ կան՝ 168.am-ն այս հարցադրումներն ուղղեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանին:

Ի պատասխան՝ Արա Ղազարյանը նկատեց՝ նման մեխանիզմ կա, սակայն դա մեծապես կախված է այն պետությունից, որը պետք է թույլատրի նման մեխանիզմի կիրարկումը:

«Բայց շատ երկրներ, կարծեմ, Ադրբեջանը ևս, նաև՝ Հայաստանը, ունեն ընթացակարգեր, որ օտարերկրյա փաստաբանները կոնկրետ գործով կարող են ստանալ լիցենզիա կամ այլ հեղինակազորում, որպեսզի ներկայացնեն վստահորդի շահերն այդ պետությունում: Հայ փաստաբանները նման կերպ Ռուսաստանում, Ուկրաինայում, տարբեր երկրներում ներգրավվում են:

Կարդացեք նաև

Նման ընթացակարգեր լինում են. այստեղ ամենակարևորը մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը հարգելն է: Ես վստահ եմ, որ Վագիֆ Խաչատրյանի՝ փաստաբանից հրաժարվելն ընդամենն իմիտացիա է, որն ադրբեջանցիներն անում են՝ ցույց տալու համար, թե՝ տեսեք, մենք հարգում ենք նրա իրավունքը՝ ընտրելու իր փաստաբանին»,- նշեց նա:

Արա Ղազարյանն այս համատեքստում հիշեցրեց Կարեն Ղազարյանի գործը, որի վճիռը, ի դեպ, հրապարակվել է օրերս:

«Նրա և այլ գործերով ես և իմ գործընկեր փաստաբանները միշտ փորձել ենք, որ նման մեխանիզմ կիրառվի, սակայն նույնիսկ պատասխան չենք ստացել:

Մեխանիզմ կա, նաև Մինսկի կոնվենցիայի շրջանակներում, բայց սրա համար կոնվենցիա էլ պետք չի. սրա համար պետք է, որ պետությունն իր երկրի ներսում օրենք ընդունի, որ օտարերկրյա փաստաբանները կարող են գալ և ընդհանրապես կամ կոնկրետ գործով ներգրավվել դատավարությունում: Վստահ եմ, Ադրբեջանն ունի այս օրենքը, բայց երբեք մեր դիմումներին նրանց մարմինները չեն պատասխանել՝ ո՛չ Գլխավոր դատախազությունը, ո՛չ Փաստաբանների պալատը, և այլն»,- մանրամասնեց փաստաբանը:

Միջազգային իրավունքի մասնագետն այս իրավիճակում թեև ուղենշային է համարում ՄԻԵԴ կողմից կայացված որոշումները, սակայն նկատում է՝ գործերը քննվում են շատ դանդաղ:

«Բոլոր գործերով Եվրոպական դատարանում գործերը քննվում են, սակայն շատ դանդաղ. այսինքն,  դատավարությունները վաղուց ավարտված կլինեն՝ մինչև Եվրոպական դատարանը նույնիսկ առաջին քայլերը ձեռնարկի: Ուստի այստեղ պետք է ապավինել կիսաիրավական և առավելապես մոնիտորինգային մարմինների որոշումներին:

Օրինակ, մենք տեսանք, որ Ադրբեջանը հայտնվեց նոր տեսակի մոնիտորինգի տակ ԵԽԽՎ, որը հանձնարարեց Նախարարների կոմիտեին էթնիկ զտման հիմքով մոնիտորինգ իրականացնել. դա, բնականաբար, շատ անցանկալի է Ադրբեջանի համար, որովհետև նշանակում է՝ մի ամբողջ հանձնաժողով է ձևավորվում տվյալ հարցի համար:

Հիմա գուցե կարելի է նաև այդ հարցը շարունակաբար բարձրացնել ԵԽԽՎ-ում, Նախարարների կոմիտեում՝ կոնկրետ զինվորականների, քաղաքական անձանց դատավարությունների առումով, որ շարունակական նրանց հիմնական իրավունքները՝ փաստաբանի, արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու իրավունքը, չի հարգվում:

Ընդ որում, Եվրոպական դատարանը Սարիբեկյանի գործով նշել է դրա անհրաժեշտությունը նույնպես.  դա է պատճառը, որ իրենք հիմա փորձում են գոնե իմիտացիա անել՝ թույլ տալ հարազատներին զանգել, հրաժարվել փաստաբանից: Ես, տասը տարի է, նրանց հետ դատավարությունների եմ եղել, նման բաներ չեն եղել. սա մեծամասամբ, այնպես չէ, որ մի գիշերվա մեջ նրանք սովորեցին դա հարգել, այլ իմիտացիոն գործողություններ են»,- ամփոփեց Արա Ղազարյանը:

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի ծնողների բողոքի հիման վրա հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել: Արձանագրվել է Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտում. մասնավորապես, Ադրբեջանը խախտել է Կարեն Ղազարյանի՝ խոշտանգումների արգելքի (3-րդ հոդված), Ազատության և անձնական անձեռնմխելիության (5-րդ հոդված՝ մի քանի կետերով) իրավունքները: Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վճարել 10 հազ. եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 3225 եվրո՝ փաստաբանական ծախսերի համար:

Կարեն Ղազարյանը, երկու տարի է՝ Ադրբեջանում է, նրա ծնողները ՄԻԵԴ էին դիմել 2018-ին՝ Եվրոպական դատարանին հայտնելով, որ իրենց որդին ունի հոգեկան առողջության խնդիրներ: Կարենը 2018թ. հուլիսի 15-ի գիշերը դուրս է եկել Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում գտնվող իրենց տնից և չի վերադարձել։

Հիշեցնենք նաև՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարիի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում:

Այդ ժամանակվանից Խաչատրյանն ապօրինի կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Նրան ներկայացվել են «ցեղասպանության» մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել 20 տարվա ազատազրկման կամ ցմահ ազատազրկման: Առաջին դատական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին:

Տեսանյութեր

Լրահոս