Այս ժամանակահատվածում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դեպքեր. «Միասնության թևեր»-ն ամփոփել է քարոզարշավի մշտադիտարկման արդյունքները
«Միասնության թեւեր»-ն ամփոփել է Վաղարշապատի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մշտադիտարկման արդյունքները և հրապարակմամբ մանրամասնել.
««Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը ամփոփել է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 13-24-րդ օրերի՝ նոյեմբերի 3-14 ժամանակահատվածի, մշտադիտարկման արդյունքները։
Այսպես, ուսումնասիրվել է ընտրություններին մասնակցող բոլոր 8 քաղաքական ուժերին վերաբերող 450-ից ավելի մամուլի և սոցիալական ցանցերի հրապարակում։ Տարածված հիմնական խախտումները շարունակում են մնալ չնախատեսված վայրերում քարոզչական տպագիր նյութի տեղադրման դեպքերը։
Օրինակ, «Ժառանգություն» կուսակցության թեկնածուն հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պաստառները փակցված են կոպիտ խախտումներով, իսկ «Հաղթանակ» դաշինքի թեկնածուն դժգոհում է նախընտրական պաստառների բաշխումների հարցում խտրական վերաբերմունքից։
Դիտարկվող ժամանակահատվածում ամենակնառու դեպքը Գեղակերտի դպրոցի տնօրեն, Վաղարշապատի 14/27 ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանի կողմից Վաղարշապատի բնակիչներին օգնություն բաժանելն է եղել բարեգործական հասարակական կազմակերպության անունից։
ԶԼՄ-ների այս հրապարակումներից հետո վերջինս Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ ձերբակալվել է, ապա նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանքը որպես խափանման միջոց։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ վերոհիշյալ դեպքը ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ և 6.1.-ին մասերով արգելված գործողություն է։
Այս ժամանակահատվածում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դեպքեր, որոնցից առաձնացրել ենք ասֆալտապատման աշխատանքների իրականացումը և նորակառույց մանկապարտեզների բացումը՝ որպես քարոզչության գործիքների օգտագործում:
Այսպես. «Մայր Հայաստան» դաշինքը և մի քանի լրատվամիջոցներ հայտնել են, որ «Վաղարշապատի համայնքապետարանը մի շարք բնակավայրերում իրականացնում է հապճեպ, մասնագիտական տեսանկյունից չհիմնավորված ասֆալտապատման աշխատանքներ», որոնք, ըստ տեղեկությունը հայտնողների, «չեն համապատասխանում շինարարական նորմերին և կարող են դիտարկվել որպես նախընտրական կաշառք»։
Վերջին օրերին ՏԿԵՆ-ի և Արմավիրի մարզպետարանի սոցիալական ցանցերի էջերում լայնորեն լուսաբանվել է նաև Կառավարության և համայնքային համաֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի բացումը Էջմիածին քաղաքում։
Նմանօրինակ վարքագծի դրսևորումը խնդրահարույց է և կարող է դիտարկվել որպես քարոզչություն՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի, հատկապես, եթե նկատի ունենանք, որ օրեր անց՝ 12.11.2025-ին, Արգիշտի Մեխակյանը տեսանյութ է հրապարակել՝ մանկապարտեզի ֆոնին հանդես գալով ուղերձով:
Հարկ ենք համարում նշել, որ Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» (Վենետիկի) հանձնաժողովի «Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման մասին» 2013թ. զեկույցում (այսուհետ նաև՝ Զեկույց) անդրադարձ է կատարվել համանման դեպքերին:
Մասնավորապես՝ Զեկույցի 102-րդ կետի համաձայն՝ ընտրական գործընթացների ընթացքում ընտրված պաշտոնյաների և բարձրաստիճան պետական ծառայողների կողմից վարչական ռեսուրսների օրինական օգտագործում կարող է լինել այն դեպքում, երբ քաղաքական հարթակը (ինչպես նաև դրա իրականացման միջոցառումները՝ օրինակ՝ հանրային շենքերի բացումներ, նոր պետական ծրագրերի մեկնարկ, պետական հատվածում աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացում և այլն) ծագում է երկարաժամկետ հաստատված ծրագրից։
Այդպիսի ծրագիրը պետք է հաստատված լինի կամ օրենսդիր մարմնի (կամ մանդատ) սկզբում, կամ բյուջետային տարվա սկզբում։ Բացի այդ, նման քաղաքականության արդյունքները չպետք է դիտավորությամբ երևան ընտրական գործընթացների ընթացքում, այսինքն՝ դրանք չպետք է ծառայեն որպես ընտրական առավելություն։ Օրինակ՝ հանրային շենքերի բացումների քանակը ընտրությունների ժամանակ պետք է լինի նույն մակարդակի, ինչ մյուս ժամանակահատվածներում։
Ընտրական գործընթացը չպետք է դառնա այն պահը, երբ սկսվում են նոր ծրագրեր կամ իրականացվում են բյուջետային ազդեցություն ունեցող գործողություններ, որոնք նախապես չէին պլանավորվել։ Այդպիսի նոր նախաձեռնությունները կարող են ավելի հեշտորեն որակվել որպես վարչական (ոչ նյութական) ռեսուրսների չարաշահում։
Վերոգրյալի համատեքստում սույն քարոզարշավի շրջանակներում պաշտոնատար անձանց կողմից կառավարության և/կամ համայնքային բյուջեով նախատեսված դրական արդյունքների ընդգծված ցուցադրումը և դրանք որպես ընտրական առավելություն օգտագործելը` վկայում է ոչ նյութական վարչական ռեսուրսների չարաշահման մասին և անհավասար պայմաններ է ստեղծում ի համեմատ մյուս մրցակիցների:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվում ասֆալտապատման աշխատանքների կատարումը կամ դրանց կատարման մեկնարկի մասին հավաստող գործողությունների կատարումը վկայում է այդ աշխատանքների՝ ոչ այնքան կարիքի, որքան քաղաքական մոտիվացվածության մասին:
Վերը հիշատակված երկու դրվագները քաղաքական օպորտունիզմի և «մեղմ ընտրակաշառքի» օրինակներ են` պայմանավորված այն հանգամանքով, որ «ստեղծված» և կատարման ենթակա աշխատանքները թեկնածուներն օգտագործում են որպես առավելություն և դրսևորում այդ առիթից օգտվելու գիտակցական քաղաքականություն և գործելակերպ:
Նախընտրական քարոզարշավի մշտադիտարկվող այս ժամանակահատվածում ինչպես մամուլում, այնպես թեկնածուների կողմից եղել են ահազանգեր՝ քաղաքացիներին քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատելու կամ հարկադրելու վերաբերյալ։ Այսպես, օրինակ, «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը կատարել է պնդում այն մասին, որ իր ազգականին՝ Էջմիածին քաղաքի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրենին, աշխատանքից ազատել է Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար, թեկնածու Արգիշտի Մեխակյանը»:
