Շուշիից հրամանատարական կետի դուրսբերման ապահովումն իրականացրել է ՊԲ հրամանատարը. Սեյրան Օհանյան
2023 թվականի սեպտեմբերի 23-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն անդրադառնալով Ստեփանակերտից Երևան իր հասնելուն՝ նշել էր.
«Ես եկել եմ բոլոր քաղաքացիների նման, իջել, բարևել բոլոր ադրբեջանցի ոստիկաններին՝ կանգնած, 15 մետր անցել, նորից ոստիկանի բարևել, նստել մեքենան, շարժվել։ Ինչո՞ւ եմ ես վստահ գնացել։ Ես իմ վրա վստահ եմ եղել, եկեք չասեմ՝ ինչի էի վստահ, ոնց։ Բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեն դիմել Ադրբեջանին, իմ անցնելու տեսանյութերը վերցնեն, հրապարակեն։ Եթե մի բան իմ ասածից իրականության հետ չհամապատասխանի, ինչ ասեն, ճիշտ են ասում, իսկ եթե համապատասխանի… Էդ մարդիկ եղել են մի 30 տարեկան (նկատի ունի ադրբեջանական անցակետի աշխատողներին), որոնք ինձ չէին էլ կարող ճանաչել։ Անձնագիր ոչ մեկինը չէին նայում։ Իջնում ես, վարորդը բացում է բագաժնիկը, նայում են, սկաներով անցնում, նստում մեքենան։ Բոլորը մտահոգ են՝ ես ինչու անցա, ոնց անցա։ Կա տեսաժապավեն, ես մասկիրովկա չեմ արել, ես սպարտիվնի հագած, մի կուրտկայով եկել եմ։ Տեսաժապավենով տեսնելու եք, որ էդ մարդիկ ինձ չեն ճանաչում, չեն իմացել ինձ»։
Այս հայտարարությունից օրեր հետո՝ սեպտեմբերի 27-ին, Հակարիի կամրջի մոտից ադրբեջանական համապատասխան մարմինների կողմից առևանգվեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը:
Ավելի ուշ Ադրբեջանը առևանգեց, ձերբակալեց և կալանավորեց Արցախի նախկին ղեկավարներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին:
Իսկ սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ, մասնավորապես, նշել էր.
«Հայաստանի Հանրապետության իշխանությունը, համագործակցելով միջազգային համապատասխան ատյանների հետ, պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ քաղաքական, իրավական բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու պահանջով:
Սակայն ինչպես տեսնում ենք, նրանց սատելիտներն ու քաղաքական դերակատարում ունեցող կերպարներն իրենց պոռոտախոս, արկածախնդիր հայտարարություններով ավելի սրում, բարդացնում են իրավիճակը։ Իսկ ամենամեծ սրիկայությունն այն է, երբ ինչ-որ մեկը ճողոպրում, անցնում է վտանգավոր ճանապարհով և անմիջապես իրենից հետո «ականապատում» այն՝ հարվածի տակ դնելով հազարավոր մարդկանց, ովքեր, նույն դժվարություններն ու զրկանքները հաղթահարելով, պետք է անցնեն այդ ճանապարհով։
Մեր հազարավոր հայրենակիցներ դեռևս գտնվում են Արցախում, և եթե Հայաստանի օրվա իշխանությունները հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իրենց օրինական, բարոյական պարտականությունից, ապա պարտավոր են գոնե թույլ չտալ անգրագետ, սադրիչ մեկնաբանությունների տարածումը, որով կարող են թիրախավորել նրանց»։
Հրամանատարական կետի դուրսբերման ապահովումն իրականացրել է ՊԲ հրամանատարը
Հոկտեմբերի 3-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Սամվել Բաբայանը նախ նշել էր, որ ինքը Երևան գալուց հետո 2 օր լռել է, և լրատվամիջոցներն են իրենից առաջ խոսել, թե ինչպես է ինքը Արցախից եկել, այնուհետև արձագանքել էր Սեյրան Օհանյանի այս հայտարարությանը և, ըստ էության, գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ հայտնել.
«Էդ անձը չի հասկանում, որ ամսի 4-5-ը Շուշիում գտնվելով, պարոն Բաբայանն է ասել, որ տանկը, ԲՄՊ-ն բարձրանա իրան հանի էնտեղից, թե չէ «ականապատ» մնում էր էդ բունկերում: Նկատի ունեմ նրան, ով էդ մասին խոսել է, այո, Սեյրան Օհանյանին»:
Արդյոք ճի՞շտ է այլ անձի վերաբերյալ նման հայտարարություն անելը, և արդյո՞ք Սեյրան Օհանյանը տեղյակ է եղել սրանից:
168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Շուշիի հրամանատարական կետը հանվել է ՊԲ հրամանատարի որոշմամբ, և, որ ինքն այնտեղից, որտեղ որպես կամավոր էր գտնվում, դուրս է եկել 2020 թվականի նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան, ժամը 5։30-5:40-ի սահմանում:
«Հրամանատարական կետը ՊԲ հրամանատարն է հանել: Այսինքն, հրամանատարական կետի դուրսբերման ապահովումը՝ տանկ, կրակ և այլն, իրականացրել է ՊԲ հրամանատարը: Ես այդ ժամանակ Արայիկ Հարությունյանի հետ եմ մի քանի անգամ կապ հաստատել, իսկ թե այնտեղ իրար հետ ինչ են արել, ինչ չեն արել, ինչ են խոսել, ես տեղեկություն չունեմ»,- ասաց նա:
Հայաստանն ունեցել է պաշտպանական համակարգը վերականգնելու հնարավորություն
168.am-ը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ զրուցել է նաև այլ հարցերի շուրջ:
– Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանձնել Տավուշի գյուղերը, ավելին, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի, զորքի հետքաշման արդյունքում մենք նաև դիրքեր ենք կորցնելու՝ և՛ Տավուշի հատվածում, և՛ նախիջևանյան թևում, որտեղ մենք գերիշխող դիրքում ենք: Ի՞նչ ռիսկեր է սա ենթադրում՝ ռազմական, ռազմավարական առումով: Օրինակ, նախիջևանյան թևում Ձեր պաշտոնավարման օրոք ենք ունեցել լուրջ դիրքային բարելավումներ:
– Այս իրականության մեջ խոսել որևէ դիրքից հետքաշման մասին, եթե անգամ խոսքը, այսպես ասած, անկլավների մասին է, ճիշտ չէ: Դրա մասին խոսում են մարդիկ՝ այս իշխանությունները, որոնց ղեկավարման ժամանակ հետևողականորեն մենք անհաջողություններ ենք ունեցել: Առաջին, դա 2018-2020 թվականներին բանակցային գործընթացի տապալումն էր, երկրորդ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտությունը, երրորդ՝ դրանից հետո Ադրբեջանի հետևողական սադրանքները, առաջխաղացումները և ռազմավարական այն կարևոր կետերի վերահսկողության տակ վերցնելը, որոնց մեջ են բարձունքներ, Սև լիճ, ճանապարհային հատվածներ և այլն, չորրորդը ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն էր՝ և Պրահայում, և՛ Գրանադայում:
Եվ այս ամենի շրջանակում տեսանք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների շարունակությունը, որի ավարտը տեսանք, թե ինչ ողբերգական իրավիճակի հանգեցրեց ՀՀ-ի և Արցախի համար: Արցախը հայաթափվեց, և ցեղասպանություն իրականացրեց Ադրբեջանը: Այս ամենով հանդերձ և այս պայմաններում գնալ որևիցե քայլի՝ լինի դա խաղաղության օրակարգ, լինի սահմանազատում և սահմանագծում, թե «անկլավների» հանձնում, գտնում եմ, որ անընդունելի է:
ՀՀ-ի և Արցախի իշխանությունները պետք է մտածեն, որ արցախյան հակամարտությունը լուծված չէ, միջազգային հարթակում բանակցությունների շարունակությունն այլընտրանք չունի: Իսկ Ադրբեջանի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը, Արցախի նկատմամբ ցեղասպանությունը բերում են նրան, որ նա հետևողականորոն սեղմում է օղակն Արցախի և ՀՀ-ի շուրջ: Սա խոսում է նաև նրա մասին, որ Ադրբեջանը խախտում է բոլոր պայմանավորվածությունները, այսինքն, Ադրբեջանը պայմանագրաունակ պետություն չի: Այս պարագայում «անկլավների», ճանապարհային հատվածների տալու, հետ քաշվելու մասին խոսակցություններ կարող են վարել մարդիկ, որոնք ադեկվատ չեն այն իրականությանը, որն այսօր տիրում է ՀՀ-ում և ՀՀ-ի շուրջը:
– Ռազմական և ռազմավարական առումով ի՞նչ ենք կորցնելու Տավուշի և նախիջևանյան թևում զորքի հետքաշման արդյունքում, Տավուշի գյուղերի և դիրքերի հանձնման, որտեղ մենք, կրկնում եմ, գերիշխող դիրքերում ենք:
– Ոչ միայն ռազմական, ռազմավարական, այլ նաև քաղաքական առումով ենք շատ բան կորցնելու: Տեսեք, Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, որ իրենք վերականգնել են իրենց տարածքային ամբողջականությունը, ամրապնդել իրենց սահմանները և իշխող են ռազմավարական այն բոլոր կետերում, որոնք հենք են հանդիսանում իրենց գործողությունների, կամ կարող էին հենք հանդիսանալ մեր կողմից ռևանշի: Եվ այս պարագայում հավելյալ դիրքեր, բարձունքներ հանձնելու մասին խոսելն անգամ անընդունելի է:
– Դուք լայնամասշտաբ հարձակումն Ադրբեջանի կողմից հավանական համարո՞ւմ եք և ո՞ր ուղղությամբ:
– Մարտական գործողություններ և պատերազմական իրավիճակ միշտ էլ կարող են լինել, մանավանդ, երբ դու գործ ունես մի հակառակորդի հետ, որը խախտում է բոլոր պայմանավորվածությունները: Եվ այսօր նրանք իրենց գաղափարները երկու ուղղությամբ են առաջ տանում՝«Զանգեզուրի միջանցքի» ստեղծման կամ մեծ Թուրանի ճանապարհի բացման, և Տավուշի գյուղերի հարցի:
Եթե Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ Արցախը հանձնվեց, ձեռքերը լվաց, և դրանով ավարտվելու էր ամեն ինչ՝ այդպես չէ։ Հաջորդ իսկ օրերին Ալիևը բարձրացրեց «Զանգեզուրի միջանցքի» և «անկլավների» հարցը: Այս իրականության մեջ ՀՀ միակ ելքը մարտունակ, ամուր բանակ և պաշտպանական կարողություններ ունենալն է:
– Ձեզ համար հասկանալի՞ է՝ այսօր ՀՀ զինված ուժերի առջև ի՞նչ խնդիր է դրված, քանի որ ժամանակ առ ժամանակ, նաև վերջերս, նորից ակտիվացան կրակելու հրաման տալու-չտալու կամ դրանց տվող-չտվողների մասին խոսակցությունները:
– Ես հիմա խորությամբ չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ ՀՀ ԶՈւ-ն պետք է ունենա կիրառման պլան, և դրա համաձայն՝ պետք է ունենա գործողությունների հաջորդականություն՝ մոտակա, հետագա խնդիրներ, հատկապես, երբ Ադրբեջանի զինուժը զբաղեցրել է մեր դիրքերը, նրանք գտնվում են մեր սուվերեն տարածքում: Այսինքն, մեր զինված ուժերը և՛ պաշտպանության խնդիր ունեն, և՛ մեր սուվերեն տարածքից ադրբեջանցիներին հեռացնելու: Բայց թե հիմա քայլերի ինչ հաջորդականություն է պլանավորված, ես չեմ տիրապետում, դա կախված է նրանից, թե զինված ուժերը որքանով են համալրված, համակողմանի պատրաստ, և ինչ ժամկետներում ինչ խնդիրներ կարող են կատարել:
– Մենք բավականին ժամանակ կորցրեցինք՝ 44-օրյա պատերազմից հետո վերականգնելու բանակի ուժերը:
– Իհարկե կորցրեցինք: Հենց 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո, երբ ստեղծվել էր նոր աշխարհագրական դիրքային դասավորվածություն, սահմանային կոնֆիգուրացիա, պետք է ձեռնամուխ լինեինք բանակի համալրմանը, կարևորագույն կետերը զբաղեցնեինք, որոնց մեջ միայն բարձունքները չեն մտնում, այլ նաև ճանապարհներ, բնակավայրեր, օրինակ, ՀՀ-ի համար հատկապես ամենանեղ կետը, որն Իշխանասարի և Նախիջևանի հատվածն է:
Հայաստանն ունեցել է պաշտպանական համակարգը վերականգնելու հնարավորություն: Ինչու, ասեմ՝ ինչպես կարող էինք ճանապարհներ կառուցել, ասֆալտներ անել, բայց չէինք կարող ՀՀ ամբողջ ինժեներական ներուժն օգտագործել պաշտպանությունն ամրապնդելու համար: Այդ ինչպես կարող էին ոստիկանական ուժերը, տարբեր ուժային կառույցների ստորաբաժանումները արագ համալրել, ուռճացրած տեսքով ամեն ինչով հանդերձավորել, բայց բանակը չես կարող համալրել:
Ավելին, այդ ուժային կառույցների աշխատակիցների, ծառայողների աշխատավարձերն առանց որևէ ատեստացիայի բարձրացնում են, բայց տարիներով, ամիսներով խրամատներում տանջվող զինծառայողների աշխատավարձերն ինչ-որ չափով բարձրացնելու համար անիմաստ ատեստացիոն քննություն են անցկացնում, դրա մասին մենք մի առիթով երկար խոսել ենք: Ընդ որում, ստուգողների մեջ այնպիսի մարդիկ են, որոնք բանակին կյանքում մոտիկ չպետք է լինեին:
– Դուք ՀՀ պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանի հետ փորձե՞լ եք հանդիպել, առաջարկներ ներկայացնել, մասնագիտական խորհրդատվություն տրամադրել: Ի վերջո, իշխանափոխությունից հետո Ձեր մասնագիտական աջակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջարկել եք, չէ՞:
– Այո, 2018 թվականից էլ ես միշտ առաջարկել եմ, պատրաստ եմ, որովհետև 2018 թվականի փոփոխությունները ժողովրդական պահանջ էին, և ժողովրդին աջակցելու տեսանկյունից էինք նայում, ասել եմ՝ պատրաստ եմ խորհուրդներ տալ: Բայց իմ խորհուրդները չեն ընդունվել, 2020 թվականի պատերազմի ժամանակ, լինելով այնտեղ, փորձել եմ աջակցել, խորհուրդներ տալ՝ ելնելով իմ հնարավորություններից և մասնագիտական կարողություններից, իսկ պատերազմից հետո, եթե խոսքը գնում է Սուրեն Պապիկյանի մասին, ապա 1-2 անգամ հանդիպել եմ, ԳՇ-ին եմ ես նաև առաջարկել, որ պատրաստ եմ խորհուրդներ տալ, աջակցել՝ անկախ նրանից, թե նրանք ո՞ր թիմից են, երբ հարցը վերաբերում է բանակին: Եթե այդ խորհուրդը մեր սահմանից մեր զորքի հետքաշման կանխարգելում կլինի՝ թեկուզ 10 կմ հատվածում, ապա ես պատրաստ եմ խորհուրդ տալ: Բայց նրանք պարփակված և սահմանափակ վիճակում են գտնվում, վերջին ժամանակներում հանդիպումներ չեն ունեցել, իմ խորհուրդ տալու առաջարկություններն էլ չեն ընդունել: