Սրիկայություն է, երբ ինչ-որ մեկը ճողոպրում, անցնում է վտանգավոր ճանապարհով և անմիջապես իրենից հետո «ականապատում». Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանը գրում է. «Խորհրդային միության փլուզմանը զուգահեռ Ստեփանակերտում, միջազգային իրավունքի նորմերին և ԽՍՀՄ օրենքներին համապատասխան, ընդունվել և ԼՂ-ի բնակչության հանրաքվեով ամրագրվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը՝ ձևավորելով իրենց անկախությունը հռչակող մյուս հանրապետություններին իրավահավասար պետություն, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։
Սակայն դրան ադրբեջանական իշխանությունները պատասխանել են պատերազմով, պարտությունից հետո՝ սադրանքներով, իսկ 2020-ին վերսկսելով ռազմական լայնածավալ գործողությունները և բռնազավթելով հայկական Արցախի բնակավայրերը՝ շարունակել էթնիկ զտումների, 2023-ի սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո՝ ցեղասպանության, բռնի տեղահանման քաղաքականությունը` Արցախում ապրող հայ ժողովրդի նկատմամբ, ինչը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի, նյութական ահռելի կորուստների։ Եվ այսօր դեռ փորձում են ապօրինի ձերբակալել Արցախի Հանրապետության պետական գործիչներին:
Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից բարեգործ, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին ազատությունից զրկելը բացահայտ անօրինականություն է, հանցավոր արարք և պետք է արժանանա իրավական խստագույն գնահատականի։
Հայաստանի Հանրապետության իշխանությունը, համագործակցելով միջազգային համապատասխան ատյանների հետ, պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ քաղաքական, իրավական բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու պահանջով:
Սակայն ինչպես տեսնում ենք, նրանց սատելիտներն ու քաղաքական դերակատարում ունեցող կերպարներն իրենց պոռոտախոս, արկածախնդիր հայտարարություններով ավելի սրում, բարդացնում են իրավիճակը։ Իսկ ամենամեծ սրիկայությունն այն է, երբ ինչ-որ մեկը ճողոպրում, անցնում է վտանգավոր ճանապարհով և անմիջապես
իրենից հետո «ականապատում» այն՝ հարվածի տակ դնելով հազարավոր մարդկանց, ովքեր, նույն դժվարություններն ու զրկանքները հաղթահարելով, պետք է անցնեն այդ ճանապարհով։
Մեր հազարավոր հայրենակիցներ դեռևս գտնվում են Արցախում, և եթե Հայաստանի օրվա իշխանությունները հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իրենց օրինական, բարոյական պարտականությունից, ապա պարտավոր են գոնե թույլ չտալ անգրագետ, սադրիչ մեկնաբանությունների տարածումը, որով կարող են թիրախավորել նրանց»։