ԱՄՆ կոնգրեսականներից մեկը հայտարարել է, որ Եգիպտոսը Իսրայելին նախազգուշացրել էր հարձակման մասին, Նեթանյահուն հերքել է դա
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներից մեկի ղեկավարը հայտարարել է, թե Եգիպտոսը ՀԱՄԱՍ-ի հարձակումից երեք օր առաջ նախազգուշացրել է Իսրայելին այդ մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերքել է նման լուրերը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Մենք գիտենք, որ Եգիպտոսն այս իրադարձությունից երեք օր առաջ նախազգուշացրել էր, որ նման բան կարող էր տեղի ունենալ։ Չեմ ցանկանում շատ խորանալ գաղտնի տեղեկությունների մեջ, սակայն նախազգուշացումը տրվել է։ Կարծում եմ՝ հարցն այն է, թե ինչ մակարդակով է դա արվել», – փակ դռների հետևում անցկացված հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը։
Ավելի վաղ Եգիպտոսի հետախուզական ծառայության պաշտոնյաներից մեկը Associated Press գործակալությանը հայտնել էր, որ շաբաթվա ընթացքում Կահիրեն պարբերաբար նախազգուշացրել է իսրայելցիներին, որ Գազայից «ինչ-որ խոշոր բան» է պլանավորվում։
Հոկտեմբերի 11-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս լուրերը որակել է որպես «լիովին կեղծ»։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1200-ի։ Իսրայելը նաև հայտարարել է Գազայի լիակատար պաշարման մասին՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։
Լուսանկարը` TPS IL֊ի