Հայաստանի դեմ մեծածավալ պատերազմ են նախապատրաստում Թուրքիան և Ադրբեջանը. Վարուժան Գեղամյան

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն օրերս ՌԲԿ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ խոսելով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «Մեղրիի երթուղու» մասին:

Լրագրողի հարցին՝ խոսքը «Զանգեզուրի միջանցքի՞» մասին է, Գալուզինը պատասխանել էր. «Խոսքը Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու մասին է, ուստի ես ինձ թույլ եմ տվել օգտագործել «Մեղրիի երթուղի» ձևակերպումը։ Այո՛, Ադրբեջանում այն կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։ Մենք ակտիվորեն օգնում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին համաձայնության գալ։ Մենք կարծում ենք, որ այս համաձայնությունը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար»,- ասել է ռուս փոխարտգործնախարարը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը խոսելով Սյունիքի մարզի շուրջ ընթացող զարգացումների մասին՝ նշեց՝ Սյունիքն աշխարհաքաղաքական մեր գլխավոր ակտիվն է. այդ 40 կիլոմետրանոց բարակ երիզն իր աշխարհագրության բերումով դարձել է Հարավային Կովկասում կարևորագույն կենտրոն։

Կարդացեք նաև

«Ինչ վերաբերում է միջանցքի հարցին, ապա մի կողմում ես ունեմ շատ հարցեր Ռուսաստանի Դաշնությանն առ այն, թե ինչպե՞ս է Ռուսաստանն իր քաղաքականությունը շարունակելու Հարավային Կովկասում Արցախից հետո, մյուս կողմում որպես մասնագետ՝ չունեմ որևէ փաստարկ, ինչը կարող է հիմնավորել, թե ինչո՞ւ է պետք Ռուսաստանին այդ միջանցքը։ Սյունիքով միջանցքն Ադրբեջանն անխափան ցամաքային կապով կապելու է Թուրքիայի հետ։ Հարավային Կովկասում ունենալով նման հենարան՝ Թուրքիան դրանով չի բավարարվելու և ավելի է մեծացնելու իր ազդեցությունը տնտեսական, քաղաքական և այլ առումներով, և Թուրքիայի ազդեցության գոտին ծավալվելով հասնելու է Հարավային Կովկաս»,- մանրամասնեց թյուրքագետը՝ նշելով՝ Թուրքիան հասնելով Հյուսիսային Կովկաս՝ խնդիրներ է ստեղծելու Ռուսաստանի համար, և հենց այդ հանգամանքով պայմանավորված էլ պանթուրքական այդ միջանցքը երկարաժամկետ հեռանկարում ձեռնտու չէ նաև Ռուսաստանին։

Պատմական գիտությունների թեկնածուի խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում, սակայն, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, Ռուսաստանի ուշադրությունն իր համար առաջնահերթություն համարվող Հարավային Կովկասից շեղվել է, ուստի Ռուսաստանն ընտրել է նվազագույն վնասով կառավարման քաղաքականությունը՝ վնասը պահելով իր վերահսկելիության տիրույթում։

«Հենց այս քաղաքականությունից ելնելով՝ ռուսական կողմն ասում է՝ այդ դեպքում, եթե Հայաստանը կողմ է միջանցքին, իրենք գոնե կլինեն դա վերահսկողը, իսկ այն, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը կողմ է, դա ապացուցում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը»,- ասաց Գեղամյանը՝ շեշտելով, որ Թուրքիան և Ադրբեջանը նախապատրաստվում են Հայաստանի դե ֆակտո իշխանությունից բանակցություններով՝ թղթով, միջանցքը չստանալու դեպքում անցնել ռազմական գործողությունների, և դրա մասին էր Ալիևի ասած պլան Բ-ն։

«Հայաստանի դեմ մեծածավալ պատերազմ են նախապատրաստում Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց Գեղամյանը՝ նկատելով՝ ռազմական գործողությունների դեռ չեն դիմում իրանական գործոնով պայմանավորված, ինչը ցանկացած պահի կարող է փոխվել և փոխվել ոչ մեր օգտին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս