Ճգնաժամի վտանգը մեծանում է. Իշխանությունը հայտնվել է հայտնի հեքիաթի հերոսի դերում
Անվտանգային ճգնաժամը քիչ էր, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կանգնեցնում է էներգետիկ ճգնաժամի վտանգի առաջ։ Այն, ինչ տեղի է ունենում աշխարհաքաղաքական կողմնորոշումների վերանայման ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման կամ սրման շրջանակներում, անվերապահորեն տանում է դրան։
Թե սա ի՞նչ է նշանակում Հայաստանի էներգետիկ համակարգի համար, դժվար չէ պատկերացնել։ Շատերը կհիշեն, թե ինչ էր կատարվում Հայաստանում 1990-ականներին, երբ կանգնեցվեց ատոմակայանը, իսկ գազը ստացվում էր ընդհատումներով՝ գազատարի հաճախակի պայթեցումների հետևանքով։
Նույնը կարող է կրկնվել հիմա։ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու՝ Հայաստանի իշխանությունների անթաքույց ձգտումները խնդիրներ են ստեղծելու առաջին հերթին էներգետիկ համակարգի համար։
Հայաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից հայտնի է բոլորին։ Միայն գազամատակարարման դադարեցումն ու ատոմակայանի միջուկային վառելիքի չստացումը բավական է դրա ծավալները պատկերացնելու համար։ Հայաստանը միանգամից կհայտնվի էներգետիկ ճգնաժամի մեջ՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով։
Դեռ չենք խոսում ռուսական կապիտալով Հայաստանում գործող էներգետիկ ոլորտի հայտնի ընկերությունների մասին՝ գազամակատարարման և էներգամատակարարման ցանցերը, արտադրող բազմաթիվ կայանները։
Հայաստանը Ռուսաստանից է ստանում նաև հեղուկ վառելիքի մեծ մասը։ Ընդ որում, արտոնյալ գներով՝ առանց արտահանման մաքսատուրքերի։
Ի դեպ, ռուսական գազը ևս Հայաստանը ստանում է արտոնյալ գներով։ Հիմա այն 1000 խորանարդի համար 175 դոլար է։ Քիչ երկրներ կան, որոնք գազ են ստանում նման գնով։ Հայաստանն այդ երկրներից մեկն է։
Սա անհամեմատ ավելի ցածր գին է, քան առաջարկում են տարածաշրջանի այլ երկրները։ Շատ ավելի ցածր է, քան միջազգային գներն են։
Նաև այդպիսի գնի շնորհիվ է, որ Հայաստանի տնտեսությունը դեռ ինչ-որ կերպ կարողանում է իր ցածր արտադրողականությամբ մրցակցել արտաքին ու ներքին շուկաներում։
Աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխությունից հետո Հայաստանը կարող է զրկվել ռուսական գազն արտոնյալ գներով ստանալու հնարավորությունից։ Եթե, իհարկե, նույնիսկ ընդհանրապես կարողանա ստանալ։
Նիկոլ Փաշինյանի սիրուն աչքերի համար չէ, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում արտոնյալ գներով։ Մատակարարում է՝ որպես ռազմավարական գործընկեր, ինչը մշտապես շեշտվել է գազի գնի շուրջ քննարկումների ժամանակ։ Եթե այդ գործընկերային հարաբերությունները խզվում են, էական չէ, թե ում մեղքով, խզվում են նաև այլ հարաբերությունները։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում հայ-ռուսական քաղաքական հարաբերություններում, կասկած չկա, որ շարունակվելու դեպքում շուտով տեղափոխվելու է այլ հարթություններ։ Ու կարող է այնպես ստացվել, որ Հայաստանը զրկվի ռուսական գազն արտոնյալ պայմաններով ստանալու հնարավորությունից։
Այլ երկրներից նույն գնով գազ ստանալու որևէ տարբերակ չկա։ Իրանական գազը շատ ավելի թանկ է։
Թուրքմենական գազից են խոսում, բայց Թուրքմենստանից գազ բերելն անհույս բան է։ Առաջին անգամ չէ, որ այդպիսի փորձեր արվել են։ Արդյունքը տեսնում ենք։
Իսկ եթե հույսը դրել են Ադրբեջանից կամ Թուրքիայից գազ ստանալու վրա, ապա պետք է գիտակցեն, որ էներգակիրները ցանկացած երկրի համար քաղաքական նշանակություն ունեցող ապրանքներ են՝ իրենց կամքը թելադրելու ու ազդեցության լծակներ ձեռք բերելու համար։
Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների սրացման ֆոնին, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը բարձրացնելու հետ կապված առայժմ տեղեկություններ չկան, սակայն դա չի նշանակում, թե առաջիկայում չեն կարող լինել։ Ճիշտ է, գազի մակարարման գնի վերաբերյալ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի երկարաժամկետ պայմանավորվածություններ, բայց միշտ էլ կարելի է պատճառներ գտնել՝ դրանք խզելու համար։
Ու եթե նման բան լինի, այս անգամ թանկացումը 10 կամ 20, նույնիսկ 50 դոլարով չի սահմանափակվելու։
Իսկ դա նշանակում է, որ շղթան ուղղակիորեն տարածվելու է ամբողջ էներգետիկ համակարգում։ Թանկանալու է ոչ միայն գազը, այլև էլեկտրաէներգիան։
Արևային էներգիան, որը վերջին տարիներին Հայաստանում լայն տարածում է ստացել, երբեք չի կարող հիմնարար կամ կայուն էներգիայի աղբյուր լինել, առավել ևս՝ փոխարինել ջերմային ու ատոմային էներգիային։
Մինչդեռ, այս երկու դեպքում էլ Հայաստանի էներգետիկ համակարգը կախված է հիմնականում ռուսական էներգակիրներից։ Ոչ միայն ներքին սպառման գազն է ռուսական, այլև ատոմակայանի միջուկային վառելիքը։ Եթե գազին փոխարինող այլ աղբյուրներ տեսականորեն կան, ապա միջուկային վառելիքի պարագայում դա էլ չկա։ Այնինչ՝ ատոմակայանն ապահովում է Հայաստանի էներգետիկ պահանջարկի մեկ երրորդից ավելին։ Եթե այնպես ստացվի, որ այստեղ էլեկտրաէներգիայի արտադրության անընդհատության հետ կապված խնդիրներ առաջանան, համակարգը պարզապես կպարալիզացվի։
Ու մինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի էներգետիկի համակարգը մղում է այսպիսի ցնցումների մեջ, վերջին օրերին կրկին ակտիվացել են թուրքական կողմի պահանջները՝ ատոմակայանը փակելու վերաբերյալ։ Այդպիսի պահանջներ, իհարկե, առաջին անգամ չէ, որ ներկայացվում են, միշտ էլ եղել են, բայց նախկինում ու հիմա տարբերությունները շատ մեծ են։ Հիմա Հայաստանն այն վիճակում չէ, որ կարողանա հակադարձել նման պահանջներին։ Հատկապես որ, իշխանություններն ամեն ինչ անում են Թուրքիային հաճոյանալու, առավել ևս՝ չզայրացնելու համար։
Ընդունված է ասել, որ ցանկացած երկրի պարագայում էներգետիկ համակարգը տնտեսության ողնաշարն է։ Հայաստանը ևս բացառություն չէ, և այն, ինչ հավանական է աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխության շրջանակներում, կարող է կոտրել այդ ողնաշարը։ Հայաստանի էներգետիկ համակարգը ճգնաժամի մեջ հայտնվելու վտանգի առաջ է։ Բայց եթե հանկարծ նման բան տեղի ունենա, դա միայն էներգետիկ համակարգով չի սահմանափակվի։
Հայաստանի տնտեսությունը՝ հայ-ռուսակական քաղաքական հարաբերությունների սրման փուլում, արդեն սկսել է կրել դրա հետևանքները. խոչընդոտներ են հայտնվել ռուսական շուկայում հայկական ապրանքների մատակարարումների համար։ Այս փուլում դա վերաբերում է կոնյակին, վաղը կարող է վերաբերել բազմաթիվ այլ ապրանքների։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանի տնտեսության թիվ մեկ շուկան եղել և մնում է ռուսականը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ