Բաժիններ՝

«Փրկիչը մոտ է բոլորին, միայն պետք է նայել Նրան հավատի աչքերով»

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մինչև ձերբակալությունը Իր առաքյալներից երեքի՝ Պետրոսի, Հովհաննեսի ու Հակոբոսի հետ գնաց Գեթսեմանի այգի և ասաց նրանց. «Նստե՛ք այստեղ, մինչև որ գնամ աղոթեմ: Հոգիս մեռնելու աստիճան տխուր է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն հսկեցե՛ք»: Աղոթքից հետո, երբ Հիսուս վերադարձավ առաքյալների մոտ, նրանց քնած գտավ և ասաց Պետրոսին. «Չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ: Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26:36-41): Հավատի մեծ փորձություն էր սպասվում առաքյալներին, այդ պատճառով Տերը հորդորում էր նրանց արթուն մնալ և աղոթել, որպեսզի հաղթահարեն փորձությունը, քանի որ, Տիրոջ խոսքի համաձայն, հոգին կարող է հոժար լինել, բայց մարմինը տկար է (Մատթ. 26:41):

Այսինքն՝ հոգին ունակ է հաղթահարելու փորձությունը, բայց մարդկային բնությունը տկար է և զգոնության ու աղոթքի թուլացման դեպքում ունակ է մեծ անկման: Ուստի, ըստ հայրաբանության, յուրաքանչյուր ոք չպետք է հպարտանա՝ ուշադրություն դարձնելով իր հոգու քաջությանը, այլ խոնարհ լինի՝ տեսնելով իր մարմնի տկարությունը: Մինչ Հիսուս Իր առաքյալների հետ էր, նրանք չէին քնում, բայց երբ մի փոքր հեռացավ նրանցից, չկարողացան մեկ ժամ արթուն մնալ: Ուստի անհրաժեշտ է աղոթել՝ Տիրոջ ներկայության մեջ մնալու և արժանանալու Տիրոջ խոստմանը՝ Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը (Մատթ. 28:20):

Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք, որ զգոնությունն ու աղոթքը հնարավոր չեն առանց մեկը մյուսի: Զգոնությունն առանց աղոթքի երազկոտություն է, աղոթքն առանց զգոնության՝ ինքնախաբեություն, քանի որ աղոթել ու մտքով զգոն չլինել, նույնն է, թե չաղոթել: Խրախուսելով զգոնությունն ու աղոթքը՝ Փրկիչը չի մատնանշում առաքյալներին իրենց անհավատարմությունն ու անշնորհակալ վերաբերմունքն Իր հոգատար սիրո հանդեպ, այլ Նա՝ որպես սիրող Ուսուցիչ, սահմանափակվում է՝ մատնանշելով միայն այն թուլությունը, որ բնորոշ է բոլոր մարդկանց:

Առակներ գրքում կարդում ենք. «Աչքերիդ քուն մի՛ տուր և թարթիչներիդ՝ նինջ, որպեսզի փրկվես, ինչպես այծյամը թակարդից և թռչունը՝ ծուղակից» (Առակ. 6:4): Երբ Հիսուս չարի կողմից փորձվեց անապատում, ցույց տվեց փորձության դեմ պայքարելու և փորձությունից պաշտպանվելու միջոցները: Եկեղեցու հայրերից Տերտուղիանոսն ասել է, որ մարմինը պետք է հնազանդվի հոգուն, թույլը՝ ուժեղին, որ զորանա:

Կարդացեք նաև

Առաքյալները վճռական պահին քուն մտան, քանի որ իրենց մեծ տխրություն էր պատել, նրանք աղոտ, բայց հասկանում էին, որ ինչ-որ սարսափելի ողբերգություն է սպասվում, բայց չգիտեին, թե ինչպես կանխեին այն: Հայտնի է, որ մեծ փորձությունները կարող են հյուծել մարդու նյարդային համակարգը, և մարդը կարող է կորցնել դիմադրելու կամքը և քնին տրվել: Սակայն Տերը հորդորում է առաքյալներին՝ ի դեմս քրիստոնյաների, դժվարին հանգամանքներում չհուսահատվել, այլ ջանասիրաբար հսկել ու աղոթել:

Աստված, տեսնելով մարդու հավատքը, թույլ չի տա, որ նա ուժերից վեր փորձության մեջ ընկնի, այլ անպայման Իր օգնությունը կցուցաբերի: Երբ փորձությունները պատում են մարդու հոգին, նա պետք է առավել աղոթի, որպեսզի աստվածային հատուկ շնորհի արժանանա, ինչի օգնությամբ էլ կկարողանա հաղթահարել ժամանակավոր փորձությունները:

Մարդը պետք է զգոն լինի, որպեսզի պահպանի աստվածային պարգևը, քանի որ մեղքերի մեջ ընկնելուց հետո մեղքը հեռացնում է մարդուց աստվածային շնորհը: Եկեղեցու հայրերն ասում են, որ եթե մարդը թույլ տա, որ մեղքը գործի իր մեջ, ապա պղծում է և՛ մարմինը, և՛ հոգին, ինչի հետևանքով աստվածային շնորհը հեռանում է իրենից՝ թողնելով միայնակ ու մերկ:

Անհնար է, որ մարդկային հոգին չենթարկվի փորձության, այդ պատճառով «Տերունական աղոթք»-ում ասում ենք՝ թույլ մի՛ տուր, որ ընկնենք փորձության մեջ, այլ ազատի՛ր մեզ չարից (Մատթ. 6:13, Ղուկ. 11:4): Սուրբ Գրքում կարդում ենք. «Փորձություն չէ՞ միթե երկրի վրա կյանքը մարդու» (Հոբ 7:1), այսինքն՝ հնարավո՞ր է, որ նրանք, ովքեր գտնվում են փորձության վայրում, չփորձվեն: Եթե Փրկիչն ասեր՝ աղոթեք, որ որևէ կերպ չընկնեք փորձության մեջ, ապա Իր խոսքը, թե՝ արթո՛ւն  մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք, իմաստ չէր ունենա, քանի որ և՛ մարգարեները, և՛ առաքյալները, որ աստվածահաճո կյանքով էին ապրում, շատ ու շատ փորձությունների մեջ ընկան: Այսինքն՝ անհնար է փորձության մեջ չընկնելը, բայց հնարավոր է փորձությունից չհաղթահարվելը: Սրբերն իրենց արյունն էին թափում Քրիստոսին խոստովանելու համար, ենթարկվում էին փորձության, բայց չէին խճճվում փորձության ցանցում:

Ավետարանը գրվել է մարդկանց հոգու շինության, մխիթարության և փրկության համար: Ավետարանի կարևորագույն դասերից մեկն աղոթելն է: Քրիստոս հաճախ էր գիշերները միայնության մեջ աղոթում: Այդ պատճառով էլ հորդորում է և ասում՝ արթո՛ւն եղեք և աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք (Մատթ. 26:41): Մարդիկ մեղանչում են, ունեն հոգևոր և մարմնավոր կարիքներ, փորձությունները շատ են, ուստի պետք է անդադար աղոթել: Ավետարանում կարդում ենք, որ երբ Հիսուս տեսավ առաքյալների աղետալի նավարկությունը ծովի վրա, գնաց օգնության՝ որպես Արարիչ և Տեր, քայլեց ծովի վրայով ինչպես ցամաքի վրայով: Առաքյալները, տեսնելով ծովի վրայով քայլող մարդուն, ինչն անհնար էր, նրան ուրվական համարեցին և վախից բացականչեցին:

Բայց Տերը, որ եկել էր օգնության, հանգստացրեց նրանց՝ ասելով, որ Ինքն է և վախենալու ոչինչ չունեն: Կյանքի ծովում գտնվող քրիստոնյաների վրա հաճախ են թափվում փորձությունների և զանազան կրքերի փոթորիկներ, որ նրանց, ինչպես առաքյալներին, վախի և շփոթության են մատնում: Ուստի պետք է աղաղակել առ Տեր ողջ սրտով, որպեսզի հանդարտվեն հակառակորդի քամիները: Եկեղեցու հայրերն ասում են, որ այդպես միշտ եղել է հավատավորների հետ և այդպես էլ կլինի:

Վերադառնալով ավետարանական պատմությանը՝ տեսնում ենք, որ Պետրոս, ոգևորվելով Տիրոջ խոսքերից, խնդրում է Նրա թույլտվությունը ծովի վրայով քայլելով Իրեն մոտենալ՝ մի պահ մոռանալով իր և Աստվածորդու միջև եղած տարբերությունը: Տերը չի մերժում նրա համարձակությունը և օգնում է Պետրոսին քայլել ջրի վրայով: Բայց Պետրոսի համարձակությունը երկրար չտևեց: Տեսնելով քամու սաստկությունը՝ նա վախեցավ, սկսեց սուզվել և աղաղակեց՝ Տե՛ր, ազատի՛ր ինձ: Հիսուսն իսկույն երկարելով Իր ձեռքը՝ բռնեց նրան ու ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ կասկածեցիր» (Մատթ. 14:22-36):

Ռուս եկեղեցու հոգևորականներից Իոհան Կրոնշտադտացին, մեկնելով ավետարանական այս հրաշքը, ասել է. «Չպետք է զարմանալ, որ Պետրոսի հավատը լիարժեք չէր, քանի որ նա դեռ չէր նորոգվել Սուրբ Հոգու կենարար շնչով և, հետևաբար, ցույց տվեց մարդկային թուլություն: Բայց երբ Սուրբ Հոգին իջավ Պետրոս առաքյալի վրա, նա բոլոր կասկածներից վեր էր և ուներ այնպիսի հավատ, որով հարություն տվեց մահացածին: Պետրոսը սուզվելուն պես սկսեց աղաղակել Տիրոջը փրկության համար: Այժմ շատերն են խեղդվում մեղքերի մեջ և չեն գալիս Փրկչի մոտ ու ասում՝ Տե՛ր, փրկիր ինձ: Փրկիչը մոտ է բոլորին, միայն պետք է նայել Նրան հավատի աչքերով՝ հուսալով, որ նա մեր առջև է և կփրկի, եթե իսկապես փրկություն ենք ուզում: Սովորենք Պետրոս առաքյալից հավատով և հույսով աղաղակել Փրկչին նեղությունների, վշտերի ու մեղքերի մեջ՝ ասելով՝ Տե՛ր, փրկիր ինձ:

Աստծու Որդին աշխարհ եկավ որպես Փրկիչ, որ փրկի մեզ՝ մեղավորներիս: Նա կփրկի քեզ և այն ժամանակ դու կասես Նրան՝ իսկապես Դու Աստծու Որդին ես և սիրով կերկրպագես Նրան»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս