«Եթե եղած ուժերով ու հնարավորություններով միայնակ չմնայինք, վստահ եմ, որ այսպես չէինք ավարտի». Մարատ Հարությունյան

Ադրբեջանի գործողություններն Արցախում ուղիղ էթնիկ զտում ու ցեղասպանություն էր խաղաղ բնակիչների նկատմամբ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության Հանրապետական հիվանդանոցի ուրոլոգ-վիրաբույժ Մարատ Հարությունյանը՝ խոսելով սեպտեմբերի 19-21-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակի մասին։

Մարատ Հարությունյանը և մի խումբ բժիշկներ Արցախից բռնի տեղահանված վերջին բնակիչներից են, քանի որ մինչև վերջին օրը նրանք մնացել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում՝ սեպտեմբերի 25-ին Ասկերանում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած անձանց բուժօգնություն ցուցաբերելու համար։

«Արցախից դուրս ենք եկել սեպտեմբերի 28-ին, երբ այնտեղ շատ քիչ մեքենաներ ու մարդիկ էին մնացել։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած աղետը՝ պայթյունը, մեզ ստիպեց, որպեսզի մաքսիմալ ուշ դուրս գանք Ստեփանակերտից և մեր սուրբ պարտականությունը կատարենք՝ մինչև վերջին վիրավորը և այրվածքով հիվանդը տեղափոխենք։ Վերջին հիվանդին տեղափոխելուց հետո, Ստեփանակերտում՝ իրենց տներում կային մարդիկ, որոնք տարբեր հիվանդություններ ունեին՝ ինսուլտով, սոմատիկ հիվանդություններով, հոգեկան խնդիրներով։ Վերջին 30-40 հոգուն ավտոբուսներով ճանապարհեցինք և միայն դրանից հետո կարողացանք մենք էլ դուրս գալ՝ մեր ընտանիքներով։

Կարդացեք նաև

Գաղթի այդ ճանապարհն անտանելի էր, հատկապես փոքրահասակ երեխաների և մեծերի համար, օրեր էր տևում ճանապարհը։ Մենք՝ բժիշկներով, մի քանի մեքենաներով հավաքվեցինք ու շարժվեցինք, մեզ հետ կային նաև շտապօգնության մեքենաներ, դրանց մեջ նույնպես հիվանդներ կային։ Մեր մեքենաների սկզբում և վերջում կար դեղորայք, ամբողջ ճանապարհին բաժանում էինք՝ ջերմիջեցնողներ, ճնշման դեղեր։ Ճանապարհին մարդիկ ուղղակի ուշագնաց էին լինում՝ թերսնուցումից, գերհոգնածությունից։

Ճանապարհին, ցավոք, ունեցանք նաև մահվան դեպքեր։ Շատ դեպքեր եղել են նաև Հակարիի կամուրջը հաղթահարելուց հետո, երբ անցակետն անցել են, հատկապես տղամարդկանց մեծ մասը՝ սիրտ-անոթային խնդիրներով, նրանց մոտ գրանցվել են ինֆարկտի դեպքեր»,- վերհիշելով գաղթի ճանապարհը՝ պատմեց բժիշկը։

Նրա խոսքով՝ դեռևս սեպտեմբերի 21-ից սկսած՝ մարդիկ մեծ թվով լքում էին Արցախը՝ հաշվի առնելով, որ թշնամին քաղաքի մատույցներում էր։ Ստիպված մարդիկ բռնի գաղթեցին, նրանց հետ միասին՝ նաև բազմաթիվ բուժաշխատողներ։

«Պայթյունից հետո միանգամից երկու՝ և՛ Հանրապետական, և՛ մանկական հիվանդանոցներում վիրավորների մեծ հոսք կար, ով ինչպես կարողանում էր՝ այրվածքներով մարդկանց բերում էր։ Ոմանք նույնիսկ աղետի վայրից ոտքով՝ 9-10 կմ ճանապարհ անցնելով էին այրվելով մի կերպ հասել հիվանդանոց, որպեսզի բուժօգնություն ստանան։ Մենք մի քանի պատերազմներով ենք անցել,  բոլոր պատերազմների ժամանակ ցուցաբերել ենք բուժօգնություն, բայց սա այլ բան էր… մի աղետ էր, արհավիրք, անսպասելի վիճակ էր։ Այրվածքների դեպքում ոչ կարողանում ես վիրահատել, ոչ այլ գործողություն կատարել, արյունահոսություն դադարեցնել, այրվածքները շատ վտանգավոր են»,- շեշտեց Մ. Հարությունյանը։

2016 թվականի ապրիլյան և 44-օրյա պատերազմները և դրան հաջորդած սեպտեմբերի 19-20-ի պատերազմն այնպիսի վիճակներ են ստեղծել, որ բժիշկները, չնայած այդ ամբողջ ընթացքում տեսել են դժոխքը, ստիպված են եղել ցուցաբերել սառնասրտություն, սակայն սեպտեմբերի 25-ի պայթունն ընկճող է եղել, մեծ հարված բոլորին։

«Անզոր էինք մեզ զգում, քանի որ գիտեինք՝ այրվածքների աստիճանը շատ ավելին է, քան այդ պահին տեսնում ես։ Պատերազմի ժամանակ կոնկրետ ես ասում էի, որ սա մի օր ավարտվելու է, ինչքան հնարավոր է՝ պետք է տրամադրվել ու պետք է ավելին անել։ Նույն տրամաբանությամբ արեցինք ամեն բան, բայց արտասուքն աչքերիս, թեթևություն եկավ մեզ վրա, երբ կարողացանք բոլորին տարհանել։

Մարդկանց բռնի տեղահանելուց մեկ օր առաջ տեղի է ունենում այնպիսի պատերազմ, որ թե քաղաքացիական օբյեկտները, թե ամբողջ մեր պաշտպանությունը ենթարկվում է խիստ ագրեսիայի։ Խաղաղ բնակիչներ են զոհվում, զոհվում… Առևանգվածներ, անհետ կորածներ ունենք։ Ունենք դեպքեր, երբ ընտանիքը ճանապարհին իր մեքենայով ամբողջությամբ ենթարկվել է սպանդի, ի՞նչ է սա, իհարկե, սա ցեղասպանություն ու էթնիկ զտում է»,- շեշտեց նա։

Եթե չլիներ սեպտեմբերի 19-ի հարձակումը՝ արցախահայությունը շարունակելու էր ապրել ադրբեջանական շրջափակման մեջ, քանի որ ժողովուրդն արդեն ձմռան վառելափայտի հարցն էր լուծում։

«Ինքնակազմակերպվեցինք, դպրոց էին գնում ոտքով՝ կիլոմետրերով, անձրևի տակ, լույս չկար, հարմարվել էինք։ Հենց այս ամենը բերեց նրան, որ թշնամին տեսավ ու հասկացավ՝ այս ժողովուրդը տեղից շարժվողը չէ, եթե նույնիսկ ճանապարհը բացեր, քչերը դուրս կգային Արցախից, մարդիկ կապրեին իրենց հողում, որովհետև այն սուրբ հող է և որևէ բանի հետ փոխել հնարավոր չէ։ Թշնամին հասկացավ, որ միայն ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ կարող է ժողովրդին հանել, և գնաց այդ կեղտոտ քայլին»,- ընդգծեց նա։

Մարատ Հարությունյանը վստահ է, եթե Արցախին օգնություն տրամադրվեր, ապա Արցախը կմնար, քանի որ հայ ազգը մեկ անգամ արդեն ապացուցել էր, որ ամեն ինչ հնարավոր է։

«Ամեն ինչ կրկին հնարավոր կլիներ, եթե այս ագրեսիայի ժամանակ միայնակ չմնայինք՝ եղած ուժերով ու հնարավորություններով։ Վստահ եմ, որ այսպես չէինք ավարտի։

Միշտ ասել եմ, որ Ադրբեջանի կազմում ինտեգրվելը նշանակում է  թրքանալ, և մեր այս 30-35 տարվա պայքարը կավարտվեր, եթե մենք՝ արցախահայերս, ընդունեինք Ադրբեջանի ինտեգրումը։ Պայքարը չի ավարտվել, որովհետև մենք չենք ընդունել Ադրբեջանի Սահմանադրությունն ու դրոշը»,- եզրափակեց Մարատ Հարությունյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս