«Արցախից դուրս ենք եկել սեպտեմբերի 28-ին, երբ այնտեղ շատ քիչ մեքենաներ ու մարդիկ էին մնացել։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած աղետը՝ պայթյունը, մեզ ստիպեց, որպեսզի մաքսիմալ ուշ դուրս գանք Ստեփանակերտից և մեր սուրբ պարտականությունը կատարենք՝ մինչև վերջին վիրավորը և այրվածքով հիվանդը տեղափոխենք։ Վերջին հիվանդին տեղափոխելուց հետո, Ստեփանակերտում՝ իրենց տներում կային մարդիկ, որոնք տարբեր հիվանդություններ ունեին՝ ինսուլտով, սոմատիկ հիվանդություններով, հոգեկան խնդիրներով։ Վերջին 30-40 հոգուն ավտոբուսներով ճանապարհեցինք և միայն դրանից հետո կարողացանք մենք էլ դուրս գալ՝ մեր ընտանիքներով։
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Հանրապետական հիվանդանոցի ուռոլոգ-վիրաբույժ Մարատ Հարությունյանը նախ ներկայացրեց ընդհանուր իրավիճակը, թե ինչպես են Արցախում բժիշկներն աշխատում շրջափակման պայմաններում և ինչպես են հաղթահարում խնդիրները, ապա հավելեց, որ այս ընթացքում, բնականաբար, բազմաթիվ խնդիրներ են առաջացել, սակայն հիվանդանոցում՝ ամբողջ անձնակազմով հասկանալով խնդիրը, փորձում են մաքսիմալ կենտրոնանալ շտապ դեպքերի վրա, որպեսզի բացթողումներ չունենան։
Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքը փակելու հետևանքով, արդեն 24 ժամ է` Արցախից ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Երևան։