«Ավելի հրեշալի վիճակում ենք, քան երբ պատերազմի վիրավորներին էին բերում. Մեծ մասը ծանր այրվածքներով են». Ուրոլոգ-վիրաբույժ Մարատ Հարությունյան
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Այս մասին տեղեկացրել էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել, և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»,- նշված էր հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Հանրապետական հիվանդանոցի ուրոլոգ-վիրաբույժ Մարատ Հարությունյանը ստեղծված իրավիճակը աղետալի որակեց։
«Արհավիրքի մեջ ենք հայտնվել, հրեշավոր իրավիճակ է, ավելի հրեշալի վիճակում ենք, քան այն ժամանակ, երբ պատերազմի վիրավորներին էին բերում։
Նկատի ունեմ և մարդկանց հոսքը, ծանրության աստիճանը, և քանակը։ Սա ահավոր վիճակ է, տոտալ այրվածքներով, մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում են՝ մահացու ելքերով։ Ունենք անձնակազմի սղության խնդիր, քաղաքացիներն են օգնություն ցուցաբերում, ակտիվ օգնում։ Այս պահի դրությամբ բուժանձնակազմը քիչ է, որովհետև մեծ մասը գաղթի ճանապարհին են գտնվում հենց այս պահին։ Վիճակը սա է, ահավոր է։
Մենք աղոթում ենք, որ եղանակը մի քիչ բացվի, կա որոշակի պայմանավորվածություն, որպեսզի կարողանանք ռուս խաղաղապահների միջոցով հիվանդանոցից տեղափոխենք մարդկանց։ Մեզ մոտ տուժածների մեծ մասն է գտնվում՝ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում են։ Շատ քիչ մասն է, որ միջին կամ թեթև այրվածք են ստացել, մյուսները 40 տոկոս կամ ավելի այրվածքներով են»,- նշեց բժիշկ Մարատ Հարությունյանը։
Բժշկի խոսքով՝ բուժօգնության համար առաջնային անհրաժեշտության պարագաներն ունեն, պարզապես տուժածների քանակը շատ է՝ հարյուրներով են, իսկ բուժանձնակազմը՝ քիչ։