«Բոլորը կազմ-պատրաստ են, ինչպես պատերազմի ժամանակ՝ գիտենք ինչի համար ենք այս ամենը անում, և դա է մեզ ուժ տալիս, որպեսզի պայքարենք». Մարատ Հարությունյան

Արդեն 68-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից: 120 հազար արցախահայեր գտնվում են հումանիտար աղետի մեջ։ Այս ամբողջ ընթացքում միայն Կարմիր խաչի միջնորդությամբ է հաջողվել Արցախից հարյուրավոր բուժառու տեղափոխել Երևան, այդ թվում՝ երեխաներ, որոնք գտնվում էին ծանր վիճակում, և անհրաժեշտ էր անհապաղ բուժօգնություն ցուցաբերել, ցավոք, եղել են նաև այնպիսի հիվանդներ, որոնց կյանքը չի հաջողվել փրկել։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Հանրապետական հիվանդանոցի ուռոլոգ-վիրաբույժ Մարատ Հարությունյանը նախ ներկայացրեց ընդհանուր իրավիճակը, թե ինչպես են Արցախում բժիշկներն աշխատում շրջափակման պայմաններում և ինչպես են հաղթահարում խնդիրները, ապա հավելեց, որ այս ընթացքում, բնականաբար, բազմաթիվ խնդիրներ են առաջացել, սակայն հիվանդանոցում՝ ամբողջ անձնակազմով հասկանալով խնդիրը, փորձում են մաքսիմալ կենտրոնանալ շտապ դեպքերի վրա, որպեսզի բացթողումներ չունենան։

«Ցրտի պատճառով վերջին շրջանում հիմնականում ունենում ենք այրվածքների աճ՝ թերմիկ այրվածքների՝ կապված եռացրած ջրի հետ։ Շատ դեպքերում ավելի երիտասարդ տարիքի կանայք և աղջիկներ ունենում են այրվածքներ, որովհետև բնակարաններում լույս չկա, և շփոթվելու պատճառով նման խնդիրներ ենք ունենում։ Ինչպես նաև ունենում ենք շատ խնդիրներ՝ կապված վերին շնչուղիների վարակի հետ։ Ընդհանուր ցուրտ է, և տնային պայմաններում ջերմային ռեժիմը չի պահպանվում, փորձում են փայտե վառարաններով հնարավորինս տաքացնել բնակարանները, հովհարային անջատումները շատ են, հնարավոր չի լինում լիակատար ջերմություն պահել՝ գոնե 18-19 աստիճան,  ուստի ունենում ենք շնչուղիների հետ կապված, նաև վիրուսային հիվանդություններ»,- իրավիճակի մասին մանրամասներ ներկայացրեց Մարատ Հարությունյանը։

Ըստ նրա, այս ամենով հանդերձ, կատարվում է մեծ ծավալով աշխատանք, հիվանդանոցն աշխատում է։ Պլանային վիրահատություններ կատարելու համար չկան հնարավորություններ, ուստի նման վիրահատություններ չեն կատարվում և եղած ռեսուրսներն ուղղում են շտապ դեպքերին։

Կարդացեք նաև

«Ունենում ենք նաև ուշացած դեպքեր, որովհետև հեռու լինելով, մեր հիվանդները գյուղերից 1-2 օր հետո, ուշ են հասնում հիվանդանոց։ Նրանք ունեն դիզվառելիքի խնդիր, մեքենաները չեն կարողանում ազատ շարժվել, այդ պատճառով էլ ունենում ենք ուշացած դեպքեր՝ շատ դեպքում մարդկանց կյանքին վտանգ է սպառնում։ Փորձում ենք հիվանդանոցում բոլոր հնարավոր եղանակներով ջերմությունը պահել, որպեսզի դիմադրողականությունը թուլացած, վիրահատված, ավելի շատ նաև վերակենդանացման բաժնում գտնվող մեր հիվանդներին կարողանանք մաքսիմալ բուժօգնություն ցուցաբերել։ Այսինքն՝ փորձում ենք խնդիրները լուծել։ Բլոկադայի երկարացման հետևանքով խնդիրներն ի հայտ են գալիս նաև այլ տեսանկյունից»,- հավելեց մեր զրուցակիցը։

Բժշկի խոսքով՝ շրջափակման պայմաններում բոլոր բժիշկները մեկ օր չեն բացակայել հիվանդանոցից, բոլորն էլ աշխատանքի են գնում, այդ թվում՝ միջին բուժանձնակազմը։

«Այս առումով բոլորը կազմ-պատրաստ են, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ շրջափակման պամաններում, սա ընդունելով՝ որպես հերթական մարտահրավերը։ Դիմակայում ենք ամեն ինչին ու փորձում հաղթահարել ստեղծված իրավիճակը, դեռ կարողանում ենք, հույսներս չենք կորցնում։ Գիտենք՝ ինչի համար ենք այս ամենը անում, և դա է մեզ ուժ տալիս, որպեսզի պայքարենք։

Նման պայմաններում, երբ   կա փայտի, սննդամթերքի խնդիր, գնումները կտրոնների միջոցով են իրականացնում, կարևոր հարցերից մեկը նաև ուսման խնդիրն է, և այլն, բայց այս բոլորի հետ մեկտեղ՝ բժշկությունը երևի ամենակարևոր տեղն ունի հանրության մեջ։ Մարդիկ, այդքան խնդիրների հետ միասին, երբ դիմում են հիվանդանոց, գոնե այդ հարցը պետք է փորձենք մաքսիմալ կարգավորել, որպեսզի դա էլ խնդիր չառաջացնի, և մարդիկ այդ վիճակում ևս մեկ հիասթափություն չապրեն։ Մենք ինքներս, մեր անձնական կյանքում, ընտանիքներով փորձում ենք ուղղորդվել դրանով, որ մեր մասնագիտությունն այնպիսին է, որ մենք պարտավոր ենք ուղղակի հասկանալ այդ ամենը, այլապես չպետք է զբաղվենք այդ մասնագիտությամբ։ Պետք է աշխատենք՝ պանիկաներին չտրվելով, որպեսզի մեր քաղաքացիները մեզ նայելով՝ հասկանան՝ կյանքը շարունակվում է, և այս դժվարություններն էլ կանցնեն»,- շեշտեց բժիշկ Հարությունյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ դեղատներում դեղի խնդիր չկա, խրոնիկ հիվանդությունների համար դեղորայք նույնպես կա, ինքն Արցախ է հասել Կարմիր խաչի և ռուս խաղաղապահ զորքի միջնորդությամբ։ Դեղորայքն Արցախ հարցնելու խնդիրն առաջնահերթ է  լուծում ստացել, ինչը, բժշկի կարծիքով՝ ճիշտ որոշում էր։

Տեսանյութեր

Լրահոս