Հռոմի ստատուտն ընդունելով՝ Հայաստանը թշնամանում է միանգամից երկու երկրների՝ ՌԴ-ի և Իրանի հետ. քաղաքագետ

ՀՀ ԱԺ խորհրդի որոշմամբ, այսօր, ԱԺ-ում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման նախագծի քննարկումն անցկացվել է առանց ընդդիմության մասնակցության: Քվեարկության ժամանակ, սակայն, ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին՝ հայտարարելով, որ այն հակասահմանադրական է:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հռոմի ստատուտը:

ԱԺ-ում վավերացման դեպքում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում:

Միջազգային քրեական դատարանի հիմնած ստատուտն ընդունվել է Հռոմում՝ 1998 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսում: Ուժի մեջ է մտել 14 տարի անց՝ 2002 թվականի հուլիսի 1-ից:

Կարդացեք նաև

Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի այդ կանոնադրությունը ստորագրել էր դեռևս 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացը սառեցվել էր 2004թ.-ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։

Հետագայում, ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված, Փաշինյանի ղեկավարած կառավարությունը վերսկսեց գործընթացը՝ ևս մեկ անգամ այդ հարցով դիմելով Սահմանադրական դատարան:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը 168.am-ի հետ զրույցում Հռոմի ստատուտի ընդունումը ոչ միայն անօգուտ, այլև Հայաստանի համար առավել վնասաբեր գնահատեց: Նրա խոսքով՝ Ստատուտը, Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից հաստատված չլինելով, չի տարածվում այդ երկրների վրա և որևէ ձևով չի կարող՝ իրագործած հանցագործությունների համար երկրներին պատասխանատվության կանչելու հիմք դառնալ:

«Բավական է մոլորեցնել ու խաբել Հայաստանի բնակչությանը: Եթե մի պետություն չի մտնում մի կառույցի կամ համակարգի մեջ, ապա որևէ ձևով պարտավոր չէ կատարել ինչ-որ մի կառույցի հրահանգները կամ կոչերը: Ու եթե դուք (դիմում է ՀՀ իշխանություններին.- Ն.Ս.) շարունակում եք կեղծ քարոզչություն անել, թե իբր դա կօգնի որոշակի գործընթացներ իրականացնելու հարցում, ապա դուք առնվազն թուրք եք»,- ասաց նա՝ հավելելով, որ այսպիսով, ՀՀ իշխանությունները, ըստ էության, օգնում են թշնամական կողմին՝ ժխտել իրագործած ոճրագործությունների փաստը:

Այս առումով, քաղաքագետը տեղի ունեցող գործընթացներում զուգահեռներ տարավ Կիպրոսում տեղի ունեցածի հետ: Նրա խոսքով՝ եթե ՆԱՏՕ և ԵՄ անդամ Հունաստանին այդպես էլ անցած 50 տարիների ընթացքում չհաջողվեց որևէ հաջողության հասնել Կիպրոսը թուրքական ազդեցությունից զերծ պահելու հարցում, Հայաստանը որևէ խնդրի լուծման չի կարող հասնել, եթե ավելի չբարդացնի արդեն իսկ առկա խնդիրները:

Հիշեցնենք, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկին ՀՀ իշխանությունների հայտարարությանը գրեթե զուգահեռ, ՄՔԴ-ն հայտարարեց ՌԴ նախագահի ձերբակալման որոշման վերաբերյալ: Ըստ այդմ, ստատուտն ընդունած յուրաքանչյուր երկիր պարտավորություն է ստանձնում ձերբակալելու իր տարածք այցելած ՌԴ նախագահին:

Այս համատեքստում, օրերս, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացման թեմային, հայտարարել էր, որ Հայաստանի կողմից դրա վավերացումը ռուսական կողմը դիտարկելու է՝ որպես թշնամական քայլ:

«Ցանկացած մեկը, որ այդպիսի կանոնադրություն է ընդունում, լինի Հայաստանը թե մեկ այլ երկիր, ՌԴ-ի կողմից ընկալվում է՝ որպես իր դեմ քայլ արած երկիր: Սա մեզ համար հատկապես վտանգավոր է մեր երկրում առկա այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Եթե սրանց թվում է, թե բնակչությանը խաբելով կարող է երկարաձգել իրեն իշխանություն կոչվածը, ապա մյուս երկիրն այլևս որևէ պարտավորություն չի ստանձնելու օգնության ձեռք մեկնել օրհասական պահին»,- ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է կանոնադրության մեջ առկա հոդվածին, որով Հայաստանը կարող է նաև չձերբակալել ՌԴ գործող նախագահին՝ Շաքարյանցն ասաց, որ ռուսական կողմը դեմ է «կարող է չձերբակալել» կարգավիճակին:

«Երևանյան այդ էժան խորամանկությունները չեն անցնում ո՛չ Թեհրանում, ո՛չ Մոսկվայում: Իսկ Թեհրանի անունը հիշատակեցի, որովհետև Հռոմի ստատուտը Հայատանում ընդունել համոզող այդ նույն ուժերը հայտարարեցին, թե իրանական ԶՈՒ բաղկացուցիչ մասը հայտարարվի ահաբեկչական կազմակերպություն, որոնց Ամերիկայի և Իսրայելի ներկայացուցիչ Արևմուտքի ստրուկները ցանկանում են ձերբակալել: Ստացվում է, որ այս կեղծ ստատուտն ընդունելով՝ դու միանգամից երկու թշնամի ես ձեռք բերում՝ ՌԴ և Իրան»,- ասաց նա:

Շաքարյանցը նաև տեսակետ հայտնեց, որ ՀՀ իշխանությունների այս գործողությունների ֆոնին առաջիկայում չեն ուշանա նաև ՌԴ-ի կողմից հնարավոր քայլերը՝ Հայաստանի դեմ: Ըստ նրա՝ այդ երկրի ձեռքին են Հայաստանի գրեթե բոլոր ենթակառուցվածքների ու տնտեսական հիմնական ոլորտների կառավարումը:

«ՀՀ իշխանությունների գործողությունների մասով ՀՀ վերջին արձագանքներին բոլորս ականատես դարձանք: Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե ՌԴ-ն որոշի թանկացնել, օրինակ՝ գազի գինը: Էստեղ բնակիչները պարզապես ի վիճակի չեն լինի վճարել: Քաղաքական բարդ իրավիճակին զուգահեռ՝ կսկսվի նաև տնտեսական մեծ ճգնաժամ, որը դժվար թե հնարավոր լինի հաղթահարել: Դրանից հետո արդեն այդ իրավիճակը շղթայական սկզբունքով կտարածվի մյուս բոլոր ոլորտների՝ էլեկտրաէներգիայի, ջրի, սննդի վրա: Արդյունքում, սովորական քաղաքացիների կյանքն այստեղ կդառնա պարզապես անտանելի»,- ասաց նա:

Նույնիսկ ՀՀ տարածքում ՌԴ ներկայությունից ազատվելու պարագայում,  քաղաքագետն անհնարին  է համարում դրանք արևմտյան ուժերով փոխարինելու տարբերակը:

«Իրենք որևէ ձևով չեն կարողանա փոխարինել: Իրենց «կարողությունները» մենք հիմա էլ «տեսնում ենք»: Եթե որևէ բան կարողանային անել, արած կլինեին: Եվրոպան ընդհանրապես որևէ բան ի վիճակի չէ անել, իսկ ԱՄՆ-ը չի անի, քանի որ դա, վերջիվերջո, իրենց ծրագիրն է, ու իրենք շատ գոհ են դրանից»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով, որ տեղի ունեցող գործընթացները մոտ ապագայում կարող են հասցնել նրան, որ ՀՀ իշխանությունները «ստիպված» հայտարարեն թուրքերից «օգնություն» վերցնելու մասին:

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս