Նշաձողն իջեցվեց, կար մի քար՝ Արցախը, հեռացվեց, ո՞վ է լինելու մոդերատորը տարածաշրջանում. Հակոբ Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է
Հաղորդման հիմնական թեմաները՝ թեզերով․
- Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե պատմության ավարտի, վերջի գաղափարով, այլ այս ծանր հանգրվանը մարսելու և վերապրելու համար նոր նպատակներ կառուցելու մտայնությամբ։ Մենք այլ տարբերակ չունենք, և սրանով ամեն ինչ չի ավարտվել, սրանով մոտեցել ենք մեր նոր մարտահրավերներին՝ Հայաստանի Հանրապետությունը պահելու խնդրին, և միայն դրա շնորհիվ է, որ չպետք է թույլ տանք պատմությունն ավարտել։
- Միջանցքներ ասելով՝ Էրդողանը նկատի ուներ ամբողջ Կովկասը: Սա աշխարհաքաղաքական և տնտեսական հանգուցային ռեսուրսների համար պայքար է։ Այստեղ կա ոչ միայն Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի, այլ նաև Հնդկաստանի, Չինաստանի խնդիր և շահեր: Թուրքիան նույնիսկ հայտարարեց, որ եթե Հայաստանը չհամաձայնի՝ մենք կանցնենք Իրանի տարածքով։
«Մեր նպատակն է՝ այդ տարածքները դարձնել խաղաղ միջանցքներ։ Եթե մենք խոսում ենք երկաթուղու մասին, ապա գնացքը Թուրքիայից կարող է հասնել Նախիջևան՝ Հայաստանով, Ադրբեջան։ Եթե Հայաստանը ճանապարհ չբացի գնացքի համար, այն կանցնի Իրանով։ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների միջև երկաթգծի և ավտոմոբիլային ճանապարհների միջոցով ուղիղ հաղորդակցության ստեղծումն էլ ավելի կամրապնդի մեր հարաբերությունները։ Ուստի պետք է հնարավորինս շուտ բացել այդ միջանցքը»,- ասել է Էրդողանը։
- Թուրքիան փորձում է առավելագույնը կորզել նաև Ռուսաստանից, Թուրքիան ձգտում է իր մասնակցությանը հասնել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում նշված պայմանների պրոցեսում։ Իսկ սա բավականին վտանգավոր է։
- Նոյեմբերի 9-ի հայտարարությունը թեև ստորագրել են Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, բայց դա համաձայնություն էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ պարզապես եռակողմ հարթակով։ Մենք այս խնդիրը պետք է դիտարկենք ռուս-թուրքական հարաբերությունների, պայմանավորվածությունների տեսանկյունից։ Իսկ մեզ՝ Հայաստանին, հաշվի են առնում միայն ըստ նպատակահարմարության։
- Հարց է ծագում՝ Հայաստանն ունի՞ չհամաձայնելու ներուժ: Իսկ իր առջև դրված հարցերի շուրջ Հայաստանի համաձայնությունները գալիս են հենց ներուժի բացակայությունից։
- Մենք տեսանք, որ Հայաստանի ներսում՝ քաղաքական նախկին և ներկա հարաբերություններում, յուրաքանչյուրն իրեն պահելու խնդիր է լուծում։ Ընդդիմությունն իր դիրքերն է պահում, իշխանությունը՝ իր: Իսկ որևէ մեկը Հայաստանում պատրա՞ստ է ստանձնել պատասխանատվություն: Արդյունքում, երկրում ստեղծվել է նախկինների և ներկաների միջև ծայրահեղ բևեռացվածություն:
- ՌԴ ՆԳ նախարարի այցը զուգորդվեց ընդդիմության հանրահավաքային պայքարի պասիվությամբ։
- Հայաստանի համար աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ո՞րն է այլընտրանքը: Տեղի է ունենում համաշխարհային պատերազմ, որի ժամանակ հնարավոր չէ գտնել այլընտրանք: Դա հնարավոր է գտնել միայն այդ պատերազմի ավարտից հետո, երբ կլինի հստակ աշխարհաքաղաքական ճարտարապետություն:
- Ադրբեջանը Կովկասում առանցքային դերակատարություն ունի։ Ռուսաստանն ունի իր ալիբին, որն արտահայտում է Հայաստանի հետ փոխհրաձգությամբ՝ որ Հայաստանը Ռուսաստանի դեմ է։
- Ռուսաստանն ավելի քան մեկ տասնամյակ վարում է մի քաղաքականություն, որից ակնհայտ է, որ իր համար առանցքային գործոն է Ադրբեջանը, և ոչ թե՝ Հայաստանը:
- Ջերմուկի հարձակումից հետո տեղի ունեցան պրահյան բանակցությունները, Արևմուտքը, Պրահայի բանակցությունների դերակատարներն ունեն իրենց խնդիրները, որն էլ օգտագործվեց Ռուսաստանի ու նաև Իրանի դեմ։
- Հայաստանի իշխանության նկատմամբ վստահությունը, մեղմ ասած, նվազել է, սակայն չկա լուրջ հակակշռող ընդդիմություն։
- Նիկոլ Փաշինյանի ուղերձի մեխը՝ անկախության, ինքնիշխանության համար պայքարն էր: Նոր կորուստներից ապահովագրվելն է այսօր մեր գերխնդիրը: Ճանապարհը՝ Հայաստանի ներսում իրավիճակը փոխելն է, բայց քանի դեռ չի փոխվել ինքնահոշոտման այս մթնոլորտը, մենք դրսում էլ ոչինչ չենք կարող փոխել:
- Արևմուտքի համար շահեկան չէ Հայաստանում որևէ պատասխանատվություն ստանձնել: Արևմուտքին պետք չէ հակադրվել ոչ Ադրբեջանին, և ոչ էլ Թուրքիային, Ռուսաստանին նույնպես դա պետք չէ: Այս պայմաններում Արևմուտքը նրբորեն օգտագործում է Ռուսաստանից չպոկվելու հանգամանքը։ Այս քայլերով Հայաստանը փորձում է բարակ լարով քայլել, իսկ Արևմուտքից հնչում է «չենք հավատում» խոսույթը։
- Հայաստանն իջեցրեց նշաձողը, իսկ այդ նշաձողը հիմա, առկա բոլոր զարգացումներից հետո պարզ է դառնում, որ Արցախը հանձնելն էր։ Հարավային Կովկասում կա ուժային կենտրոնների պատերազմ, մեկը մյուսին փորձում է դուրս մղել և վերահսկել Կովկասը: Կար մի քար՝ Արցախը, որը հեռացվեց համատեղ ջանքերով: Հիմա այդ քարը հեռացնելով՝ մոտեցել են Հայաստանին։
- Տարածաշրջանում Արևմուտքն ունի իր խնդիրները, դրա մեջ չի մտնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակադրվելը։ Չնայած Արևմուտքն ունի բավարար ներուժ Ադրբեջանի վրա ազդելու և կարող են ազդել, բայց չեն ուզում դա անել: Չկան շահեր, թեև կան գործիքներ։
- Այսօր ՀՀ իշխանությունների թիվ մեկ խնդիրն իշխանություն պահելն է, և Հայաստանի ներքին քաղաքական կյանքում առկա բևեռացված իրավիճակը էլ ավելի է սրում իշխանություն պահելու խնդիրը։
- Հայաստանն ուզում է անվտանգություն, բայց որևէ մեկը մեր պատկերացրած անվտանգությունը չի ուզում ապահովել: Մեզ ասում են՝ ձեր ակնկալած անվտանգությունը տալ չենք ուզում:
- Մեր անվտանգության առաջնային պատասխանատուն մենք ենք։
- Ո՞վ է լինելու մոդերատորը տարածաշրջանում. այս հարցի շուրջ է շարունակվում պայքարը: Մտահոգիչ է, որ Պրահայի համաձայնությունից հետո խոսակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են։ Գրանադայից հետո Հայաստանի անվտանգությունը դառնալու է քաղաքական ճնշումների առարկա։ Միևնույն ժամանալ ռուսական կողմն է պարբերաբար հիշեցնում 2020, 2021 թվականների եռակողմ համաձայնությունները։ Ռուսաստանի համար տարածաշրջանում ներկայությունը կենսական խնդիր է, Արևմուտքն էլ իրենն է փորձում առաջ տանել, և ստեղծված մթնոլորտը մեզ ճնշում է։
- Պաշտոնական Երևանն անկլավների թեման և ճանապարհների թեման ընդունեց, հետո էլ բարձրացվեց, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի թեման:
- Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր թեմաներ՝ անկլավներ, միջանցք, փախստականների վերադարձ, այնքան են լցնում մեդիադաշտ ու խմորում, մինչև ստանան կամ իրենց ուզածը, կամ էլ նոր ճնշում գործադրելու, ուժի կիրառման նոր հնարավորթյուն ստանան։
- Ադրբեջանն անընդհատ լցնում է օրակարգը քաղաքական ճնշման, քաղաքական առևտրի միջոցներով, ձերբակալություններ, առևանգումներ, և ցավալիորեն հայկական կողմն այդ ամենը մարսում է, իսկ Ադրբեջանը ստանում է ուժային գործոնին դիմելու պարարտ հնարավորություն։
- Այն, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օգտակար դաշինք չէ, դա վաղուց էր պարզ, այդ կազմակերպության անդամ առնվազն երեք պետություն թուրքալեզու են, բայցևայնպես, մենք ավելի շատ խնդիր կարող ենք ստանալ ՀԱՊԿ-ից դուրս գալով։ Սա քաղաքական արկածախնդրություն է, այսօրվա աշխարհում նոր թշնամիներ ձեռք բերելը նոր մարտահրավեր է։ ՀԱՊԿ-ը մեխանիզմ է եղել Ռուսաստանի համար հետխորհրդային երկրների վրա ազդեցությունը պահելու համար, այն ավելի շատ արարողակարգային պաստառ է, բայց անգամ դա կասկածի տակ դնելով՝ մենք պետք է լրջագույն վերլուծություն կատարենք, թե մենք ի՞նչ կստանանք՝ այդ պաստառից հրաժարվելով։
- Այստեղ կենսական շահեր ունեցող երկիրը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է: Ֆրանսիան ունի իր շահերը, որոնցից չի բխում Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելը։ Եվ այս պայմաններում անհասկանալի է չափազանցված սպասումներ ունենալը Ֆրանսիայից: Մինչդեռ հայկական պետականության գլխավոր հարցը պետք է լիներ այն, թե ինչո՞ւ պետք է մեզ հետ համագործակցելը շահավետ լինի, մենք ի՞նչ ենք տալիս այդ պետություններին։ Պետք է ձևավորվեր մեր ասելիքը, բարդ խնդիր է, բայց մենք դրանով չենք զբաղվել ու չենք զբաղվում։
- Մենք թերացել ենք, չենք գնահատել աշխարհաքաղաքական նոր փոփոխությունները։ Կան ռիսկեր, որ Հայաստանը կարող է դառնալ գերտերությունների՝ տիտանների համար մարտադաշտ։
- Փաշինյանի ուղերձի տրամաբանությունն էր՝ սեփական պատասխանատվությունը տարածել այլ դերակատարների վրա։ Մարտահրավերների հասունանալու վտանգն այն է, որ մեզանից կպահանջվեն քաղաքական որոշումներ, բայց մենք չունենք ներքին այնպիսի իրավիճակ, որը թույլ կտա պատասխանատու որոշում կայացնել։ Կա նաև այլ ռիսկ՝ Սյունիքի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնությունը։
- Կասկածում եմ, որ տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր ստորագրվելու է, այդ առումով Հայաստանի նկատմամբ ճնշումներն ուժգնանալու են։ Թղթով խաղաղություն չի լինում։ Խաղաղություն լինում է ուժերի բալանսով, որն այս պահին չկա։
- Հայաստանն ի՞նչ արեց Լաչինի միջանցքն արգելափակելու հարցում, նույնն էլ կարող է անել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանի կալանավորման հարցում։
- Արևմտամետության և ռուսամետության դարակների մեջ մտնելը վտանգավոր է, և դա բխում է նման հայտարարություններ անողների տերերի շահերից։
- Իրավիճակը փոխելու պատասխանատվությունն իշխանությունների համար առաջնային է, բայց այդ պատասխանատվությունը նրանց կողմից ձախողվել է դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մենք պետք է դողայինք 2018թ. անարյուն իշխանափոխության վրա, բայց մենք մեր կյանքը որևէ կերպ չփոխեցինք, մենք տապալեցինք պատասխանատվությունը։ Առ այսօր մենք ունենք լեգիտիմ իշխանափոխություն կատարելու խնդիր։
- Սամվել Բաբայանի բարձրացրած մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախում կայացրած որոշումների մասին, պետք է քննվեն։ Բայց այդ հարցերը հիմա քննարկելը նշանակում է ընդլայնել արդեն իսկ գոյություն ունեցող ճահիճը և ավելի խորը մխրճվել այդ ճահճի մեջ։
- Իշխանությունները կկրակեն ընդդիմացող հասարակության վրա, թե ոչ, այդ հարցի պատասխանն ավելի շուտ Երևանում չէ։ 2018 թվականի անարյուն, անցնցում իշխանափոխությունը գործնականում բավարարում էր արտաքին ուժերի շահերին։
- Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելը կարող է ունենալ քաղաքական և գուցե անձնական շարժառիթ: Որքան որ մամուլից ծանոթ եմ գործի նյութերին՝ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան:
- Նախկիններ-ներկաներ մեղադրանքներով օրակարգ չի փոխվում։ Իշխանությանը նախկիններն են օգնում մնալ իշխանության և՝ հակառակը։ Կա փոխշահավետ համագործակցություն։ Պետք է լինի նոր խոսք, նոր բովանդակությամբ օրակարգ։
Մանրամասները՝ տեսանյութում