Սա վերջը չէ. մեղք չպետք է գործենք Աստծո պատվիրանների ու հայրենիքի դեմ, առնվազն 4 սերունդ… Ու կլինի փրկություն. գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Այսքանից հետո վախենալն անիմաստ չէ՞․․․ Էլ ինչի՞ց վախենամ։ Այս ամբողջ ողբերգության ֆոնին ես իմ կյանքն ու ազատությունն այդքան թանկ չեմ գնահատում։ Ես թե՛ 44-օրյա պատերազմից հետո, թե՛ հետագայում ասել եմ, որ այս երկրի տեսական միակ փրկությունը ռազմական հեղաշրջումն է։ Հիմա էլ է դա, եթե մենք ունենանք գեներալիտետ։
- Այնպես չի, որ միայն փողոցի ճնշումն է բերում հրաժարականի։ Ուժայինների ճնշումն էական է։ Ուժային կառույցներն են երկրի ղեկավարի դիմաց դնում փաստեր, որ ծանրության կենտրոնը թեքվել է։ Եթե այսօրվա ուժային կառույցներն այսօրվա խայտառակության մեջ են տեսնում փրկությունը, հաշիվ պիտի տան պատմության առաջ՝ արդյո՞ք Հայաստանի փրկության միակ ճանապարհն Արցախի հայաթափումն էր։ Ես կարծում եմ՝ դա չէր։ Մենք կարող էինք փրկել մեր հաղթանակները ու դրանք հաղթաթուղթ դարձնել։ Մեր վախերը մեզ հաղթեցին։ Բոլոր ֆոբիաները մենք մեծացրեցինք, դարձրեցինք անհաղթելի դև, ու դեռ դև չդարձած՝ պարտվեցինք նրան։ Ժողովուրդը կարող է ունենալ ֆոբիաներ, բայց ուժային կառույցները նրա համար են, որ չեզոքացնեն դրանք։
- Եթե քեզ պետք է զենք, զենքը կճարվի։ Այսօրվա աշխարհում զենք չճարելը ծիծաղելի է։
- Արցախի բնիկ ժողովուրդը գաղթական չէր․ մեծագույն հանցագործություն է մարդկանց առաջ նրանց արտագաղթը։ Արցախցին, որ գալիս է Հայաստան, դուք հայկական բանակի ներկայություն տեսնո՞ւմ եք։ Երբ երկրաշարժը տեղի ունեցավ, առաջին օգնողները Գյումրիում Խորհրդային բանակի զինվորներն էին։ Դուք բանակ տեսա՞ք Ռուբեն Վարդանյանին փրկելու ճիգ գործադրելուց։ Ռուբեն Վարդանյանն այդքան էժան մա՞րդ էր։ Վերջիվերջո, Արցախում կան մարդիկ, ովքեր հատուկ ծառայությունների միջոցով պիտի փրկվեն։ Մի 100, 10, 1 հոգի կա՞, ովքեր ծառայություն ունեն մատուցած այս երկրի առաջ, և որոնց հատուկ ծառայությունների միջոցով պետք էր փրկել։
- Ես էլի կարող եմ խոսել ռազմական հեղաշրջման մասին, բայց արդյո՞ք նրանք նպատակ ունեն երկիրը փրկել։ Հատուկ ծառայությունները զբաղված են իմ, Ձեր հեռախոսը լսելով։ Այդպես էր նաև նախկինների օրոք։ Եվ սա է, որ մեզ մղում է այն համոզումին, որ մենք մեծագույն ամոթի մեջ ենք։ Մեր ընկույզը փուչ դուրս եկավ… Չկարողացանք Արցախը պահել։ Մեր սերունդը, որ հաղթանակած, ամենաերջանիկ սերունդն էր, իր կյանքը պիտի ավարտի՝ որպես ամենադժբախտ սերունդ։
- Ի սկզբանե անկախություն հերկելու խոփը ծուռ գնաց։ Եվ ես գոնե իմ խղճի առաջ մի քիչ հանգիստ եմ, որ ես բոլոր իշխանությունների օրոք փորձել եմ այդ խոփը շտկել։ Չի ստացվել։ Գիտե՞ք՝ երբ մեր խոփը ծռվեց։ Երբ մենք 1992թ․ Շուշիի և Բերձորի ազատագրումից հետո թույլ տվեցինք, որ մեր ազատամարտիկները թալանով զբաղվեն։ Այո՛, հաղթողը միգուցե և պիտի թալաներ, բայց դա պետք է աներ պետությունը՝ հաղթանակի ավարի տեսքով։ Չի կարելի թույլ տալ, որ ազգդ հաղթողի մակարդակից իջնի թալանչիի մակարդակի։ Թալանը մարդուն փչացնում է․ դրանից հետո եկան կոռուպցիոն դրսևորումները։
- Քիչ թե շատ հավասար պայմաններում դեմոկրատիկ երկրները պատերազմում ի վիճակի չեն հաղթել ավտորիտար երկրներին։
- Մենք ինչ-որ բան շահեցի՞նք, որ մեր երկիրը «դեմոկրատիայի բաստիոն է», իսկ Ալիևը՝ բռնաապետ։ Դեմոկրատիան դատարկաբանություն է։ Լավ, Ալիևը թալանում է իր պետությունը, բայց այս մարդը հզոր պետություն է ստեղծել։ Այն գրագետ քայլերին, որոնք նա անում է վերջին 3 տարիների ընթացքում, մենք ինչ-որ բան հակադարձո՞ւմ եք։
- Պետությո՛ւն, ձեր ֆունկցիան միայն դա՞ է, որ տեսնեք՝ ինչպես են բռնի տեղահանվում ձեր հայրենակիցները։
- Մենք «ազգ-բանակը» ցեխի, փոշու վրա գրեցինք։ Եթե մենք ազգ-բանակը դարձնեինք կենսակերպ, այլ ոչ թե տրաֆարետ, մենք հաղթող կլինեինք։ Նույն Վիգեն Սարգսյանի համար, եթե այդ լոզունգը տրաֆարետ չլիներ, նա հիմա կլիներ Հայաստանում, թեկուզև՝ բանտում։ Այս իշխանությունները դիլետանտ էին, նախկինները՝ իմիտատոր։
- Բանակը միայն զենքը չէ։ Բանակում պետք է լինի երկաթյա կարգապահություն։ Բանակում պետք է լինեն մեռնելու պատրաստ զինվորներ։
- Բանակը հիմա գլխատված է։ Երբեք փողոցից եկած մեկը չի կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար։
- Երբ գերագույն գլխավոր հրամանատարն ասում է՝ հանձնեք, եկեք, թող քայլելով գանք, ո՞վ պիտի դեմն առնի՝ եկեղեցի՞ն, թե՞ գյուղի ժողովուրդը։
- Եթե ուժային կառույցները մինչև հիմա պաշտպանում են այդ անձին, նշանակում է նրանք հանցակից են, կամ համարում են, որ ճիշտը սա է։
- Որևէ մեկը ինձ չի կարող մեղադրել, որ ես հակասահմանադրական կոչ եմ անում․ ես ռազմական հեղաշրջման անհրաժեշտությունը տեսել եմ 44-օրյա պատերազմի ժամանակ, դրանից հետո, տեսնում եմ նույնիսկ այսօր։
- Մենք ցանկություն չունենք իբրև ազգ ապրելու․ցանկություն ունենք պարզապես ապրելու։
- Թող որևիցե մեկը փորձի նախ ապացուցել, որ ես օտարերկրյա գործակալ եմ, հետո՝ որ գործում եմ Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Եթե չապացուցի, ուրեմն Փաշինյանը սուտ է խոսում։ Հերթական հիվանդագին արտահայտությունն է իր ֆանատիկների համար։ Հիմա էլ պայքարում է ինքնիշխանության համար…
- Պերմյակովի դեպքից հետո ես Գյումրիում գտնվող որևէ ռուսական ներկայացուցչության հետ չեմ շփվում։ Ես հակառուս չեմ, բայց դեռևս այն ժամանակ գտել եմ, որ այդ դեպքին հաջորդած գործողությունները բարեկամ երկրի կեցվածք չէին։ Ի սկզբանե սխալ էր ռուսին դավանել՝ իբրև փրկիչ։ Ճիշտ էր Աբովյանը, երբ ասում էր՝ օրհնվի էն սհաթը, բայց անհեթեթություն էր ռուսին դավանել՝ որպես փրկիչ։ Արցախի թնջուկը ստեղծվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանն է Արցախն ու Ադրբեջանը մտցրել Ադրբեջանի կազմ։ Չպետք է որևէ երկրի թույլ տրվեր մտնել Արցախի հարցի մեջ:
- Գանձասար երբեք թուրքի ոտք չի մտել․ այսօր Գանձասարը հանձնել ենք։ Եթե պիտի ևս մի 100 տարի հայ պատմագիտությունը զարգանա այնպես, որ թուրքը կամ ռուսն է մեղավոր այսօրվա համար, ապա որևէ արդյունքի չենք հասնելու։ Սա ժողովրդի խնդիր չէ, այլ պետության, բայց ժողովուրդը մեղավոր է ընտրությունից ընտրություն։
- 30 տարվա պետություն, շրջապատված հարյուրամյակների պատմություն ունեցող ունեցող գերտերություններով, ո՞ւր էր քո Պլան Բ-ն, Ց-ն, եթե չօգնեին գերտերությունները։
- Ես հասկանում եմ Դավիթ Բաբայանին՝ գնալ, ինքնուրույն հանձնվել, եթե այլ կերպ փախչել չի կարող, իսկ Հայաստանի իշխանությունը տեր չի կանգնում։
- Մենք բոլորս Ռոբերտ Աբաջյանի անեծքի տակ ենք։
- Ռուբեն Վարդանյանի համար մեծ ցավ եմ ապրում։ Ինչի՞ համար են հատուկ ծառայությունները, որ ինձ ձերբակալե՞ն։ Ես այստեղ եմ, ինձ մի ոստիկան էլ կարող է ձերբակալել։ Ռուբեն Վարդանյանին է պետք փրկել։
- Եթե դու տարածաշրջանում գործոն չես, նշանակում է՝ սուվերեն չես։ Այսօր քո քաղաքացիներին բռնի տեղահանում են, դու մի քանի օրից պատրաստվում ես հանդիպել տեղահանողի հետ։ Ո՞ւմ հետ ես հանդիպում… Եթե դու այդ պայմաններում պատրաստվում ես հանդիպել Ալիևի հետ, ուրեմն ոչ թե դու ես գնում, այլ քեզ բերում են, և միայն ինքնաթիռի բենզինն է քո կողմից։
- Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք սկսվեց Եկեղեցու օտարումը պետական գործերից։ Հայոց եկեղեցին իր վերջին գործառույթը պետական գործերին փառքով կատարեց Սարդարապատում։
- Եկեղեցին ասել է իր դիրքը, իր դիրքորոշումը չի փոխել։ Սա կարևորագույն հանգամանք է։ Զանգերը ղողանջված են, բայց ժողովուրդը չի միացել։ Եթե եկեղեցու զանգերը ղողանջեն, մարդիկ պիտի իրենց գործերը թողնեն, վազեն, տեսնեն՝ ի՞նչ է ասում եկեղեցին։ Ժողովուրդը գնաց, ձայն տվեց սրանց ու լեզու դրեց բերանները։ Եկեղեցին գիտի, որ ժողովուրդը սխալվելու ունակ է, և մեծամասամբ սխալվում է։ Ժողովուրդը նախրի մեջ էշի ճակատը պաչելու սովորություն ունի։
- Սա կլինի վե՛րջ, քանի դեռ մենք մեր վարքը, կենսակերպը, ապրելակերպը չենք փոխել, եթե շարունակելու ենք ապրել նույն ֆոբիաներով, վախերով։ Բայց եթե այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մենք ախտորոշում ենք ու ասում, որ մենք հիվանդ ազգ ենք ու բուժման կարիք ունենք, ուրեմն վերջը չէ։ Չպետք է մեղանչենք, մեղք չպետք է գործենք Աստծո պատվիրանների ու հայրենիքի դեմ, առնվազն 4 սերունդ։ Ու կլինի փրկություն։
Մանրամասները՝ տեսանյութում: