Տուգանելը դարձրել են փող աշխատելու միջոց. 7 ամսում 25 մլն դոլարի տուգանք են գանձել քաղաքացիներից   

Անցել են այն ժամանակները, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ քաղաքացին այլևս տուգանքի մատերիալ չէ։ Վաղուց արդեն իշխանություններն ամեն ինչ անում են  քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու համար։

Նույնիսկ եղածով չեն բավարարվում ու պարբերաբար բարձրացնում են տուգանքների չափերը։

Ոստիկանությունը միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու պատճառաբանությամբ այս տարվա առաջին յոթ ամիսներին քաղաքացիներին տուգանել է առնվազն 25 մլն դոլարի չափով, ինչը 17,1 տոկոսով կամ մի քանի միլիոնով ավելին է, քան նախորդ տարի էր։ Նույնիսկ ավելի շատ են տուգանել, քան կարող էին պատկերացնել։

«2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերի՝ ծրագրված ցուցանիշի 18,6 տոկոսով գերազանցումը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22,5 տոկոսով աճը հիմնականում պայմանավորված են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ՀՀ ոստիկանության կողմից կիրառված պատժամիջոցների արդյունքում գանձված գումարների աճով, որոնք կազմել են շուրջ 9,9 մլրդ դրամ՝ 10,2 տոկոսով (914 մլն դրամով) գերազանցելով ծրագրված ցուցանիշը և 17,1 տոկոսով (1,4 մլրդ դրամով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,- արձանագրել է ֆինանսների նախարարությունը։

Հիմա հավանաբար պարզ է, թե ինչո՞ւ խոստանալով, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց հանել տեսախցիկները։ Նույնիսկ ավելացրեց, որպեսզի ավելի շատ տուգանի ու տուգանքներ գանձի քաղաքացիներից։

Սրա անունը Նիկոլ Փաշինյանն ինչ ասես կարող է դնել, կարող է ասել, որ ճանապարհային երթևեկության կանոններն են խստացրել, կարող է նաև բազմաթիվ այլ պատճառաբանություններ բերել՝ արդարացնելու տուգանքները։ Բայց միևնույն է, դրանից երևույթի էությունը չի փոխվում։ Դրանք գումարներ են, որոնք դուրս են գալիս քաղաքացու գրպանից։

25 մլն դոլար վճարվել է միայն 7 ամսում. Տարվա կտրվածքով այն կհասնի առնվազն 45 միլիոնի։

Եվ սա՝ միայն ճանապարհային երթևեկության մասով։ Բայց միայն ճանապարհային երթևեկության համար չէ, որ տուգանում են քաղաքացիներին։

Տուգանքներ բոլոր տեղերում էլ կան, հիմա ոչ միայն ընդլայնում են, այլև խստացնում։

Բոլորովին վերջերս կառավարությունն առաջարկեց աստղաբաշխական տուգանք նշանակել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր խուսափում են գրանցել բնակարանների վարձակալությունները։

Պատրաստվում են անշարժ գույքի շուկայական գնի 5 տոկոսի չափ տուգանք սահմանել։

Եթե, ասենք՝ անշարժ գույքի շուկայական գինը 30 մլն դրամ է, մտադիր են քաղաքացուց գանձել 1,5 մլն դրամի տուգանք։

Ամեն ինչ անում են՝ քաղաքացուն տուգանելու, այն էլ աստղաբաշխական չափերով տուգանելու համար։

Օրերս էլ վերանայեցին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և ինժեներական կառույցների վնասման, ճանապարհից օգտվելու կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցների չափերը և տուգանքները 3 անգամ բարձրացրեցին։

Երեք անգամով բարձրացրել են ու դեռ քիչ են համարում։ Իշխանական պատգամավորներից մեկը նույնիսկ ավելիին է հակված, ասում է՝ «Կարող է նպատակահարմար լինել ոչ թե 10 անգամ, այլ 100 անգամ ավելացնել տուգանքի չափերը»: Մի բան էլ արդարանում է, թե մեր համար ամենակարևոր այն է, որ տնտեսվարողներին կամ քաղաքացուն ձեռնտու չլինի տուգանք վճարել ու շարունակել այդ գործունեությունը կատարել:

Նույն տրամաբանությամբ, կարող են 1000 անգամով ավելացնել տուգանքները։ Բայց դա չի նշանակում, թե դրանից հետո այլևս խախտումներ կամ տուգանելու մատերիալ չի լինելու։

Խախտումներ միշտ էլ լինելու են, ու տուգանքներն անգամներով բարձրացնելը չէ, որ զսպելու է դա։ Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ խախտումներ թույլ չտան, հատկապես որ, դրանք շատ հաճախ հարկադրված խախտումներ են։

Թե չէ, քաղաքացուն մասսայաբար տուգանելով կամ տուգանքներն ավելացնելով, ոչ մի հարց չի լուծվում։

Մարդիկ նաև պետք է հնարավորություն ու միջոցներ ունենան դրանք վճարելու համար։

Միայն տուգանքներն ավելացնելով չէ. հետո էլ հավանաբար ստիպելու են, որպեսզի եղած-չեղածը ծախեն՝ տուգանքների տակից դուրս գան։

Տուգանքն էլ պետք է խելամիտ լինի։

Տուգանքներն անգամներով ավելացնում են, բայց դրանով էլ չեն բավարարվում։

Շուտով կթանկացնեն նաև, այսպես կոչված, «կարմիր գծերը»։ Անունը դրել են գոտիավորում ու պատրաստվում են անգամներով բարձրացնել «կարմիր գծերի» վճարները։ Բայց դա կանեն արդեն քաղաքապետի ընտրություններից հետո։ Այնպես, ինչպես հասարակական տրանսպորտի ուղեվարձի պարագայում։ Այստեղ էլ պատրաստվում են քաղաքացիներին անակնկալ մատուցել՝ ուղեվարձը բարձրացնել, երբեմն՝ շատ կտրուկ։

Քաղաքացուն ամեն կերպ ֆինանսական բեռի տակ դնելու՝ այս իշխանությունների երևակայությունը սահման չի ճանաչում։ Ամեն ինչից գումար գանձելու հակում ունեն։ Այդպես են անում, որպեսզի կարողանան պետության ու բյուջեի հաշվին առատորեն բավարարել իրենց ֆինանսական անհագուրդ ցանկությունները։

Քաղաքացիների վրա ֆինանսական բեռն ավելացնելուց նույնիսկ տոկոսներով չեն բավարարվում, անգամներով են անում։

Հանրային ծառայությունների սակագները պարբերաբար բարձրացնելով՝ այլևս չեն բավարարվում, վերջերս անգամներով բարձրացրեցին նաև էլեկտրական ցանցին նոր բաժանորդների միացման վճարները։

Խոսքը՝ ինչպես բնակչության, այնպես էլ այլ բաժանորդների մասին է։

Չնայած բարձրացումը միայն արտաքուստ է վերաբերում այլ բաժանորդներին։ Իրականում էլի քաղաքացին է վճարում։ Երբ բազմաբնակարան շենք կառուցողը ցանցին միանալու համար ստիպված լինի մի քանի անգամ ավելի վճարել, այդ գումարը նա ոչ թե իր, այլ քաղաքացու գրպանից է հանելու. բարձրացնելու է բնակարանի գինը և դրա հաշվին վճարելու է։

Այս ամենից տուժողը միայն քաղաքացին է, ու դա իշխանությունները լավ գիտեն։ Գիտեն, բայց դա այլևս կարևոր չէ իրենց համար։ Ինչքան ուզում է, թող քաղաքացին տուգանքի մատերիալ դառնա, կարևորը՝ իրենց փողերը քչություն չանեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս