Նախապատերազմյան դեժավյու. ի՞նչ է հուշում Փաշինյանի հարցազրույցը և անհեթեթ պատրվակով ՊՊԾ պետի ազատումը

Այսօր երեկոյան Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի գլխավոր թողարկումից անմիջապես հետո եթեր է հեռարձակվելու Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ:

Նոր պատերազմի սպառնալիքի պայմաններում այս լուրը նախապատերազմյան դեժավյու առաջացրեց:

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 26-ին Փաշինյանը հայտնել էր, որ հարցազրույց էր տվել Հանրային հեռուստատեսությանը, որտեղ պնդել էր, թե ոչ թե ինքը, այլ Ալիևն է իրեն խնդրանքով դիմել:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ընդդիմադիր որոշ շրջանակների թեզերը ճշգրիտ նույնական են»,- նշել էր Փաշինյանը:

Կարդացեք նաև

Այս հարցազրույցից մեկ օր հետո՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը:

2020 թվականի սեպտեմբերի 28-ին հանրությանը հասանելի էր դարձվել այս հարցազրույցի միայն մեկ հատված, ամբողջականը մինչ օրս չի հրապարակվել:

Հրապարակված հատվածում Փաշինյանն անդրադարձել էր Դուշանբեում Ալիևի հետ ունեցած պայմանավորվածությանը և 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի ԱԺ պատվիրակության հետ հանդիպմանն իր ակնարկած «կոնֆիդենցիալ տեղեկատվությանը», որը պիտի խառներ ներքին իրավիճակն Ադրբեջանում:

«Ես ասել եմ, այսպես կոչված, կոնֆիդենցիալ տեղեկատվություն և իմ կողմից խոսել եմ առանց չակերտների կոնֆիդենցիալ տեղեկատվության մասին: Այսինքն՝ դա ակնհայտ բան է, և ես այդ հրապարակումն առաջնայինը չէ, որ նկատի եմ ունեցել չակերտավոր որպես «կոնֆիդենցիալ» տեղեկատվություն: Կա մի հանգամանք, որի մասին ես 2 տարի չէի խոսում՝ կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը՝ հիմա, կարծում եմ, ճիշտ ժամանակն է այդ մասին խոսել: Ասում են, որ ես Դուշանբեում և ընդհանրապես 2018 թվականի հեղափոխությունից հետո ժամանակ եմ խնդրել… Այո, ժամանակ եմ խնդրել:

Դուշանբեում, երբ այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ, պարզ է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, իսկ Ադրբեջանը կամ Ադրբեջանի նախագահն ինչո՞ւ էր շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա: Եվ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ վերլուծելով հասկանում են, որ միակ տարբերակն այն է, որ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձայնակցում է դրա հետ: Եվ հիմա այստեղ, կարծում եմ, կարելի է շատ կարևոր մի նյուանս բացել, թե ով է ում իրականում խնդրանքով դիմել Դուշանբեում:

Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով, և այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը. եթե հիշում եք, այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, և գործնականում մենք ամեն օր հանրահավաքներ էինք ունենում։ Այնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով, դրանից առաջ էլ, ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ փորձում էի, այսպես ասած, խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ, և որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Իլհամ Ալիևի շահագրգռությունը, որ այնտեղ ինչ-որ համաձայնություն կայանա, մեկ բանի վերաբերյալ էր, որ ինքն ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ և Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով:

Հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, ամբողջ աշխարհը՝ առավել ևս տարածաշրջանը, ոգևորված էր, տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգևորված էին այդ իրադարձությամբ, ադրբեջանական սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվում էր, որ այս ալիքը շուտով կհասնի Ադրբեջան, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթներն իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում,- 2020 թվականի պատերազմից առաջ տված իր հարցազրույցում մանրամասնել էր Փաշինյանը՝ շարունակելով,- Եվ Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել ձեռագրով մի թղթի վրա, բլոկնոտի վրա, և մենք այդ կետերը քննարկել ենք և արձանագրել, որ մենք եկանք համաձայնության: Ես գո՞հ եմ, որ այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, թե՞ ոչ: Այո, որովհետև նախ Ադրբեջանի ներքին հարցերն ամենևին էլ իմ օրակարգի հարցերը չեն, և երկրորդը՝ դրա արդյունքում զինվորների, հայ զինվորների կյանքեր են խնայվել, և ես դրա համար գոհ եմ:

Բայց այստեղ ամբողջ կոնտեքստն ինչի՞ մեջ է, որ այսօր Ադրբեջանի նախագահն ասում է, որ ինքն այն ժամանակ չօգտվեց առիթից, հնարավորություն տվեց Հայաստանին, հետհեղափոխական այդ խառն իրավիճակից չօգտվեց և մեծահոգաբար հնարավորություն տվեց, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա:

Իրականում հակառակն է, և այդ ժամանակաշրջանում Ալիևը ո՛չ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ո՛չ էլ ուրիշ բաներով: Նա մտահոգված էր մեկ հարցով, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի: Ե՛վ այս փաստը, և հետագա փաստերը, ի վերջո, գալիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահպանելու միջոց, և մենք այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում»:

Հաշվի առնելով, որ իշխանական շրջանակները բուռն և դժգոհությամբ ընդունեցին Արցախում Արայիկ Հարությունյանի հրաժարականը և Սամվել Շահրամյանյանի՝ նրա փոխարեն նախագահ դառնալու փաստը, կարո՞ղ ենք ենթադրել, որ վերը նշված հարցազրույցից 3 տարի անց Նիկոլ Փաշինյանի մոտ է նույն մտավախությունը՝ արցախյան «հեղափոխական ալիքը» կամ «ղարաբաղյան կլանի իշխանությունը» չհասնի Հայաստան: Եվ հնարավոր է, որ Թուրքիայի նախագահի խոստացված հեռախոսազրույցի ընթացքում առաջնային խնդիրը հենց սա է՝ պահել իշխանությունը, եթե դրա համար պետք է պատերազմ, ուրեմն այդ գնով, եթե պետք չէ պատերազմ, ուրեմն այդ ճանապարհով:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը 168.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ «Ադրբեջանը հասկանում է՝ եթե այս փուլում երկարատև մարտական գործողություններ սկսի ՀՀ-ի և Արցախի դեմ, կարճ ժամանակում ՀՀ-ում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ»: Այլ կերպ՝ գործող ղեկավարության նյարդերը կարող են տեղի տալ, և ինչ-որ պահի նրանք հասկանան, որ պատերազմ վարելու ունակությունները նրանց մոտ թույլ են, և իշխանության գան այնպիսի մարդիկ, դերակատարներ, որոնք ունակ են միջնաժամկետ և երկարաժամկետ պատերազմ վարել: Այսինքն, Թուրքիան հերթական անգամ պիտի օգնի Փաշինյանին՝ չկորցնել իշխանությունը, ինչպես դա արել է 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին հայտարարությունից հետո:

168.am-ը «Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը որոշեց ինքը հեռանալ և ոչ թե հեռացնել Նիկոլ Փաշինյանին. արդյո՞ք արտաքին գործոններ կան» վերտառությամբ հոդվածում մանրամասն անդրադարձել էր այդ հարցին:

Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից»,- շեշտել էր Էրդողանը։

Իր հերթին՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2021-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր.

«Օնիկ Գասպարյանին թուրքերը չթողեցին, որ իշխանությունը վերցնի: Թուրքերն ասել են՝ կներխուժենք, եթե այդտեղ լինի զինված հեղաշրջում, Նիկոլը մեր տղեն է: Մեզ հայտնեցին այդ մասին: Թե չէ Օնիկը ձերբակալելու էր: Ես այդպես եմ կարծում»:

Իսկ Թուրքիայի կողմից նախիջևանյան ուղղությամբ հարձակման սպառնալիք եղել է և՛ Արցախյան առաջին պատերազմի օրերին, և, թերևս, կա նաև այսօր: Շարժառիթները կարող են տարբեր լինել:

Թուրքիայի դերակատարմանը արցախյան պատերազմներում և Արցախի հարցի կարգավորման գործընթացում առաջիկայում մանրամասն կանդրադառնանք:

Իսկ մենք խոսենք նախապատերազմյան դեժավյու հիշեցնող մեկ այլ փաստից: Սեպտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Դրանից առաջ «Դվին» ռեստորանային համալիրում ողջ քաղաքը «սարսափի մեջ» պահած հրավառություն էր եղել: Սոցցանցերում և մամուլում փորձ արվեց այս դեպքը կապել Հովհաննիսյանի ազատման հետ:

Իշխանական շրջանակները, ըստ էության, չեն փորձում հակառակ պնդումներն անել: Բայց որքան էլ Փաշինյանի դեպքում ոչնչի վրա չպետք է զարմանալ, ամեն դեպքում, ՊՊԾ պետին հրավառության պատճառով չեն ազատել: Հնարավոր է՝ կան ավելի լուրջ պատճառներ՝ վստահելի մարդուց ազատվելու համար: Չմոռանանք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը 100 տոկոսով վստահում էր նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, բայց ինչ-որ պահի այդ վստահությունը կորավ: Գուցե սեփական անվտանգության հետ կապված վախե՞րն են ստիպել ազատվել Սարգիս Հովհաննիսյանից, երբ իշխանությունը վտանգ է զգում, որ «արցախյան հեղափոխությունը» կարող է հասնել Հայաստան, կամ էլ ՌԴ-ն որոշի ազատվել Փաշինյանից, և ոչինչ, որ ՊՊԾ-ն առանձնացվեց ԱԱԾ-ից, որ Փաշինյանն իրեն այս ռիսկերից ապահովագրի: Փաստորեն որոշակի ռիսկեր դեռ մնացել են: Ի դեպ, ՊՊԾ պետի պարտականությունների կատարումը վերապահվել է պետի տեղակալ Արթուր Գասպարյանին, ով տեղակալ էր դարձել այս տարվա մայիսին:

Կդառնա՞ հետագայում Արթուր Գասպարյանը ՊՊԾ պետ, թե՞ այլ մեկի կվստահի իր անվտանգությունը Նիկոլ Փաշինյանը՝ հայտնի չէ, բայց այս ամենը ինչ-որ առումով հիշեցնում է 2020 թվականի հունիսին Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնից ազատման դեպքը, երբ որպես պատճառ ներկայացվեց երկրում հայտարարված կորոնավիրուսի համաճարակի ժամանակ որդու հարսանիքը կազմակերպելը, թեպետ ինքը՝ Դավթյանը, ավելի ուշ հերքում էր՝ չմանրամասնելով իր պաշտոնանկության պատճառը:

168.am-ը մեկ անգամ չէ ակնարկել, որ 2020թ. հունիսի 8-ին Օնիկ Գասպարյանի նշանակումը ԳՇ պետի պաշտոնում և Արտակ Դավթյանի պաշտոնանկությունն անհեթեթ պատրվակով պատահականություն չէր:

Դեռ 2018-ի մայիսի 24-ին, անգամ դրանից առաջ մամուլը գրել էր, որ ԳՇ պետ է նշանակվելու Օնիկ Գասպարյանը, ընդ որում, այս մասին առաջին գրողներից մեկը հենց Փաշինյանի ընտանեկան թերթն էր՝ «Հայկական ժամանակը»:

Համապատասխան հոդվածը գրվել էր 2018-ի մայիսի 24-ին՝ ժամը 13:30: Սակայն, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանը որոշել է այդ պաշտոնը վստահել Արտակ Դավթյանին: Տեղեկությունը հանրությանը հայտնել էր Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ, 2018 թ. մայիսի 24-ին՝ ժամը 21:40-ին: Մինչև 2020 թվականի հունիսի 8-ի նշանակումը մամուլը ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանին Փաշինյանի իշխանության օրոք նշանակելու մասին գրել էր նաև 2019-ին:

Որո՞նք էին Փաշինյանի կադրային քաղաքականության փոփոխությունների, մասնավորապես՝ ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանին ավելի վաղ չնշանակելու պատճառները, կարող ենք ենթադրություններ անել, որոնք կարող են համընկնել իրականության հետ:

Ի դեպ, շատերին էր հայտնի ու մամուլն էլ, մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց 2 օր հետո հրապարակել էր Մարտի 1-ի գործով Օնիկ Գասպարյանի ցուցմունքն ամբողջությամբ, ինչը, թերևս, այնքան էլ Փաշինյանի սրտով չէր: Եվ այստեղ գալիս է երկրորդ հարցը՝ ինչո՞ւ այս մասին Փաշինյանը մոռացավ 2020-ին, իսկ գուցե 2020-ին ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի նշանակումը խոսում էր չմոռանալո՞ւ մասին:

Օնիկ Գասպարյանի ԳՇ պետ պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս հետո սկսվեցին հուլիսյան մարտերը, մի քանի ամիս անց էլ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը…

Տեսանյութեր

Լրահոս