Պատերազմի ժամանակ տղաների մոտ սթրեսային իրավիճակով պայմանավորված՝ ախտորոշվել էր կակազություն. Լոգոպեդ

Խոսքը երեխայի զարգացման գործընթացի կարևոր գործոններից է, որի խանգարումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Ի՞նչ է խոսքը, որո՞նք են խոսքի խանգարման պատճառները. Փորձել ենք պարզել լոգոպեդ Մերի Շաբոյանի հետ:

– Ո՞ր դեպքում են խոսքի խանգարման խնդիրներ առաջանում:

Խոսքը հաղորդակցման և շփման միջոց է, որի միջոցով կարողանում ենք մեր հույզերը, զգացմունքները, ինչպես նաև տեղեկատվությունը փոխանցել սերնդեսերունդ, ուստի անձի ձևավորման, զարգացման գործում մեծ է խոսքի դերը: Բնականոն խոսքի զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի պահպանված լինեն երկու կարևոր գործառույթներ՝ կենսաբանական և սոցիալական, որովհետև շատ հաճախ խոսքի խանգարում կարող է առաջանալ ցանկացած հետևանքով:

Հղիության ընթացքը շատ կարևոր է հետագայում երեխայի խոսքի զարգացման գործընթացի համար: Ինֆեկցիոն հիվանդությունները, վիրուսները, ինչպես նաև սթրեսային իրավիճակները հետագայում կարող են երեխայի մոտ խոսքի խանգարման առաջացման պատճառ հանդիսանալ: Մեծ դեր կարող են խաղալ նաև ծննդաբերական վնասվածքները, թթվածնային քաղցը, գանգուղեղային վնասվածքները:

Կարդացեք նաև

Կարող են երեխայի մոտ լինել միջին ականջի բորբոքումներ՝ հասնելով մինչև լսողության խանգարման կամ դրա կորստի, որը կարող է հանգեցնել խոսքի խանգարման:

Երեխայի խոսքի զարգացման համար կարևոր է նաև միջավայրը, որտեղ ապրում, զարգանում է:

Բացասաբար կարող է ազդել նաև այն, եթե երեխան մեծանա երկլեզու, եռալեզու միջավայրում:

Մի՞ֆ է, թե՞ իրականություն, երբ ասում են, որ հղիության ընթացքում պետք է երեխայի հետ շատ խոսել, որպեսզի հետագայում խոսքի զարգացումը ճիշտ ընթանա:

Իրականում, այո, կա նման կարծիք: Եթե նշում ենք, որ սթրեսային վիճակը կարող է նպաստել, որ հետագայում երեխան ունենա խոսքի խանգարում, պարզ է, որ դրական հույզերը դրական ազդեցություն են թողնում հետագայում երեխայի ընդհանուր զարգացման գործընթացում:

– Մանկապարտեզից սկսած՝ երեխաներին ուղարկում են ռուսերեն, անգլերեն, չինարեն սովորելու: Դա ավելի շատ բացասական ազդեցությո՞ւն է ունենում:

Լեզուներ սովորելը շատ լավ է, բայց պետք է հաշվի առնենք մի քանի հանգամանք. եթե երեխայի մոտ ձևավորված չէ մայրենի լեզուն, այս պարագայում չի թույլատրվում երկրորդ, երրորդ լեզվի իմացությունը: Երկու, երեք տարեկան երեխայի մոտ դեռևս մայրենի լեզուն ձևավորված չէ, բայց սովորեցնում են ռուսերեն, անգլերեն, և այն բացասաբար է անդրադառնում երեխայի խոսքի զարգացման վրա:

Ինչպիսի՞ ազդեցություն ունեն մուլտֆիլմերը. երեխան ծնվում է, մի քանի ամսից արդեն միացնում են հեռախոսը. ինչպիսի՞ ազդեցություն է ունենում հետագայում:

– Երբեմն բացասաբար է անդրադառնում: Ունենք խոսքի զարգացման կրիտիկական շրջաններ, որոնց դեպքում առաջատար է որևէ գործընթաց: Օրինակ, 1 տարեկանում առաջատար է հուզական կապը մեծահասակի հետ:

– Ե՞րբ պետք է ծնողն անհանգստանա:

Գիտենք, որ հնչյունների արտաբերումը երեխայի մոտ զարգանում և ավարտվում է 5 տարեկանին մոտ: Մինչև 5 տարեկան, եթե որոշ հնչյուններ երեխան սխալ է արտաբերում, եթե այլ խնդիրներ չկան, այս պարագայում անհանգստանալ պետք չէ, իսկ 5 տարեկանը լրանալուն պես, եթե թեկուզև մեկ հնչյուն է սխալ արտաբերում, պետք է դիմել լոգոպեդի:

Փոքր տարիքում երեխաների մեծ մասն ունի որոշ հնչյունների արտաբերման խնդիր, օրինակ՝ ռ-ի դեպքում: Ինչո՞ւ է այն այդքան բարդ, ո՞ր հնչյուններն են ավելի հեշտ սովորում:

– 5 տարեկանից հետո պետք է դիմել լոգոպեդի, ու այս պարագայում ընտանիքը ևս պետք է ներգրավված լինի լոգոպեդական աշխատանքում, ու երեխան հաղթահարի խնդիրը, որը մեծ տարիքում հոգեբանական խնդիրների է հանգեցնում:

Ըստ իս, հեշտ և դժվար հնչյուններ գոյություն չունեն: Ասում են, որ հնչարտաբերման խնդիրն ամենաթեթև խոսքի խանգարումներից մեկն է: Գուցե ունենում ենք նաև գ, կ, ք հնչյունների սխալ արտաբերում, երբ երեխաները դրանք փոխարինում են դ, տ, թ-ով: Սխալ են արտաբերում նաև լ, ռ, ր հնչյունները:

Մասնագետները նշում են, որ երեխաներն ավելի հեշտ կարողանում են արտաբերել մ, պ հնչյունները: Արդյո՞ք դա կապ ունի նրա հետ, որ առաջին բառերը լինում են մամա, պապա:

Գղգղանքի փուլին հաջորդում է թոթովանքի փուլը, երբ երեխաները մեկ բաղաձայնի և մեկ ձայնավոր հնչյունների արտաբերմամբ ձայնարկումներ են ասում: Դրանք շրթնային հնչյուններն են՝ մ, պ, տ:

Երբ երեխաները արտաբերում են մամա, պապա ձայնարկումները, ու լոգոպեդի կողմից իրականացվում է հետազոտություն, պարտադիր հարցեր ենք տալիս նրա խոսքի զարգացման վերաբերյալ, ու հարցին՝ ե՞րբ է երեխան առաջին բառերն արտաբերել, հաճախ մայրիկներն ասում են՝ այնքան շուտ է արտաբերել մամա, պապա բառերը՝ 5-6 ամսականից: Ու, երբ հարցնում ես, որ արդյոք արտաբերելիս ձե՞զ էր մատնանշում, թե՞ ձայնարկում էր, սկսում են գիտակցել, որ դրանք բառեր չէին, պարզապես թոթովանքի փուլն էր:

Խոսենք կակազության մասին. դա ավելի շատ հոգեբանակա՞ն խնդիր է, թե՞ խոսքի խանգարման:

– Պատճառները տարբեր են. կարող է ժառանգական գործոնի առկայություն լինել, սթրեսային իրավիճակ: Վերջին տարիները ապացույցն էին, որ պատերազմի ժամանակ մեր շատ տղաների մոտ սթրեսային իրավիճակով պայմանավորված՝ ախտորոշվել էր կակազություն: Բավականին մեծ աշխատանք տարանք: Խնդիրն ամբողջովին հնարավոր է հաղթահարել. միայն մասնագետը ոչինչ չի կարող անել, աջակից պետք է լինեն ընտանիքն ու կակազություն ունեցող անձը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս