Աշխարհաքաղաքական կենտրոնների համար Փաշինյանի խոսքը, որոշումները, ստորագրությունն այլևս երաշխիք չեն. Քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը սեպտեմբերի 2-ին կազմակերպված «Հանուն Արցախի» հանրահավաքը հաջողված է համարում՝ ինչպես մասնակցության ծավալի, այնպես էլ՝ բովանդակության առումով:
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգը մանրամասնեց. «Նպատակը թիրախային էր. այն է՝ ցույց տալ, որ Հայաստանի հանրությունը լուրջ տարաձայնություն ունի իշխանությունների հետ Արցախի հարցի շուրջ, Արցախի հետագա ճակատագրի շուրջ: Այսինքն՝ այդ հարցում պաշտոնական Երևանի և ՀՀ հանրության տեսակետներն իրար չեն համընկնում»:
Վիգեն Հակոբյանի համոզմամբ, թեև նախաձեռնողները հայտարարեցին, որ դադարը երկար չի տևելու, այդուհանդերձ, հաշվի առնելով հանգամանքը, որ այդպես էլ չնշվեց լայնածավալ գործողությունների շղթայի մասին, այս հանրահավաքը պայքարի նոր փուլի մեկնարկ չպետք է դիտարկել:
«Ամեն դեպքում, դա, իհարկե, սիմվոլիկ ակցիա էր, որը կարող է ստարտ լինել նոր ընդվզումների համար, քանի որ իսկապես այդ հանրահավաքը հաջողվել է թե՛ ծավալների առումով, թե՛ նաև բովանդակության: Եվ եթե քաղաքական ուժերը կարողանան որևէ կոալիցիա ձևավորել՝ «ընդդեմ» կարգախոսով նախևառաջ, ապա հանրահավաքը ցույց տվեց, որ դրա համար որոշակի ռեսուրս և պոտենցիալ կա: Ի հեճուկս պնդումների, թե Հայաստանի հանրությունն ապատիայի մեջ է, և թե հայ հանրությանը ոչինչ չի հետաքրքրում՝ բացի իր օրվա սուրճից, խորովածից ու ֆեստիվալներից»,- հավելեց նա:
Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված ներքաղաքական մի շարք զարգացումների մասին իր դիտարկումներում՝ Վիգեն Հակոբյանն ուշադրություն հրավիրեց Արցախում վերջին գործընթացներին:
«Հայաստանն այն երկիրն է, որտեղ ոչ թե արտաքին քաղաքականությունն է ներքին քաղաքականության շարունակությունը, այլ ներքին քաղաքականությունն է շատ դեպքում արտաքին քաղաքականության ածանցյալը:
Մեր երկրի այսօրվա սուբյեկտայնության աստիճանն այնքան ցածր է, որ աշխարհաքաղաքական ցանկացած զարգացում՝ առավել ևս ուժային կենտրոնների շահագրգռվածությունը, կարող են երկրում էապես իրավիճակ փոխել,- նշեց քաղտեխնոլոգը՝ նկատելով նաև, որ Արցախում ներքաղաքական փոփոխություններն էլ էապես ազդել են Հայաստանի ներքին զարգացումների, օրվա իշխանությունների արտաքին ընկալման վրա,- Որովհետև Նիկոլ Փաշինյանն աշխարհին հետաքրքիր էր նախևառաջ այն առումով, որ կարող էր որոշումներ ընդունել, ստորագրություններ դնել ինչ-որ խաղաղության փաստաթղթերի տակ, ու ոչ միայն ստորագրել, այլև իրագործել դրանք՝ նաև Արցախին ստիպելով:
Սակայն կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանի ազդեցությունը թույլ է մասնավորապես հենց Արցախի վրա: Երբ նա Արցախում կորցրեց որոշումներ ընդունելու վրա ունեցած ազդեցությունը, նրա աշխարհաքաղաքական նշանակությունն էլ զգալիորեն նվազեց:
Աշխարհաքաղաքական կենտրոնների համար Նիկոլ Փաշինյանի խոսքը, որոշումները, ստորագրությունը այլևս երաշխիք չեն, որ այդ որոշումները կկարողանա իրականացնել՝ օրինակ, Արցախում: Այդ պարագայում նրա նկատմամբ լրջությունը զգալիորեն պակասել է: Նույնը նաև ՀՀ-ում. նրա գործոնը զգալիորեն նվազում է, և սա մտահոգում է նրան ու թիմակիցներին»:
Վիգեն Հակոբյանը հենց սրանով է պայմանավորում նաև իշխանական շրջանակներում այն մտահոգությունների առկայությունը, որը հաջորդեց Արայիկ Հարությունյանի հրաժարականին, նոր ուժերի ի հայտ գալուն:
«Վախենում են, որ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական արժեքի նվազումը կարող է բերել նաև իշխանափոխության»,- շեշտեց քաղտեխնոլոգը: