«Թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր խնդիրը «Զանգեզուրի միջանցքն» է». Գառնիկ Դավթյան
Իրավիճակը կտրուկ փոխելու համար իշխանափոխությանն այլընտրանք չկա։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ գնահատելով Արցախում ստեղծված իրավիճակն ու անդրադառնալով դրա մեղավորներին։
«Իրավիճակն այնքան է վատացել ու հասել ծայրահեղ վիճակի, որ Հայաստանի ու Արցախի ներկա իշխանությունները որևէ բան չեն կարող փոխել դեպի դրականը։ Ոչ թե նրա համար, որ պարտված են կամ քաղաքականությունից ու պետականաշինությունից գլուխ չեն հանում, այլ իրենք, որպես այդպիսին, ուրիշի շահին են ծառայում՝ Հայաստանը ծառայեցնում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահին։ Իշխանափոխությանն այլընտրանք չկա»,- ասաց փորձագետը։
Խոսելով Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի մասին, երբ Ադրբեջանն ուղղակի առևանգել էր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ուսումը շարունակելու նպատակով Հայաստան եկող երեք հայ երիտասարդների, Գառնիկ Դավթյանն ասաց, որ՝ այո, ռուս խաղաղապահները նրանց պետք է ուղեկցեին, ապահովեին նրանց անվտանգությունը։ Սակայն խաղաղապահները չէին կարող ունենալ այնպիսի տվյալների բազա, որը հորինված է, թե ում է հետապնդում, ում հանդեպ ինչ քրեական գործ է հարուցվել։
«Հաճախ տարիքով ավելի փոքրերն անհեռատեսություն են ցուցաբերում ու տեսանյութերով ադրբեջանցիներին են հայհոյում, այսինքն՝ ավտոմատ հայտնվում են Ադրբեջանի թիրախում։ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած գործընթացներին՝ իրավիճակային առումով, պետք է գնահատական տրվի։ Մասնավորապես այն, որ ռուս խաղաղապահների կողմից կա, այսպես կոչված, լռություն՝ պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով, բայց միևնույն ժամանակ՝ կա Ադրբեջանի լկտիացումը, որի ջրաղացին ջուր լցնողն այսօրվա ՀՀ կապիտուլացված իշխանությունն է։ Իրենց վարած արտաքին քաղաքականությամբ, նախորդ տարի հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ հիմք դրեցին, որ ադրբեջանական կողմը հոկտեմբերից այս կողմ ինչ քայլեր անի, ունենա «իրավական հիմք» և դրանով արդարացնի, թե՝ «քանի որ դա արդեն իմ տարածքն է, հետևաբար՝ բոլոր պահանջներն ու մեղադրանքներն անհիմն են ու կեղծ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, Ադրբեջանի դատախազությունը տեղեկատվություն էր տարածել, թե 10 օր կպահեն, հետո ազատ կարձակեն առևանգված երեք հայ երիտասարդներին։ Այս ամենի մասին որևէ բան չեն խոսում, չեն ասում, թե ինչու հանկարծ նման որոշում կայացվեց։
«Խորապես համոզված եմ՝ մեր հայրենակիցների կալանավորումն ու 10 օրից բաց թողնելը պայմանավորված է նրանով, որ ռուսական կողմից եղել են լուրջ ճնշումներ։ Ադրբեջանն իր քայլը փորձում է մատուցել՝ որպես հումանիստական քայլ»,- հավելեց նա։
Գառնիկ Դավթյանի մեկնաբանությամբ՝ հատկապես 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո պարբերաբար իրականացվող գործողություններով հաստատվում է, որ Ադրբեջանը բազմաթիվ նպատակներ է հետապնդում, ամենաակներևը՝ պայմաններ ստեղծել էթնիկ զտում կատարելու համար, այնուհետև արցախահայության մոտ սեփական հողում անվտանգ չզգալու հոգեբանություն ներարկել։ Նաև հոգեբանական, տնտեսական ու մարդկային ռեսուրսն աստիճանաբար սպառելով՝ մարդկանց այլընտրանք են տալիս՝ կա՛մ դուրս եք գալիս, կա՛մ մահանում եք։
«Այս ձևով ավելի հեշտ է Ադրբեջանն էթնիկ զտում իրականացնում՝ առանց սպանդի։
Մեծ վտանգ կա ոչ միայն ռազմական բախման, այլև Արցախի հայաթափման՝ Արցախը մոտ 9 ամիս շրջափակված պահելը հենց դրա մասին է վկայում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից «հումանիտար»» օգնությանը, ապա սա Հայաստանի խամաճիկ և Ադրբեջանի ահաբեկիչ կառավարությունների համատեղ գործողությունն է։ Առաջին պատճառն այն է, որ միջազգային հանրությանը ցույց տան, թե՝ տեսեք, մենք էլ ենք մարդասեր, մենք էլ ենք ուզում հումանիտար բեռ հասցնենք Արցախ, բայց հայերը չեն ուզում։ Նաև այս փուլում Ադրբեջանի վրա արտաքին ճնշումները զսպելու քայլեր են»,- շեշտեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում