Կեղծիքի վրա կառուցված բուրգը փլվում է

Հայաստանի տնտեսության նախորդ մեկ-մեկուկես տարվա զարգացումների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությունները կառուցված էին կեղծիքի վրա։ Կեղծ հայտարարություններով փորձում էին աննախադեպության տպավորություն ստեղծել։ Բայց իրականությունը հնարավոր չէր երկար թաքցնել։

Կեղծիքի վրա կառուցված բուրգը վերջին շրջանում սկսել է փլվել։ Այլևս նկատելի չեն այն բարձր տնտեսական աճերը, որոնք իշխանություններն ամեն անգամ շահարկում էին՝ հասարակության անտեղյակ հատվածին ի ցույց դնելով իրենց արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները։

Որոշ հատվածներում, իհարկե, դեռևս պահպանվում են բարձր աճերը, բայց դրանք տնտեսության իրական զարգացումների հետ կապ չունեն։

Խայտառակ վիճակ է արդյունաբերության բազմաթիվ ճյուղերում։ Թվում է, թե վերջին շրջանի արտաքին դրական շոկերը պիտի նպաստեին դրանցում տնտեսական հզորությունների ավելացմանը։ Սակայն հակառակն է՝ արտադրության ծավալները նվազել են, երբեմն՝ բավական մեծ տեմպերով։

Կարդացեք նաև

Խոսքը նույնիսկ հանքարդյունաբերության մասին չէ, որտեղ գործող մի շարք ընկերություններ, ներքին ու արտաքին խնդիրներով պայմանավորված, ոչ միայն կրճատել են արտադրության ծավալները, այլև հայտնվել փակման եզրին։ Իրականացվող ներքին քաղաքականությունը, տնտեսական ու ֆինանսական շուկայից թելադրված դժվարությունները հանգեցրել են նրան, որ ոլորտը հայտնվել է կաթվածահար վիճակում։ Արտադրության ծավալների կրճատումը գնալով խորանում է։ Կիսամյակի արդյունքներով՝ անկումը հասել է գրեթե 7 տոկոսի։

Բայց միայն հանքարդյունաբերությունը չէ։ Մինչև վերջերս հպարտանում էին մշակող արդյունաբերության ոլորտի բարձր աճերով։ Ունենք այն, որ տարեսկզբի առաջին վեց ամիսներին մշակող արդյունաբերության աճը կազմել է հազիվ 4,3 տոկոս։ Վերջին ամիսներին աճի տեմպը գնալով նվազում է։

Հինգ ամիսների աճի ցուցանիշը 7,2 տոկոս էր, առաջին եռամսյակինը՝ 8,1 տոկոս։ Երեք ամսվա ընթացքում աճի տեմպը գրեթե կրկնակի ընկել է։

Մշակող արդյունաբերությունը, որտեղ իբր դրսևորվել էին արտաքին գործոնների դրական ազդեցությունները, մայիսին գրեթե դադարեց աճ արձանագրել։ Արդեն հունիսին այն մտավ անկումային փուլ։ Գրանցվեց արտադրության ծավալների նվազում։

Այլևս չի հաջողվում պահպանել նույնիսկ նախորդ տարվա մակարդակը։

Նախորդ տարվա համեմատ՝ կրճատվել է սննդամթերքի արտադրությունը։

Անկումը կիսամյակում կազմել է 3,4 տոկոս։ Հունիսին շատ ավելի մեծ է եղել՝ գրեթե 8 տոկոս։

Տեղական սննդամթերքի արտադրությունը կրճատվել է։ Կրճատվել է, չնայած ներքին շուկայում սպառողական պահանջարկը զգալիորեն ավելացել է՝ պայմանավորված՝ ինչպես Հայաստան տեղափոխված տասնյակ-հազարավոր ռելոկանտների առկայությամբ, այնպես էլ՝ զբոսաշրջային հոսքերի ավելացմամբ։

Նախորդ տարվա համեմատ՝ հարյուր-հազարավոր զբոսաշրջիկներն են ավելացել։

Թվում է, թե այս երկու գործոնները պետք է նպաստեին սննդամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացմանը։ Բայց դրանք նվազել են։

Նվազել են, որովհետև տեղական արտադրանքը կորցրել է մրցունակությունը։ Գին-որակ հարաբերության մեջ զիջում է ներմուծմանը։

Ներմուծվող ապրանքները՝ տարադրամի արժեզրկման ու դրամի արժևորման հետևանքով ներքին շուկայում ավելի մրցունակ են դարձել ու դուրս են մղում տեղականին։

Արտաքին շուկաներում ևս դժվարություններն ավելացել են՝ նույն խնդիրների պատճառով։

Թեև կիսամյակի արդյունքներով ավելացել է խմիչքների արտադրությունը, վերջին ամիսներին այստեղ էլ աճի տեմպը գնալով ընկնում է։

Մայիսին, երբ աստիճանաբար սկսեց արտահայտվել նախորդ տարվա դրսևորումների ազդեցությունը, աճը գրեթե կանգ առավ, իսկ հունիսին անկում գրանցվեց։

Խմիչքների արտադրությունը հունիսին կրճատվել է 7,7 տոկոսով։

Նվազել է հատկապես կոնյակի արտադրությունը։ Անկումը հասնում է 15 տոկոսի։

Հագուստի արտադրությունն էլ է նվազել, այն էլ՝ երկնիշ։ Կիսամյակի անկումը 11,2 տոկոս է։ Անգամ նախորդ տարվա սկզբի ցածր բազան թույլ չի տվել, որպեսզի հագուստի արտադրության ոլորտում թեկուզ չնչին աճ ունենանք։

Նվազումը հունիսին գերազանցել է նույնիսկ 20 տոկոսը։ Մայիսին 17 տոկոսից քիչ էր։

Տեղի է ունեցել նվազման տեմպի արագացում։

Նվազել է ոչ միայն սննդի ու հագուստի, այլև էլեկտրա- և մեքենա-սարքավորումների արտադրությունը։

Հիշեցնենք, որ սա Հայաստանից արտահանման ամենամեծ հատվածների մեկն է։

Ու չնայած արտադրության ծավալների հսկայական անկմանը, այդ խմբի ապրանքների արտահանումն անգամներով է ավելացել։ Դժվար չէ հասկանալ, թե դա ինչի հաշվին է ավելացել։

Էլեկտրական սարքավորումների արտադրությունը տարվա առաջին կեսին նվազել է 18 տոկոսով, մեքենաներինը և սարքավորանքինը՝ 24 տոկոսով, համակարգիչներինը և էլեկտրոնային ու օպտիկական սարքավորումներինը՝ 10,7 տոկոսով։

Այս բոլոր ոլորտներում վեց ամսում թողարկվել է գրեթե 21 մլրդ դրամի արտադրանք։ Այնինչ՝ մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանումը Հայաստանից կազմել է ավելի քան 567 մլն դոլար։

Աճը նախորդ տարվա համեմատ 8,4 անգամ է՝ ներքին արտադրության երկնիշ նվազման պայմաններում։

«Մեքենաշինական» երկիր դարձող Հայաստանում առաջին կիսամյակում արտադրվել է ընդամենը 114,8 մլն դրամի ավտոմեքենա։ Թե քանի՞ մեքենայի մասին է խոսքը, կարելի է մոտավորապես հաշվարկել։ Ենթադրվում է, որ դրանք էկոնոմիկայի նախարարի ասած՝ հայտնի «Սեպուհներն» են։

Այսպիսի էպիզոդիկ աճեր կան, բայց ներքին արտադրության հետ կապված ընդհանուր իրավիճակը տխուր է։

Կիսամյակի արդյունքով, արդյունաբերության մեջ ընդամենը 1 տոկոս աճ է եղել։ Բայց դա էլ առաջիկայում հավանաբար չի լինի, երբ ավելի խորանան ու արտահայտիչ դառնա նախորդ տարվա երկրորդ կեսի ազդեցությունները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս