Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը. Արարատ Միրզոյան
Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց՝ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկումների առանցքում են եղել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամին առնչվող հարցերը, որոնք ստեղծվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով։
«Գործընկերոջս հետ քննարկումներին ընդգծել եմ նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև՝ թիրախավորում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին հայկական դիրքերը, ինչպես գիտենք՝ այդ մասին հայտարարել է նաև ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությունը:
Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները, և բացառություն չի եղել այնպիսի հումանիտար հանձնառության կյանքի կոչումը՝ ինչպիսին է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, անհայտ կորած համարվողների ճակատագրերի պարզաբանումը: Եվ այսօր արդեն Ադրբեջանը փաստացի պատանդառության մեջ է պահում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը։
Այս գործելաոճով Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության, բայց և առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության ջանքերին: Եվ ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն՝ ձեռնարկելու գործուն քայլեր՝ Ադրբեջանի ապակառուցողական, հակամարդկային, ռազմատենչ գործելաոճը փոխելու համար»,- հավելեց Արարատ Միրզոյանը:
Ինչպես տեղեկացրեց Արարատ Միրզոյանը՝ հանդիպման ընթացքում նաև գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել երկկողմ գործընկերության ընդլայնման հեռանկարներին` երկուստեք պատաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել՝ մասնավորապես, տնտեսական, գիտական, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ոլորտներում առկա ներուժն իրացնելու ուղղությամբ։
«Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման, ժողովրդական արժեքների, ինչպես նաև՝ 2 ժողովրդի միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված փոխգործակցությունը կունենա իր դրական արդյունքը»,- մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նաև այս համատեքստում նա ողջունել է Բելգիայի կառավարության որոշումը` ՀՀ–ում Բելգիայի դեսպանություն բացելու վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում