«Պատային իրավիճակ է ստեղծվել, որը պահանջում է նոր ստատուս-քվոյի ձևավորում». Գրիգոր Բալասանյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ անհասկանալի էր օրերս Արցախում մի խումբ ակտիվիստների կողմից ռուս խաղաղապահ զորակազմի ռազմաբազայի մոտ բողոքի ակցիա իրականացնելը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում Գրիգոր Բալասանյանն ասաց նաև, որ բնական էր, որ ռուս խաղաղապահներն ակտիվիստներին թույլ չէին տալու, որ նրանք հասնեին Բերձորի միջանցքի մոտ ու բողոքի ակցիա իրականացնեին։
«Նախ, Բերձորի միջանցքի մոտ պիտի գնային այդ Բերձորի ճանապարհը բացելու, միայն այդ դեպքում արդարացված կլիներ նրանց գնալն այնտեղ։
Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել, որովհետև շատ լավ հասկանում էին, որ այնտեղ տեղի էր ունենալու բախում, գուցե սա բերելու էր զոհերի, որի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնելու էր ռուս խաղաղապահների վրա։ Երկրորդ՝ եթե ադրբեջանցիները դժգոհ մնային այս ամենից, իսկ նրանք դժգոհ էին մնալու, մեղադրելու էին ռուս խաղաղապահներին, ասելու էին՝ միակողմանի դիրքորոշում ունեն, հետևաբար՝ Ադրբեջանը հայտարարելու էր, որ ռուս խաղաղապահների ներկայությունն այսուհետև ցանկալի չէ Արցախում, քանի որ նրանք կողմնակալ են»,- նշեց Գրիգոր Բալասանյանը։
Հարցին՝ արդյո՞ք այսօր էլ Ադրբեջանը դժգոհ չէ ռուս խաղաղապահներից, մեր զրուցակիցը պատասխանեց, որ միշտ է դժգոհ, քանի որ ռուս խաղաղապահները թույլ չտվեցին, որպեսզի ադրբեջանցիներն ի կատար ածեն իրենց վերջնական ծրագիրը՝ վերցնել Ստեփանակերտը։
«Հիմա Ալիևը հայտարարում է, որ՝ ես հաղթել եմ պատերազմում, նրա քաղաքական հակառակորդները հակադարձում են, ասում են՝ եթե հաղթել ես, դու այս պահին վերահսկում ես Արցախի Հանրապետության 2 շրջան, մյուս 5 կամ 4 շրջանները վերահսկում է Արցախի իշխանությունը, և երկուսիդ մեջտեղում էլ կանգնած է ռուս խաղաղապահը։ Սա Ադրբեջանին ձեռնտու չէ, դրա համար էլ առաջին օրվանից նրանք ռուս խաղաղապահների հետ համաձայն չեն եղել, հիմա շատ լուրջ պատճառ է պետք, որպեսզի Ադրբեջանը հիմնավոր կերպով մտնի ՄԱԿ՝ Անվտանգության արտահերթ նիստ հրավիրելու և պահանջելու, որպեսզի ռուս խաղաղապահներին դուրս բերեն։ Հետևաբար, հիմա նման սցենարով շարժվելը ու գործողություններ կատարելը չի բխում արցախահայության շահերից»,- շեշտեց նա։
Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ Շուշիի մոտ ադրբեջանական կեղծ «էկոակտիվիստները» երբ ճանապարհը փակեցին, այդ ճանապարհը ոչ թե պետք է բացեին ցուցարարները, այլ Արցախի հատուկ ծառայությունը։ Պետք է այդ 20-25 հոգուն արագ հավաքեին։
«Ժամանակն է եկել, որ լոկալ, փոքր իրավիճակներում ատամ ցույց տրվի, կանգնել կողքի ու մատնացույց անել խաղաղապահներին ու ասել՝ իրենք են մեղավոր… լավ, խաղաղապահները թողեցին դուրս եկան, հետո՞, մեդալի հակառակ կողմն իրենք ինչպե՞ս են տեսնում։ Ինչպե՞ս են մի քանի հոգի իրենց վրա պատասխանատվություն վերցնում 120 հազար բնակչի ճակատագրի հետ խաղալու համար, ո՞վ է փոխարինելու ռուս խաղաղապահներին, ՄԱԿ-ի խաղաղապահնե՞րը։
Իհարկե, ռուս խաղաղապահներն իրենց մանդատով վերապահված բոլոր լիազորությունները չեն իրականացնում, իհարկե կան թերություններ ու բացթողումներ։ Բայց ռուս խաղաղապահների համար տհաճ անակնկալ էր 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, դրանով ռուս խաղաղապահների լիազորությունները սահմանափակվեցին։
Բա որ 2020 թվականին ռուս խաղաղապահները 52 հազար արցախահայերի վերադարձրեցին իրենց բնակության վայրեր, ինչո՞ւ Ադրբեջանը մի անգամ ձայն չհանեց։ Պետք է խորքային հասկանալ, ինչն է պատճառը, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում ամբողջությամբ կատարել իրենց վրա դրված պարտավորությունները։ Հոկտեմբերին Պրահայում եղած հայտարարությունը նոյեմբերի 9-ի պայմանագրի խախտում էր, քանի որ ստացվում է՝ այդ հայտարարությունից հետո նոյեմբերի 9-ի արձանագրություն այլևս չկա»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ բողոքի ակցիաներով որևէ խնդիր չի լուծվելու, քանի որ միջազգային հանրությունը թքած ունի։
«Այս պահի դրությամբ բավականին պատային իրավիճակ է ստեղծվել, այս իրավիճակը պահանջում է նոր ստատուս-քվոյի ձևավորում, այսինքն՝ գործող ստատուս-քվոն չի աշխատում։ Հիմա մենք, ուզենք թե չուզենք, այս ամենն առանց ռազմական լոկալ բախումների, առանց ահաբեկչական գործողությունների ադրբեջանցիների նկատմամբ… քանի որ իրենց անկախության համար պայքարող ազգերն ունեն նաև ահաբեկչության սուվերեն իրավունք։ Սա ես չեմ ասել, սա ասել է Յասեր Արաֆաթը ՄԱԿ-ի ամբիոնից, որ պաղեստինցիներն իրենց անկախության համար պայքարի ճանապարհին ունեն նաև ահաբեկչության իրավունք։ Հիմա արցախցիներն ունեն ահաբեկչության իրավունք, պետք է Բերձորի, Շուշիի մոտ ահաբեկչություն իրականացվի, Ադրբեջանը պիտի հասկանա, որ այնտեղ դիմադրության օջախներ կան, խաղաղ միտինգներով հարց չի լուծվելու։
Ադրբեջանն Արցախին երեք տարբերակ է առաջարկում՝ ձուլում, հայրենազրկում և ցեղասպանություն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում