Ադրբեջանը՝ Թուրքիայի, Իրանի և Իսրայելի դիմակայությունում. Սերգեյ Անդրեև
Ամռան սկզբին Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Իրան։ Պատճառը տարվա սկզբին դեսպանատան վրա հարձակումն ու Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի ձերբակալությունն է, որը կասկածվում է լրտեսության մեջ: Բաքվում իշխանությունների նման գործողությունների հիմնավորումը բավական ուշագրավ է, հատկապես հաշվի առնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման պահից անցել է գրեթե կես տարի, իսկ Իրանի հետ ինչ-որ կերպ կապված քաղաքացիներին հենց իրենք՝ ադրբեջանցիները, ձերբակալում են զանգվածաբար և առանց որևէ հիմնավոր ապացույցի։
ԶԼՄ-ներում արդեն ենթադրություններ են հնչում, որ տարածաշրջանում ընթանում է էսկալացիայի նախապատրաստություն, որը պետք է վերաբերի նաև Իրանին։ Դա հնարավոր է Արցախում կամ Հայաստանում ռազմական գործողություններ սկսելու դեպքում, քանի որ Իրանի և Ադրբեջանի միջև ֆորմալ առումով այլ կոնֆլիկտային գոտիներ չկան։ Դատելով վերջին իրադարձություններից, այդ թվում՝ Փաշինյանի այցից Անկարա, Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունները Զանգեզուրի միջանցքի մոտալուտ բացման, Ադրբեջանում իրանական մշակութային կենտրոնի փակման և լրտեսական սկանդալների մասին, որոնցում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում Թուրքիայի, Իսրայելի և Արևմուտքի երկրների հատուկ ծառայությունները, էսկալացիան գուցե արդեն սարերի հետևում չէ։
Իրենց դերը կարող են խաղալ նաև Ղարաբաղյան պատերազմների մասնակիցների ներկայիս բողոքները Հայաստանում, որոնք ներկայումս սպասում են վերջին ձերբակալվածների ազատ արձակմանը և իբր արդեն պատրաստվում են դրա համար պատրաստված տրանսպորտով առաջանալ Կոռնիձոր (Ադրբեջանի հետ սահմանի մոտ): Երևանում բողոքող զինվորականները դեռ մի քանի օր առաջ կառավարության շենքի մոտ փակել էին ճանապարհը՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով իրենց զենք տրամադրել «Արցախը ապաշրջափակելու» համար: «Եթե Արցախը փակ է, մենք այստեղ էլ ամեն ինչ կփակենք»,- հայտարարել են ցուցարարները՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց և շարժվել դեպի հայ-ադրբեջանական պայմանական սահմանին գտնվող Հակարիի կամուրջ:
Մինչդեռ Թեհրանի դեմ գործողություններում Բաքվի թիկունքում ավելի ու ավելի հստակ են երևում Անկարան և նրա հատուկ ծառայությունները։ Օգոստոսի առաջին տասնօրյակում գրեթե համաժամանակյա այն տեղեկատվության ի հայտ գալու հետ, որ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ Իսմայիլ Գյունայդինի հետ, Անկարան հայտարարել է, որ չեզոքացրել է իրանական հսկայական լրտեսական ցանցը, որում առկա է նաև ադրբեջանական հետք:
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները հաղորդում են՝ Թուրքիայի հետախուզությունը գործողություն է իրականացրել Ստամբուլի օդանավակայանում, որի ընթացքում առգրավվել է ամբողջ աշխարհում ԻԼԻՊ-ի սուննի ջիհադիստական կազմակերպության շուրջ 10 հազար անդամների անունները պարունակող տվյալների բազա: Եթե հավատանք թուրք լրագրողներին՝ ԻԼԻՊ-ի հետ կապված լրտեսական օբյեկտների գաղտնալսման ժամանակ Ստամբուլի ոստիկաններն իմացել են «թվային բեռի» առաջիկա փոխանակման մասին։ ԴԱԻՇ-ի անդամները, որոնք տվյալների բազա ունեն, պայմանավորվել են այն 9 մլն դոլարով վաճառել հինգ տղամարդու՝ «չկասկածելով իրանական հետախուզության հետ նրանց կապի մասին»:
Հատկանշական է, որ «գնորդների» թվում են հայտնվել նաև երկու ադրբեջանցիներ՝ Սեյմուր Ռզաևը՝ իրանական ծագմամբ Ադրբեջանի քաղաքացի, ով մասնակցել է Իրանում անօդաչու թռչող սարքերի մշակման գաղտնի նախագծին, և Հիքմաթ Ալիևը՝ Իրանի քաղաքացի, որը ղեկավարում է Թուրքիայի և թյուրքական երկրների միջև բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունը: Ավելի ուշագրավ է, որ նույն թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ տվյալների բազայի գոյության մասին, որը կենսագրական տեղեկություններ է պարունակում միայնակ ահաբեկիչների մասին՝ սկսած նրանց հմտություններից մինչև բնակության վայր և նույնականացման տվյալներ, հայտնի է եղել հատուկ ծառայությունների մեծ մասին՝ ԿՀՎ–ից և բրիտանական ՄԻ-6-ից՝ մինչև իսրայելական Մոսադ։
Այս «մերձիսլամիստական» սկանդալի և տարածաշրջանում աճող դիմակայության ֆոնին համաշխարհային հրեական ազդեցիկ ԽԱԲԱԴ շարժումը կրկին հանդես եկավ ի պաշտպանություն Ադրբեջանի և նրա նախագահի և ընդդեմ «Իրանի իմպրովիզների»՝ ի դեմս Հայաստանի։ ԱՄՆ-ում ԽԱԲԱԴ-ի նշանակությամբ երկրորդ ինտերնետային ռեսուրսը՝ Crown Heights-ը (ամսական 1,6 մլն այցելու), հիշեցրել է, որ «Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմավարական համագործակցության անսասան քաղաքականության» պատճառով իրանական ռեժիմն անձամբ սպառնացել է Ալիևին և հրապարակել հակասեմական ծաղրանկարներ, որոնք նրան ներկայացնում են՝ որպես հրեա: «Մենք պետք է պաշտպանենք մեր բարեկամներին և դաշնակիցներին՝ հստակ ազդանշան ուղարկելով. իրանցի քարոզիչները մեր միջև սեպ խրել հնարավորություն չունեն»:
Իր հերթին, Col-ը՝ ԱՄՆ-ում ԽԱԲԱԴ-ի Կենտրոնական պարբերականներից մեկը, որն ամսական ունի մոտ 2,8 միլիոն այցելու, գրում է.
«Ալիևը Իսրայելի և հրեաների հետ բարեկամության հիմք է դնում Թեհրանի կողմից ընդհանուր սպառնալիքի ֆոնին։ Եվ ժողովուրդը աջակցում է նրան, քանի որ դարեր շարունակ նա խաղաղ ապրել է հրեաների հետ և պաշտպանել նրանց»:
Պարբերականի հեղինակները նշում են, որ վերջին շաբաթներին իսրայելական և հրեական սփյուռքի մի քանի լրատվական գործակալություններ «տարօրինակ հոդվածներ են հրապարակել, որոնցում պնդում են, թե Ադրբեջանը՝ Իրանի դեմ պայքարում Իսրայելի գլխավոր դաշնակիցը, լավ գործընկեր չէ», և փոխարենը, չգիտես ինչու, պետք է ընկերություն անել Հայաստանի հետ: Ուստի հոդվածում հատուկ շեշտադրում է արվում այն բանի վրա, որ «Հայաստանը Իրանի հրեա ժողովրդի գլխավոր թշնամու դաշնակիցն է».
Նման նյութերը, ինչպես երևում է, միայն «վառելանյութ» են ավելացնում բառացիորեն հակամարտությամբ շնչող տարածաշրջանում։ Իրանական լրատվամիջոցները նման հայտարարություններին պատասխանում են «յոթ րոպե դեպի Թել Ավիվ» վերնագրերով, որոնցով տեղական թերթերի խմբագրությունները, ինչպիսիք են Jam-e Jam-ը, ձևավորում են Իրանում հեռահար գործողության հիպերձայնային հրթիռների մշակման մասին լուրերը:
Սինխրոն արտաքին խաղացողների հետ ներսից Իրանի դեմ գործում են բողոքի ցույցերի հետևում կանգնած ուժերը, որոնք ամիսներ շարունակ չեն հանդարտվում։ Ընդ որում, արևմտյան Ադրբեջանում և Իրանի այլ նահանգներում բողոքողները ոչ թե բարեփոխումների, այլ Իսլամական Հանրապետության անհետացման կոչ են անում: Նրանք չեն սահմանափակվում միայն խոսքերով, սպանում են նույնիսկ փոքր քաղաքներում ուժայիններին և ռեժիմի պաշտոնյաներին, ինչպիսին է գլխավոր դատավոր Պոլ-Է-Դոխթարը (Արևմտյան Լուրեստան նահանգ)՝ միաժամանակ հայտարարելով, որ պետք է վերացվի նաև երկրի ամբողջ դատական համակարգը, այդ թվում՝ հենց դատավորները։ Անցած տարվա վերջին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը ճնշել են զինված ապստամբությունը ադրբեջանցիներով բնակեցված Մեհաբադում (Արևմտյան Ադրբեջան նահանգ), ինչը քաղաքացիների շրջանում զոհերի պատճառ է դարձել:
Թեհրանը ստիպված է եղել դիմել այդ քայլին՝ կապված բողոքի ակցիաների մասնակիցների և իշխանությունների միջև զինված բախումների անցման հետ։ ԻՀՊԿ ստորաբաժանումների խոշոր կոնտինգենտը շրջափակել է քաղաքը և մաքրել այն «կասկածելի տարրերից»։ Այնուամենայնիվ, Իրանի ողջ Արևմուտքը, որտեղ բնակվում են ադրբեջանցիներ և այլ էթնիկ փոքրամասնություններ, բառացիորեն եռում է, բողոքները չեն հանդարտվում, և զինված բախումների անցումը կարող է տեղի ունենալ բառցիորեն ցանկացած վայրում։ Ցուցարարները ոչ միայն չեն թաքցնում, այլև ամեն կերպ ընդգծում են, որ ցանկանում են Վաշինգտոնի և տարածաշրջանում արևմտամետ ուժերի օգնությամբ Իրանում իշխանափոխություն իրականացնել. «ԱՄՆ-ը պետք է հեռվից օգնի՝ ուժեղացնելով պատժամիջոցները և բարելավելով ցուցարարների միջև հաղորդակցությունը»: Այս կապակցությամբ Թեհրանը հայտարարում է, որ ի վիճակի է պատասխան տալ տարածաշրջանում անկարգությունների ցանկացած գործողության: Ընդ որում, ոչ միայն Անկարային, Թել Ավիվին ու Բաքվին, այլև հենց Վաշինգտոնին։
«Իրանը հասել է հզորության և հնարավորությունների այնպիսի բարձր աստիճանի, որ կարող է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած գործողությւնների և չարագործությունների (տարածաշրջանում), ներառյալ՝ նավերի զավթումը»,- հայտնել է ԻՀՊԿ խոսնակ Շարիֆը, որի խոսքերով՝ տարածաշրջանի երկրները «ճիշտ են հասկացել, որ Իրանը խոշոր տերություն է դառնում տարածաշրջանում»: Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) օգոստոսի 7-ին հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկել ավելի քան 3 հազար նավաստիներ և ծովային հետևակայիններ:
Հրապարակման պատրաստեց՝ Գ․Մ․-ն
Աղբյուրը՝ ritmeurasia