Գործ անելու փոխարեն՝ գեղանկարչությամբ են զբաղված

Հայաստանի տնտեսությունը երկրորդ տարին անընդմեջ գտնվում է արտաքին դրական շոկերի ազդեցության տակ. բարձր աճեր են գրանցվում, բյուջեի եկամուտներն են ավելանում։ Դրանք տեղի են ունենում հայտնի գործոնների արդյունքում։ Դրսից մեծ փողեր են եկել ու շարունակում են գալ, ներքին սպառումն է ավելացել՝ արտաքին պահանջարկով պայմանավորված, առևտրի շրջանառություններն են մեծացել՝ ներմուծումների ու վերարտահանումների շնորհիվ։ Այս ամենը դրական շոկեր է ստեղծել մեր տնտեսության մեջ, որոնք հանգեցրել են մի շարք ոլորտներում բարձր աճերի ձևավորման։

Բոլորն էլ գիտեն, թե ինչի արդյունք են այդ աճերը, բայց դա չի խանգարում, որպեսզի իշխանությունները փորձեն դա էլ սեփականաշնորհել։ Ասում են, իրականացված բարեփոխումներն են արդյունք տալիս։

Ի՞նչ բարեփոխումների մասին են խոսում, չես հասկանում։ Այն, որ արգելել են ռեստորաններում սեղաներին աղ դնե՞լը, թե՞ որ բացօթյա սրճարաններում սպառնում են տուգանքներ կիրառել ծխելու համար։ Որտե՞ղ են իրականացված բարեփոխումները, որոնք էլ նպաստել են բարձր տնտեսական աճերի գրանցմանը։ Չլինեին արտաքին գործոններ՝ կերևար իշխանությունների իրականացրած «բարեփոխումների» ազդեցությունը։ Չնայած այսօր էլ այդ «բարեփոխումների» ազդեցությունը տեսնում ենք որոշ ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսության իրական հատվածում։

Իշխանությունները միլիարդների ներդրումներից, նաև օտարերկրյա ուղղակի ներդրումներից են խոսում, իսկ տնտեսության իրական հատվածում ներդրումներ գրեթե չկան։

Կարդացեք նաև

«Անցած տարի օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 1 մլրդ դոլար։ Սա ռեկորդային ցուցանիշ է. այն կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 5 տոկոսը։

Ինչ վերաբերում է ներդրումների ծավալին, ապա այն կազմում է 4,5 մլրդ դոլար, որը ՀՆԱ–ի 22 տոկոսն է։

Նաև ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացման ճանապարհին են»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Մինչ էկոնոմիկայի նախարարը միլիարդավոր դոլարների հասնող ռեկորդային ներդրումներից է խոսում, տնտեսության իրական հատվածում ունենք օտարերկրյա ներդրումների չափազանց տխուր պատկեր։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարեսկզբին իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 29,6 միլիարդ, իսկ ուղղակի ներդրումներինը՝ 33,4 մլրդ դրամ։ Առաջինը համարժեք է գրեթե 77 միլիոնի, երկրորդը՝ 87 մլն դոլարի։

Նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն իրական տնտեսության մեջ ավելացել են մի դեպքում՝ 2,7 միլիարդ, մյուս դեպքում՝ 10,9 մլրդ դրամով։

Համարենք, որ սա էլ աճ է, թեկուզ ոչ մեծ։ Բայց այդ աճն ընդամենը նախորդ տարվա համեմատ է։ Այնինչ՝ նախորդ տարի, 2021թ. համեմատ, ունենք իրական տնտեսության մեջ կատարված ներդրումների զուտ հոսքերի բավական մեծ անկում։ Ու այդ անկումից հետո, այս տարի մի փոքր աճ կա։

Պատկերացնելու համար ասենք, որ 2021թ. սկզբին իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել էին 76,8 միլիարդ, իսկ ուղղակի ներդրումներինը՝ 34,8 մլրդ դրամ։ Այս տարի կազմել են, համապատասխանաբար՝ 29,6 միլիարդ և 33,4 միլիարդ։

Հիմա համեմատեք, թե ինչ մեծ «առաջընթաց» ունենք այս տարի։

«Համաշխարհային մակարդակի» տնտեսական աճերի պայմաններում ահա այսպիսին է ներդրումային ռեկորդների արտահայտությունը՝ տնտեսական իրական հատվածում։ Եղած ներդրումներն էլ խիստ սահմանափակ երկրներից են ու տնտեսության հատվածներում։

Իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է։ Զուտ հոսքերն այս երկրից ավելացել են 17,3 միլիարդով, ուղղակի ներդրումներինը՝ 37,8 մլրդ դրամով։

Այլ երկրներից համեմատաբար ակտիվ են եղել կիպրական կապիտալի հոսքերը։

Այնինչ՝ ամերիկյան ներդրումների զուտ հոսքերը Հայաստանի տնտեսության մեջ նույնիսկ կրճատվել են։

Կրճատվել են ներդրումների զուտ հոսքերը նաև բազմաթիվ այլ երկրներից։

Ամենամեծ փոփոխությունը տեղի է ունեցել Նիդեռլանդների պարագայում. իրական տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են ավելի քան 16 մլրդ դրամով։

Գերմանիայից ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նվազել են 8 միլիարդով, Վիրջինյան կղզիներից՝ 4,4 միլիարդով, Իտալիայից՝ 1,7 միլիարդով։

Բազմաթիվ այլ երկրներից ևս ունենք իրական տնտեսության մեջ կատարված ներդրումների և ուղղակի ներդրումների զուտ հոսքերի նվազում։

Սա խոսում է մեր տնտեսության և, որ շատ ավելի վատ է, իրական տնտեսության նկատմամբ օտարերկրյա ներդրողների ունեցած հետաքրքրությունների մասին։ Դա ակնհայտ երևում է նաև ներդրումների կառուցվածքում։

Երկու հիմնական ուղղությունները, որոնք հետաքրքրում են դրսի կապիտալին Հայաստանի տնտեսության նկատմամբ՝ հանքարդյունաբերությունն է ու էներգետիկան։ 33,4 մլրդ դրամ ուղղակի ներդրումների զուտ հոսքերից 22 միլիարդը գնացել է մետաղական հանքաքարի արդյունահանման ու հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մեջ։ Եվս 14 միլիարդը գնացել է էներգետիկա։

Հանքարդյունաբերության ներդրումների հիմնական մասը ռուսական են։ Եթե նիդեռլանդական ներդրումների զուտ հոսքերն այս ոլորտում նախորդ տարվա համեմատ նվազել են 16 միլիարդով, ապա ռուսականը 24 միլիարդով ավելացել է։

Կիպրական ներդրումների աշխուժությունը ևս կապված է հիմնականում հանքարդյունաբերության հետ։ Մետաղների հանքաքարի արդյունահանման մեջ ուղղակի ներդրումների զուտ հոսքերն այդ երկրից 9,5 միլիարդով ավելացել են։

Էներգետիկայում ևս ներդրումների գերակշիռ մասը ռուսականն են։ Այստեղ ուղղակի ներդրումների զուտ հոսքեր տարեսկզբին ավելացել են 14 միլիարդով, որից 13,3 միլիարդը՝ ռուսական կապիտալի հաշվին։

Այլ ոլորտներում ուղղակի ներդրումները շատ քիչ են կամ գրեթե չկան։

Իշխանությունների ասած՝ համաշխարհային մակարդակի տնտեսական աճերի պայմաններում, մեր տնտեսության իրական հատվածի նկատմամբ օտարերկրյա կապիտալի հետաքրքրությունները խիստ սահմանափակ են։ Թեև թվում է, թե հակառակը պիտի լիներ։

Որոշ ոլորտներից տեղի է ունենում նաև ներդրումային միջոցների արտահոսքը։ Պատահական չէ, որ իրական տնտեսության մեջ օտարերկրյա՝ ինչպես ներդրումների, այնպես էլ՝ ուղղակի ներդրումների մաքուր պաշարները կրճատվել են։

Անցած տարվա մարտի դրությամբ՝ ուղղակի ներդրումների մաքուր պաշարները տնտեսության իրական հատվածում կազմել էին 1 տրիլիոն 920 մլրդ դրամ, այս տարի կազմել են 1 տրիլիոն 778 միլիարդ։ Նվազել են 142 միլիարդով։

Տարվա ընթացքում ևս ունենք իրական տնտեսության մեջ եղած օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարների նվազում։ Դրանք կրճատվել են 102 միլիարդով։

Ահա այսպիսին է իրական տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը, որը, թվում է, թե պիտի մտահոգեր իշխանություններին։ Բայց մտահոգվելու փոխարեն՝ նրանք զբաղված են տնտեսության արտաքին գեղանկարչությամբ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս