«Խոսակցությունն է գնում, թե դու ընդդիմադիր ես». Ինչո՞ւ են որոշել պաշտոնից հեռացնել Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրենին

Օրերս գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գյումրիում ՔՊ-ին հրահանգված է պաշտոնից հնարավորինս շուտ ազատել Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանին:  2014 թվականին Գյումրիում հենց նա է հիմնադրել այդ թանգարանը։

168.amԱրթուր Գևորգյանից հետաքրքրվեց մանրամասների վերաբերյալ՝ պարզելու համար, թե կոնկրետ ո՞վ է իրեն ասել, որ պետք է թողնի զբաղեցրած պաշտոնը, և ի՞նչ դրդապատճառներով։

Արթուր Գևորգյանն այսօր հրաժարվեց անուններ տալ, դրա պահը չէ, ասաց, սակայն, ժամանակը կգա, անուններ կհնչեցնի։

«Արդեն երկու տարի է, հատկապես ՏԻՄ ընտրություններից հետո, տարբեր զրույցների ընթացքում այս խոսակցությունն է գնում, թե՝ դու ընդդիմադիր ես։ Ես էլ պատասխանում եմ, որ այսօր Հայաստանում այն վիճակը չէ, որ ինչ-որ քաղաքական հարց ենք լուծում, ընդդիմադիր եմ, որովհետև երկիրը կանգնած է խորը ճգնաժամի առաջ, իսկ ես իմ մասնագիտական խորը պարտականություններն եմ կատարում։ Ես իմ մասնագիտական պարտականությունները կատարում եմ շատ չնչին ֆինանսական միջոցներով, առանց որևէ ֆինանսական հարցեր բարձրացնելու։ Սրան զուգահեռ, ահա կա այս վերաբերմունքը, որը հինգ տարի է՝ ժամանակ առ ժամանակ տարածվում է, իսկ վերջերս արդեն ստացել է շրջանառվող զրույցների տեսք։ Ընկերներս էլ են լսում ու ինձ ասում, որ նման բան կա, դու ձայն չես հանում»,- պատմեց Արթուր Գևորգյանը։

Կարդացեք նաև

Մեր զրուցակցի խոսքով՝ անձինք, որոնք փորձում են իրեն հեռացնել թանգարանից, շատ լավ գիտեն, որ հիմնադիրն ինքն է, բայց փորձում են չտեսնելու տալ: Լավ գիտեն, որ թանգարանը հիմնադրել է «Գյումրու էքսպերիմենտալ» հ/կ-ն, որի նախագահը ինքն է՝ անձնական տարբեր շփումների, ծանոթությունների, միջազգային մասնագետների հետ շփումների արդյունքում։

«Ստեղծվեց երկու քանդակների պուրակ, չորս այլ տիպի լուսանկարչական, էսքիզների հավաքածուներ, վերականգնման հավաքածուի հիման վրա։ Հիմա նաև տեղի հարց կա, որը փորձում եմ առաջ տանել, որպեսզի ինձ տարածք տան, այդ ամենը տեղադրեմ, ու նույն տարածքում բացվի արհեստների ու արվեստների զարգացման երիտասարդական կենտրոն, որպեսզի ռեստավրատորներ ունենանք Հայաստանում, հատկապես Գյումրիում, որ արհեստների ու արվեստների քաղաք է»,- շեշտեց Արթուր Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ երբ հարցը վերաբերում է գործնական քայլերին, որ պետք է իր ծրագրերի հետ կապված քայլ առաջ անեն, նույն անձինք կրկնում են, թե ինքը ընդդիմադիր է, և այլ անձանց անուններ են տալիս, թե իրենք ի վիճակի են զբաղվել այդ ոլորտով։

«Էլի կարող են ինձ փոխարինել, ի՞նչ է պատահել, ես 54 տարեկան եմ, մեկ օր պիտի ասեմ՝ ես գնում եմ՝ զբաղվեմ իմ արվեստանոցով, եկեք ու ինձ փոխարինեք, բայց այն ահռելի փորձը քաղաքաշինության մեջ՝ արձանի, քանդակի, մշակութային ժառանգության տեղադրման, պահպանման այն կապերը, որոնք ստեղծվել են հանուն Գյումրու ու Հայաստանի, կաշխատեցնեն, նաև այն, որ պնդեցի, որպեսզի Արցախում ևս ստեղծվի մշակութային օմբուդսմենի ինստիտուտը։

Քանդակի ազգային պարկ-թանգարանն ունի մի հատիկ տնօրեն, չունի այլ հաստիքներ, չունի այլ բյուջե, իսկ այն, ինչ արվում է, արվում է տարբեր ֆինանսական միջոցներով՝ այս կամ այն անձանց դիմելով։

Հիմա կոնկրետ ես գործընթացներ եմ տանում Աշոտ Մելքոնյանի և Ռաֆայել Աթոյանի երկու որմնանկարները փրկելու ուղղությամբ, և այս ամենը թողնել ու ընկնել սրանց լարած խարդավանքների գիրկը, կամ թողնել մեր զոհված տղաների վերաբերյալ ալբոմի հրապարակումը ու թիթեռ նկարել ու մտածել, թե՝ վայ, ինձ աշխատանքից կհեռացնեն՝ տեղին չէ»,- շեշտեց Արթուր Գևորգյանը։

Նա մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ սպասում է այս  ամենի  զարգացումներին,  միաժամանակ ընդգծեց, որ զիջել հնարավոր  չէ այն ամենը, ինչ տարիներով ստեղծել է։

«Ես շարունակելու եմ իմ գործունեությունը, գիշերն էլ եմ անելու, ցերեկն էլ, անձնական ժամանակիս հաշվին էլ եմ անելու։ Առաջին անգամ եմ այս ամենին անդրադառնում ու մեկնաբանություն տալիս, որովհետև գործն է կարևոր, այդ գործն անում ենք, որպեսզի մեր երեխաները մնան ու ապրեն մեր երկրում, այդ գործն անում ենք, որ հայն ուժեղ լինի, որ մեր թշնամինները տեսնեն, որ հուսահատված չենք, կոտրված չենք։ Երբ Ադրբեջանին մի գեղեցիկ օր հայց ներկայացվի, որտեղ կասվի, որ՝ դուք մշակութային ջարդարար եք, և այլն, չեմ ուզում դեռ փակագծեր բացել, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա։ Սա մեկ օրվա աշխատանք չէ, ամեն օր պետք է ձեռքը զարկերակին պահես, իրադրությունը զարգացնելու ու հետևելու աշխատանք է»,- եզրափակեց Արթուր Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս