
«Մարալիկում չեղարկվել է Սողոմոն Թեհլերյանի հիշատակին նվիրված միջոցառումը. տարբեր կառույցներ ասել են, որ դա ՀՀ արտաքին քաղաքականությանը դեմ է». Արթուր Գևորգյան

Մարալիկ քաղաքում չեղարկվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի հիշատակին նվիրված միջոցառումը։
168.am-ի հետ զրույցում Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրության կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանն ասաց, որ Մարալիկից իրեն փոխանցել են, որ մի խումբ անձինք նախատեսել էին Սողոմոն Թեհլերյանի հիշատակին նվիրված միջոցառում անցկացնել, սակայն տարբեր գերատեսչություններից հորդորել են այն չեղարկել։
«Ելնելով այսօրվա արտաքին քաղաքականույան կոնյունկտուրայից՝ Ադրբեջանի հետ այդ համաձայնագիրը, թուրք լրագրողներին Հայաստան հրավիրելը և այլն, կողքից այդ անձանց տարբեր կառույցներ հուշել են չեղարկել միջոցառումը՝ ասելով, որ դա ՀՀ արտաքին քաղաքականությանը դեմ է, չեն ուզում խանգարել։
Այսինքն՝ մենք հայտնվել ենք մի իրականության մեջ, երբ Խորհրդային Միության ժամանակ կարելի էր խոսել Անդրանիկից, Նժդեհից, տանն ունենալ նրանց նկարները, բայց Նիկոլի օրոք այդ ամենի մասին խոսելն արգելվում է»,- նշեց Արթուր Գևորգյանը։
Հարցին, թե՝ մտավախություն չունե՞ք, որ կարող է մի օր էլ Մարալիկում տեղադրված Թեհլերյանի արձանը հանեն, քանի որ արձան տեղադրելն ավելի դժվար է, քան հանելը, նա պատասխանեց.
«Արձանի հանելը կարող է դիմադրության, այն էլ՝ լուրջ դիմադրության արժանանալ։ Պարզապես նման քայլերը կարող են ազդել արժեքային համակարգի վրա, ու լինի այնպիսի մի օր, որ Սողոմոն Թեհլերյանի անունը չհիշատակվի։ Չհիշատակվեն նաև մեր մյուս վրիժառուները, որոնք ազգի ազգային ոգին բարձր են պահել։
Ինչևէ, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որի գործողությունների վերաբերյալ վերջնական կանխատեսում չես կարող անել, քանի որ ամեն պահ փոխվում են։ Լիահույս եմ, որ այս հարցերում ժողովուրդն իր վերաբերմունքը ցույց կտա»։
Հիշեցնենք, որ Սողոմոն Թեհլերյանի արձանը Մարալիկում տեղադրվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հուշարձանն ունի 4 մետր բարձրություն, հեղինակը քանդակագործ Սամվել Պետրոսյանն է։
Բացի Մարալիկից, Թեհլերյանին նվիրված հուշարձաններ կան նաև Ֆրեզնոյում, Մաստարա գյուղում և Երևանում։
Սողոմոն Թեհլերյանը հա վրիժառու է, նա վերապրել է Հայոց ցեղասպանությունը, գնդակահարել է Երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ Փաշային։