Տնտեսական աճերը հաշվելիս պետք է հաշվի առնել տնտեսական կորուստներն Արցախում, որոնք հսկայական են. տնտեսագետ
Fitch Ratings վարկանիշային գործակալությունն օրերս հրապարակված զեկույցում անդրադառնալով Հայաստանի տնտեսական հեռանկարին՝ նշել էր՝ առաջիկայում տնտեսական աճը Հայաստանում կպահպանվի, բայց դրա տեմպերը տարեցտարի կնվազեն։
Նկատենք, որ միջազգային ընկերության մի քանի դիտարկումներ դուրս են մնացել ՀՀ պաշտոնական մեջբերումներից. Ֆինանսների նախարարության կայքէջում, օրինակ, տեղադրվել են զեկույցի միայն այն հատվածները, որոնք շրջանցում են Fitch-ի արձանագրած ռիսկերը:
Իսկ ի թիվս այլ ռիսկերի՝ ընկերությունն ուղղակի նշել էր աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված կախվածությունը ռուսական շուկայից, ինչպես նաև՝ տարածաշրջանային անկայունությունը, որի ուղղակի հետևանքն է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամիսներ տևող շրջափակումը, սահմանային բախումները:
«Երկու երկրների միջև խաղաղության շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն, մեր կարծիքով, տարածքային ճշգրտումների բացակայության պայմաններում՝ դժվար թե դրանք բերեն կայուն խաղաղության համաձայնագրի»,- արձանագրել էր միջազգային կառույցը:
Տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ չի հավատում այդ կայուն համաձայնագրի հեռանկարին, սակայն կատարում է իրեն վերապահված դերը: Իրավիճակից բխող տնտեսական միտումներին անդրադառնալով՝ տնտեսագետը 168.am-ի հետ զրույցում շեշտեց. «Արձանագրվող տնտեսական աճն այս կառավարության աշխատանքի հետ ընդհանրապես կապ չունի»:
Այս համատեքստում Հրանտ Միքայելյանը դիտարկումներ արեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան հրապարակման առնչությամբ, որով պաշտոնյան տեղեկացնում էր, որ 2023 թ. հունվար-հունիսին տարածաշրջանում ամենաբարձր աճը Հայաստանում է՝ 11.4 տոկոս, ապա արձանագրում, թե՝ «պատկերացրեք, եթե սենց լարված իրավիճակում կարողանում ենք այսպիսի տվյալներ գրանցել, ինչ թվեր կլինեին, եթե հիմա խաղաղություն լիներ մեր տարածաշրջանում»:
«Դա սուտ է. նախ՝ տնտեսական աճերը հաշվելիս պետք է հաշվի առնել տնտեսական կորուստներն Արցախում, որոնք հսկայական են: Թող այս աճից հանեն Արցախի կորուստները, նոր խոսեն:
Երկրորդը՝ մենք չենք շահում խաղաղությունից, այլ անուղղակիորեն ուկրաինական պատերազմից, և այս կառավարության աշխատանքի հետ այդ աճը միայն բացասական կապ ունի: Անցյալ տարիների ընթացքում՝ հատկապես 2018-2020 թթ., այս կառավարության գործունեությունը նպաստել է տնտեսական անկմանը:
Նրանք աչք են փակում Արցախի շրջափակման վրա և ինքնափիառով են զբաղվում, երբ մարդիկ սովամահ են լինում»,- վերահաստատեց տնտեսագետը: