Ընտրություններից առաջ արժեր թարմացնել հիշողությունը. 5 տարում եղածի վրա ոչ մի քար չեն դրել, եկել կրկին թատրոն են խաղում

Քաղաքապետի ընտրություններից առաջ Տիգրան Ավինյանը պարբերաբար թարմացնում է Երևանում մետրոյի կայարաններ կառուցելու թեման։ Փորձում է տպավորություն ստեղծել, թե աշխատանքներն այդ ուղղությամբ եռում են։

Այնինչ՝ փաստն այն է, որ նախորդ ընտրություններից 5 տարի հետո, գործնականում գրեթե ոչինչ էլ չի արվել։ Խոստացված Աջափնյակի կայարանը ոչ միայն չի կառուցվել, այլև եղածի վրա որևէ քար չի ավելացվել։

Ընդամենը նախագծման աշխատանքներն են մեկնարկել, որոնք դեռևս չեն էլ ավարտվել։ Ակնկալում են, որ կավարտվեն այս տարվա վերջին։

Այդ ժամկետն էլ հավանաբար հատուկ են ընտրել, որովհետև սեպտեմբերին նախատեսված են քաղաքապետի ընտրությունները, և դա կրկին ուզում են օգտագործել՝ ընտրողների ձայները շահելու ու վերարտադրվելու համար։

Կարդացեք նաև

Կհավատա՞ն ընտրողները, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Նախորդ անգամ էլ էին խոստացել կառուցել մետրոյի Աջափնյակի կայարանը, բայց ունենք այն, որ ոչինչ չունենք։ Կայարանը՝ ինչպես չկար, այնպես էլ՝ չկա։

Նախագծման աշխատանքները, որոնք մեկնարկել էին դեռևս նախկին քպ-ական քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք, նույնիսկ չեն ավարտվել։ Թեև, եթե անգամ ավարտված լինեին, դա բոլորովին էլ չի նշանակում, թե մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումն առաջիկայում սկսվելու է։ Կա կարծիք, որ այս կայարանի կառուցումը տնտեսապես հիմնավորված չէ, որովհետև չի կարող արդարացնել ակնկալիքները։

Բայց եթե նույնիսկ դա էլ մի կողմ դնենք, դեռևս լուծված չէ ամենակարևոր՝ կայարանի կառուցման ֆինանսական ապահովվածության խնդիրը։ Ի՞նչ միջոցներով և ո՞ւմ հաշվին են այսօրվա քաղաքային իշխանություններն ուզում կառուցել Աջափնյակի կայարանը։ Հատկապես, երբ խոսքը՝ տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր միլիոն դոլարների մասին է։

Կայանի կառուցման ֆինանսավորման հնարավոր հիմնական տարբերակը եղել և մնում է պետական երաշխիքով նոր վարկերի ներգրավումն ու պարտքերի ավելացումը։ Այնպես, ինչպես արեցին քաղաքային ավտոբուսների պարագայում։

Միլիոնավոր դոլարների վարկեր վերցրեցին և քաղաքապետի ընտրություններից առաջ՝ ընտրողներին սիրաշահելու համար, նոր ավտոբուսներ բերեցին։ Գումարի մի մասն էլ կառավարությունը տվեց՝ պետական բյուջեից, որպեսզի քաղաքապետի իրենց թեկնածուն ընտրություններից առաջ իրեն լավ զգա։

Ընտրողների մեծ մասը հավանաբար չգիտի էլ, որ այդ ավտոբուսները բերել են իր հաշվին։ Վարկ են վերցրել, որը փակելու ենք բոլորս։ Դրա համար առաջիկայում պատրաստվում են բարձրացնել ուղեվարձը։

Բայց դա կանեն արդեն ընտրություններից հետո, եթե հաջողացնեն վերարտադրվել։

Այս փուլում գերադասում են չխոսել ուղեվարձը բարձրացնելու մասին՝ ընտրողներին չգրգռելու համար։ Սակայն դրանից խուսափել չեն կարող, որովհետև այնքան են ծանրաբեռնել քաղաքային տրանսպորտային ցանցը պարտքերով, որ ստիպված են գնալ ուղեվարձի բարձրացման ՝ կուտակած վարկերն ու ֆինանսական ճեղքերը փակելու համար։ Այլ տարբերակ չունեն։

Քաղաքային տրանսպորտային ցանցի ֆինանսական ծանրաբեռնվածությունը կավելանա նաև մետրոյի Աջափնյակի կայարանը կառուցելու պարագայում, եթե, իհարկե, հաջողվի այն կառուցել։

Նախորդ հինգ տարիների փորձը վկայում է, որ քաղաքային իշխանությունները սա ավելի շատ օգտագործում են ընտրությունից ընտրություն՝ ձայները փախցնելու համար։ Կարող է այնպես ստացվել, որ քաղաքապետի հաջորդ ընտրություններում ևս, ինչպես այս անգամ, այդ ծրագիրը նույնքան «արդիական» լինի։ Նախորդ խոստումից հինգ տարի հետո դեռևս չեն ավարտվել կայարանի նախագծման աշխատանքները։

Եթե նախագծումը հինգ տարում չեն կարողացել անել, դժվար չէ պատկերացնել, թե քանի տարում կկարողանան իրականացնել շինարարությունը։ Շինարարությունը սկսելուց առաջ էլ դեռ պետք է մրցույթ հայտարարեն ու կառուցապատող ընտրեն։

Բուն շինարարությունն էլ, իրենց հաշվարկներով, տևելու է առնվազն 4 տարի։

Այդպես ասում են, իսկ թե իրականում որքա՞ն կտևի, կարելի է դատել՝ տեսնելով, թե ինչ տեմպերով են ընթանում այս ծրագրի իրականացման վերաբերյալ նախկինում տրված խոստումները։

Հինգ տարի առաջ խոստացած Աջափնյակի կայարանի շինարարությունը դեռ չեն սկսել, հայտնի էլ չէ, թե երբ կարող են սկսել, կամ ընդհանրապես սկսելո՞ւ են, թե՞ ոչ, Տիգրան Ավինյանը մեկ այլ՝ Սուրմալուի կայարանի կառուցման մասին է խոսում։

«Շուտով պիտի հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին»,- քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցություններից մեկում վերջերս հայտարարեց փոխքաղաքապետ, քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանը՝ միաժամանակ խոստովանելով, որ նախորդ ընտրություններից հինգ տարի հետո Աջափնյակի կայարանի կառուցման, եթե կարելի է այդպես ասել, աշխատանքները դեռևս շատ նախնական փուլում են։

Ընդամենը նախագծման երկրորդ փուլի աշխատանքներն են ավարտվել։ Կարծես 5 տարում մեծ բան են արել։ Կայարան էին խոստացել կառուցել, նախագծման աշխատանքների 2-րդ փուլը նոր ավարտում են։

Այս տեմպերով էլ հավանաբար պիտի Սուրմալուի կայարանը կառուցեն։

Հայտարարել, որ Սուրմալուի տարածքում, թե մեկ այլ տեղ մետրոյի կայարան է կառուցվելու, բոլորն էլ կարող են անել։ Նույնիսկ մեկի տեղ՝ կարող են երկու կամ երեք կայարան կառուցելու մասին հայտարարել։ Այլ բան, կկառուցվի՞ այդ կայարանը կամ կայարանները, թե՞ հինգ տարի հետո էլի ասելու ենք, որ գտնվում ենք նախագծման ինչ-որ փուլում։

Մեկ տարի առաջ էլ Տիգրան Ավինյանը «Փեթակի» հարևանությամբ կառուցվող մետրոյի միջանկյալ կայարանի ու 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման մասին էր խոսում՝ «Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը»։

Եթե խոսքը մետրոյի նույն կայարանի մասին է, ապա կրկին ու կրկին հայտարարելով չէ, որ այն կառուցվելու է։ Թեև այն ժամանակ էլ 250 էլեկտրական ավտոբուսներից էր խոսում Տիգրան Ավինյանը, որոնք այդպես էլ տեղ չհասան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս