Պղծություն՝ Երևանում․ քաղաքացիները հորդորում են արգելել ակումբներից մեկում կազմակերպվող համերգը, քանի որ երգիչը հագնում է հոգևորականի հագուստ, անարգում քրիստոնեական խաչը՝ դրանով սքեյթբորդ քշում, հայհոյում
Օգոստոսի առաջին կեսին Երևանի ակումբներից մեկում տեղի է ունենալու փանկ-փոփ-ռեյվ Little Big խմբի համերգը, ինչն առաջացրել է շատերի զայրույթը։
Կազմակերպիչները, որպես տվյալ խմբի հաջողության գրավական, նշում են, որ երաժշտական տեսանյութերն ունեն ավելի քան 3 միլիարդ դիտում, իսկ մեր շատ հայրենակիցներ հորդորում են չեղարկել այս համերգը կամ բոյկոտել։
«Պիղծ հոգիներից հեռու պահեք երիտասարդ սերնդին,- հորդորել է քաղաքացիներից մեկը՝ նշելով,- Նրանց ստեղծագործական հետագիծն ուսումնասիրելով՝ արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչպիսին պիտի լինի այդ շոու «ռիտուալը»: Սակայն հանրության աչքն են մտցնում այն, որ նրանց տեսահոլովակներից մեկն ունի ահռելի դիտումներ, որի խայտառակ բովանդակության մասին Little Big-ի հիմնադիրն այսպես է արտահայտվում. «Այս տեսահոլովակում կարելի է տեսնել մարդկային գրավչության բոլոր տեսակները․ տեխնո բիթից մինչև մերկ մարմիններ ու համեմատություններ սեռական հարաբերությունների ու հաց ուտելու մեջ»: Ուշագրավ է այն, որ խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինը Little Big-ի անհայրենիք, անբարոյական ու գլոբալիստական նպատակները չի էլ թաքցնում. «Մենք ուղղակի ուզում ենք ցույց տալ մարդկանց, որ նրանք են իրենց կյանքի տերը։ Երկրներն ու կառավարություններն այդքան էլ կարևոր չեն, ինչքան նրանք մտածում են։ Մարդ կարող է անել այն, ինչ ուզում է»։ Ռուս հավատացյալները վրդովվել էին, քանի որ Սուրբ ծննդյան օրը վերջինս սքեյթպարկում բառիս բուն իմաստով ուղղափառ խաչ էր քշում: Նա հրապարակել էր իր լուսանկարն ու տեսանյութը՝ խաչի տեսքով սքեյթբորդով»։
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն, աստվածաբան Արմեն Հարեյանը, ով ևս դեմ է տվյալ խմբի՝ Երևանում հանդես գալուն, 168.am-ի հետ զրույցում նշեց․
«Նրանց համերգը կազմակերպել է վրացական ինչ-որ կազմակերպություն։ Խումբը սրբապիղծ է։ Նրանք հագնում են հոգևորականի հագուստ, անարգում քրիստոնեական խաչը՝ դրանով սքեյթբորդ քշում։
Իլյա Պրուսիկինի երգերում իշխում է հայհոյանքը, և չեմ պատկերացնում, թե մարդն ինչքան անթասիբ պետք է լինի, որ փող վճարի ու հայհոյանքներ լսի իր հասցեին։ Որ այսպես շարունակվի, էլ ազգ կմնա՞»։
Ի դեպ, նշենք, որ վերոնշյալ խմբի համերգի տոմսերը 8000 և 35.000 դրամ են։
Փորձեցինք համերգը կազմակերպող ընկերությունից և ակումբից ևս ճշտել, թե ո՞րն է այս խմբի համերգը կազմակերպելու նպատակը, սակայն մեր նամակներն ու զանգերը մնացին անպատասխան, հետևաբար, արձագանքի դեպքում կներկայացնենք նաև նրանց տեսակետը։