Զուլֆուգարովը հերթական անգամ «քանդել» է Փաշինյանի խաղաղության իլյուզիաները. դիվանագետների ստորագրած որևէ փաստաթուղթ որևէ խնդիր չի կարող լուծել

ՀՀ իշխանությունը մեր հասարակությանը փորձում է համոզել, որ եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չկնքի Հայաստանը, պատերազմ ենք ստանալու: Այսինքն, ըստ իշխանության ներկայացուցիչների, «ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան ոչ այլ ինչ է, քան պատերազմի քարոզ»:

Մինչդեռ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մայիսի 3-ին շատ հստակ ասել է՝ չենք գալիս, որ Թուրքիային և Ադրբեջանին պատերազմ հայտարարենք, դադարեցնենք բանակցությունները, այլ գալիս ենք բերելու արժանապատիվ խաղաղություն:

«Երբ միջազգային հանրությունը, թշնամական երկրները տեսնում են, որ պարտված, ծնկի եկած մի ղեկավար երկիր է ներկայացնում, այդ մարդու հետ այդպես են խոսում: Մենք ասում ենք՝ ելք կա: Բայց դա նոր պատերազմ չի բերելու: Մենք երբեք չենք ասում, որ գալիս ենք Թուրքիային և Ադրբեջանին պատերազմ հայտարարենք, դադարեցնենք բանակցությունները, ընդհակառակը՝ մենք գալիս ենք՝ բերելու արժանապատիվ խաղաղություն: Նիկոլն ու իր թիմն ասում են՝ հնարավոր չի, բանակ չունենք, միջազգային հանրությունն այլ բան է ուզում: Ես էլ ասում եմ՝ կարող ենք չզիջել և խաղաղ զարգանալ, ինչպես դա ցույց է տվել մեր պատմությունը, 1998-ի օրինակը»,- նշել է Ի. Սաղաթելյանը՝ հավելելով, որ դրա համար պետք է արդյունավետ կառավարում, բանակի սպառազինության համալրում:

Այն, որ ուժեղ բանակով կարող ես թշնամուն պարտադրել խաղաղություն, դա անվիճելի է:

Ի դեպ, ադրբեջանական Minval.az-ը հոդված է հրապարակել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին՝ հիմք ընդունելով հատկապես «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունները իշխանափոխությունից հետո կշարունակվեն, սակայն Հայաստանի օրակարգով։

Ըստ հոդվածագրի՝ Հայաստանն այսօր այն իրավիճակում չէ, որ բանակցություններում պայմաններ թելադրի, քան այն, ինչ ներկայացված է:

«Պարզ է, որ Երևանը կարող է բացել տրանսպորտային հաղորդակցություններն իր տարածքներով և տնտեսական համագործակցություն սկսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Եթե ​​ոչ, ապա արգելափակումը կշարունակվի։ Եվ դա ամենևին չի բխում Հայաստանի և նրա ժողովրդի շահերից։ Սրանք այն երկու տարբերակներն են, որոնք կան, և դրանք ոչ մի կերպ չեն փոխվի՝ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, թե ընդդիմությունը «սրբի» նրան ու, օրինակ, Իշխան Սաղաթելյանը հայտնվի վարչապետի աթոռին։ Թուրքիայի և Ադրբեջանի համար դա կարևոր չէ»,- գրում է ադրբեջանցի վերլուծաբանը՝ մեջբերելով ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեի խոսքը, որտեղ Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցության մասով, որակվում է ինքնահավանություն:

«Պետք չէ մոռանալ, որ այս մարդիկ ցանկանում են իշխանության գալ ռևանշիստական ​​կարգախոսների ֆոնին»,- նշել է ադրբեջանցի վերլուծաբանը:

Փորձագետին կարծես թե վախեցնում է, որ գործընթացում ներքաշված են ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Վերլուծաբանը հռետորական հարցադրում է անում, թե ի՞նչ իմաստ ունի խոսել նրանց խոսափողի (նկատի ունի Իշխան Սաղաթելյանին) հետ, եթե նախորդ 25-26 տարվա բանակցությունները նույնիսկ հենց նրանց հետ ոչինչ չեն տվել։

«Այս մարդկանց հետ Ադրբեջանը, անշուշտ, չի նստի բանակցությունների սեղանի շուրջ և ինչ-որ բան քննարկի»,- իրենց վախերը չթաքցնելով՝ նկատել է Վելիզադեն:

Վերադառնալով Զուլֆուգարովի հարցազրույցին, մի շատ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն հրավիրենք, այն է՝ խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս պատերազմի զսպման կամ նոր պատերազմի չսկսման երաշխիք չէ:

Սա ադրբեջանական CBC TV-ին տված հարցազրույցում հաստատել է նաև Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը:

«Դիվանագիտությունն ամենակարող չէ, այն պետության, պետական համակարգի մի բաղադրիչ է, ինչպես պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը, ներքին զորքերը, հատուկ ծառայությունները: Դրա համար՝ ասել, որ դիվանագետները ստորագրելով որևէ փաստաթուղթ, կլուծեն խնդիրները, միամտություն է: Մենք պետք է ձերբազատվենք պատրանքներից, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ինչ-որ խնդիր լուծել»,- շեշտել է նա և այս համատեքստում հիշեցրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե Հայաստանը դեռ 1991-ին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և նշել, որ նման հայտարարություններով Հայաստանը փորձելու է խուսափել իր պարտականություններից:

Զուլֆուգարովը շարունակել է՝ Ադրբեջանի օրինակով Թուրքիան ևս կարող է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել՝ դրանով չեզոքացնելով իր իսկ նկատմամբ հնարավոր տարածքային պահանջները:

Ի դեպ, նա ընդգծել է, որ ինչպես ԼՂ հիմնախնդրի դեպքում Հայաստանն է պնդում, որ այն տարածքային հարց չէայլ՝ իրավունքների, նույնը կարող է անել Ադրբեջանը՝ բարձրացնելով ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիների իրավունքների հարցը:

Զուլֆուգարովը զգուշացրել է՝ եթե Հայաստանը գործնականում չընդունի իրենց պայմաննները, ապա Ադրբեջանը կդիմի ռազմական նոր առաջխաղացումների:

«Մենք պետք է պահանջենք, որ Հայաստանը կատարի նոյեմբերի 10-ի հայտարարության պահանջները: Երբ դրանք ամբողջությամբ կկատարվեն, երբ Ղարաբաղից դե ֆակտո դուրս կգա վերջին հայ զինյալը, երբ Հայաստանը կդադարի իր պետական բյուջեից ֆինանսավորել այդ «մարիոնետային» կառույցները, այդ ժամանակ էլ կանցնենք հաջորդ քայլերին՝ սահմանների դելիմիտացիա, երկու երկրների միջև փոխադարձ սկզբունքների հաստատում: Սա պարզ տրամաբանություն է»,- նշել է Զուլֆուգարովը և հավելել, որ ՀՀ-ի կողմից «ռազմական սադրանքների» կամ հայկական «ֆաշիզմի» դրսևորման դեպքում, որպես պատասխան քայլ՝ Ադրբեջանը ռազմական կամենդատուրա կհաստատի Մեղրիում, Կապանում՝ հատելով ՀՀ պետական սահմանը:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանը հայտնվել է երկու քարի արանքում: Ըստ այդմ՝ Փաշինյանը հերթական անգամ ստում է կամ մոլորության մեջ է գցում, երբ ասում է, որ խաղաղության պայմանագիրը ապահովագրելու է մեզ նոր պատերազմից: Բնավ այդպես չէ: Գուցե Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է ինչ-որ առումով սա հասկանում, պարզապես չի բարձրաձայնում, քանի դեռ ինքն իրեն դրանում վերջնական չի համոզել: Իսկ միգուցե ինչ-ինչ խոստումնե՞ր են տրվել բանավոր, որոնց կատարումից այլևս հնարավոր չէ «փախչել»:

Կլինե՞ն թուրք-ադրբեջանական սադրանքներ՝ ի աջակցություն Փաշինյանի, հնարավոր է, եթե հաշվի առնենք նաև ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, որ 2021-ի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանին «օգնել» է հաղթել նաև Ադրբեջանը: Կամ՝ Փաշինյանի հաղթանակով հաղթել է Ադրբեջանը և հայկական գյուղերը: Երկրորդ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այս օրերին արած հայտարարությունը, որ Հայաստանում բողոքի ցույցերի կազմակերպիչները երկիրն անդունդն են տանում:

«Բողոքի ցույցերի կազմակերպիչները հայկական հասարակությունում բավական հայտնի դեմքեր են։ Այդ անձինք երկար տարիներ, մոտ 30 տարի, կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել են պատրանքներով և այսօր Հայաստանն անդունդ են տանում։ Դա հանուն իշխանության պայքարի անքակտելի մասն է, նորից ցանկանում են բարձրացնել Ղարաբաղի թեման։ Մենք, հասկանալի է, հետևում ենք այդ գործընթացներին։ Լայն հանրային սատարման մասին այնտեղ խոսք լինել չի կարող, լավագույն դեպքում անգամ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հայկական հասարակությունը հոգնել է այդ կեղծ խոստումներից և պատրանքներից»,- Հայաստանի ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպված համաժողովրդական բողոքի ակցիաների և հանրահավաքների մասին ասել է ադրբեջանցի նախարարը:

Երրորդ՝ երբ 2021-ի փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը, գեներալները Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարություն արեցին, և՛ Փաշինյանը, և՛ Թուրքիան այն որակեցին՝ որպես ռազմական հեղաշրջման փորձ: Մասնավորապես, 2021-ի փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից»,- ընդգծել էր Էրդողանը, որին շարունակել էր արտգործնախարար Չավուշօղլուն։

Ավելի ուշ որոշ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, ռազմական ոլորտի մասնագետներ ուղղակի և անուղղակի հասկացրեցին, որ ԳՇ-ն՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, կտրուկ քայլերի չի գնացել, քանի որ Թուրքիայից սպառնալիք-նախազգուշացում է եղել:

«Օնիկ Գասպարյանին թուրքերը չթողեցին, որ իշխանությունը վերցնի: Թուրքերն ասել են՝ կներխուժենք, եթե այդտեղ լինի զինված հեղաշրջում, Նիկոլը մեր տղեն է: Մեզ հայտնեցին այդ մասին: Թե չէ՝ Օնիկը ձերբակալելու էր: Ես այդպես եմ կարծում»,- լրագրողների հետ հանդիպմանը, մասնավորապես, հայտարարել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Այնպես որ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Նիկոլ Փաշինյանին աջակցության և այդ պահին նրանց դեմ դուրս եկածների «դեմ դուրս» գալու օրինակներ կան: Իսկ ուժերի անհավասարության պայմաններում խաղաղության պայմանագիրը չի կարող զսպել պատերազմի հնարավորությունը, և, մեղմ ասած, չվնասել պարտված երկրի սուբյեկտայնությանը, մնացածը հեքիաթներ են: Չնայած հեքիաթներում էլ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:

Տեսանյութեր

Լրահոս