Եթե չկա միջանցքային տրամաբանություն, պետք է բացվեն սահմանային անցակետեր, սա նաև սպառնալիք է ԵԱՏՄ անդամակցությանը․ Հայկ Ֆարմանյան
Այսօր Վաշինգտոնում նախատեսվում է ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։
«Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար։ Միացյալ Նահանգները կստորագրի երկկողմ համաձայնագրեր երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որպեսզի լիովին բացահայտենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը,- Truth social ցանցում գրել է Դոնալդ Թրամփը և ընդգծել է,- սա կլինի պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»:
Մասնագիտական մի շարք շրջանակներ պնդում են՝ Սյունիքով անցնող միջանցքի «արտապատվիրակումը» հայկական կողմի համար ստեղծելու է ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական խնդիրներ։
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը 168․am-ի հետ զրույցում շեշտեց՝ այս իրավիճակը՝ միջանցքային տրամաբանությունը, հակասում է ԵԱՏՄ միասնական կանոնների սկզբունքներին։
«Կա ԵԱՏՄ պայմանագիր, «մաքսային տարածք» հասկացություն․ ԵԱՏՄ անդամ որևէ պետություն չկա, որ իրավունք ունենա կամ կարողանա միակողմանիորեն բացել ԵԱՏՄ որևէ սահման։ Դա դիտարկվում է միասնական տարածք մաքսային, և ցանկացած 3-րդ երկրի ապրանք՝ անկախ իր ծագման երկրից, որը ներմուծվում է որևէ անդամ պետության տարածք, ենթակա է մաքսային ձևակերպման, եթե մնում է ներքին շուկայում, և այնուհետև՝ ազատ տեղաշարժվում է ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում։ Եվ այդ գանձված մաքսատուրքերն ուղղվում են միասնական բյուջե, որից ամեն անդամ պետություն ունի մասնաբաժինը,- մանրամասնեց տնտեսագետը՝ հավելելով, որ մեկնարկած գործընթացը ԵԱՏՄ անդամակցության իրական սպառնալիք է,- Ռիսկ կա, որ ադրբեջանական ապրանքները կարող են գալ Հայաստանի Հանրապետություն, մնալ ներքին շուկայում, և հետո այդ ներքին շուկայից ազատ տեղաշարժվել ԵԱՏՄ ցանկացած երկիր՝ առանց մաքսատուրքերի, քանի որ, օրինակ, Ալիևի ցանկությունն է՝ ընդհանրապես որևէ հայ պաշտոնյայի հսկողություն չիրականացվի։
Խոսքը վերաբերում է ոչ թե տրանզիտին, այսինքն, որ գա-անցնի Հայաստանի տարածքով Թուրքիա կամ որևէ այլ երկիր (այդ տրանզիտի հսկողությունն էլ է մտնում միասնական կանոնների մեջ․ ճիշտ է, այդտեղ մաքսատուրքեր չեն գանձվում տրանզիտի ժամանակ, բայց կա ենթակառուցվածքների զարգացման խնդիր, ճանապարհային հարկ, որից Հայաստանը կկարողա հսկայական օգուտներ ունենալ, եթե հսկողական մեխանիզմները կիրառվում են):
Հայկ Ֆարմանյանը շեշտեց՝ մեր տարածքը ԵԱՏՄ տնտեսական համակարգի հսկողության տարածք է և, հետևաբար՝ Հայաստանը չի կարող միջանցքային տրամաբանությամբ որևէ այլ երկրի հանձնել իր ճանապարհը և ասել՝ «իմ երկրի տարածքով առանց հսկողության քո ապրանքները բեր, տար, ինչ ուզում ես՝ արա»։
Մասնագետը ևս մեկ անգամ ընդգծեց՝ այս համատեքստում ոչ միայն տրանզիտի սկզբունքներն են խախտվում, այլ նաև՝ կան հսկայական այլ ռիսկեր, որ այդ ապրանքները կարող են գալ, մնալ ներքին շուկայում, ներքին շուկայից վերաարտահանվել մնացած երկրներ՝ առաջացնելով մաքսատուրքի հսկայական կորուստներ։
«Ու ռիսկը կա, որ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները, հաշվի առնելով, որ Հայաստանը միակողմանի խախտել է իրենց համընդհանուր սկզբունքները, պահանջ ներկայացնեն՝ Հայաստանին զրկել մաքսատուրք ստանալու իր հնարավորությունից»,- հավելեց նա։
Արձագանքելով դիտարկմանը, որ իշխանությունները պնդում են՝ գործընթացն ամենևին «միջանցքային» տրամաբանությամբ չի իրականացվում, Հայկ Ֆարմանյանն ասաց․ «Կապրենք՝ կտեսնենք․ եթե չկա միջանցքային տրամաբանություն, նշանակում է՝ պետք է բացվեն սահմանային անցակետեր, Հայաստանի սահմանային անցակետով, մաքսակետով պետք է տրանզիտ բեռն Ադրբեջանից գա-մտնի, և Հայաստանի տարածք մուտքի պահին՝ ենթակա դառնա մաքսային հսկողության։
Եթե մաքսային ծառայություն չի լինելու, և էդ ադրբեջանական կամ թուրքական ապրանքները չեն հսկվելու, ինչի մասին անընդհատ Ալիևն է կրկնում, հետևաբար, ամբողջությամբ հակասում է ԵԱՏՄ սկզբունքներին»,- ամփոփեց նա։



