Բաժիններ՝

Հայ մարզիչն ավելի սրտացավ և հոգատար կլինի ազգային հավաքականի նկատմամբ. Խաժակ Չիլինգիրյանը՝ Եղիշե Մելիքյանի նշանակման մասին

Հայաստանում ավարտվեցին Հայկական մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կողմից կազմակերպված մարզական խաղերը, որոնց մասնակցեցին միության կառույցների ներկայացուցիչներն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան տասնվեց երկրներից։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում վերոնշյալ խաղերի վերաբերյալ իր տպավորությունները ներկայացրեց Լիոնի «Ռադիո Արմենի» լրատվամիջոցի մեկնաբան Խաժակ Չիլինգիրյանը, ով հերթական անգամ այցելել էր Հայաստան և տեղից ֆրանսահայ լսարանին ներկայացրել մարզական իրադարձությունների ընթացքը։

Խաժակ Չիլինգիրյանն ավելի քան երեսուն տարի նշված ռադիոկայանի եթերում վարում է հեղինակային հաղորդաշարեր, լուսաբանում է տարբեր թեմաներ, այդ թվում՝ մարզական իրադարձությունները։

«Սա իմ վեցերորդ այցն է Հայաստան. առաջին անգամ եկել եմ 1993 թվականին։ Հերթական այցի պատրվակը համահոմենըթմենական խաղերն էին, որոնք սփյուռքահայերի համար ունեն մեծ նշանակություն։ Ինչպես և համահայկական խաղերը, այս միջոցառումը չորս տարին մեկ բոլորիս մեկտեղում է հայրենիքում։ Այս տարի մասնակիցների շարքում էին նաև Փարիզի, Լիոնի և Մարսելի մարզական պատվիրակությունները։ Երիտասարդները մրցում էին ֆուտզալ, ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, լող և վազք մարզաձևերում։ Մասնավորապես, Մարսելի թիմը ֆուտբոլի մրցաշարում գրավեց երրորդ տեղը»,- նշեց Չիլինգիրյանը։

Նրա հավաստմամբ՝ սփյուռքահայերը մեծ ոգևորությամբ են մասնակցում համահայկական ընդգրկում ունեցող խաղերին։ Ըստ նրա՝ՀՄԸՄ-ն բավականին ազդեցիկ և ուժեղ կառույց է, մասնաճյուղեր ունի ոչ միայն Ֆրանսիայում (Լիոն, Փարիզ, Նիս, Մարսել, Վալանս քաղաքներում), այլև աշխարհի չորս կողմերում գտնվող բազմաթիվ երկրներում։

«Որպես նախկին մարզիկ և գործող լրագրող՝ ի սկզբանե նպատակադրվել էի հանգամանորեն լուսաբանել խաղերը, և այդ առումով անցկացրի բազմաթիվ հարցազրույցներ տարբեր երկրներից ժամանած հայ մարզիկների հետ։ Մթնոլորտն իսկապես տոնական էր ու գրավիչ։ Շատերն առաջին անգամ են ժամանել Հայաստան և պնդում են, որ հայերը գոնե մեկ անգամ պարտադիր պետք է մասնակցեն նման միջոցառումներին։ Ինքս չէի մտածում, որ երբևէ կծանոթանամ կանադահայերի կամ ավստրալահայերի հետ, սակայն բոլորիս կապը հայրենիքն է, և Հայաստանը մեզ տալիս է նման բացառիկ հնարավորություն։ Երբ գալիս ենք, միշտ ձգտում ենք խոսել հայերեն, նույնիսկ նրանք, ովքեր վարժ չեն տիրապետում լեզվին։ Թեկուզ կան թարգմանիչներ, բայց բոլորը ձգտում են հնարավորինս հաղորդակցվել մայրենի լեզվով, ինչը շատ խորհրդանշական է»,- ասաց մեր զրուցակիցը։

Բնականաբար, «Ռադիո Արմենի»-ի մեկնաբանի հետ զրույցի առանցքում նաև հայկական ֆուտբոլն էր, և այդ համատեքստում մասնավորապես ազգային հավաքականի շուրջ ստեղծված իրավիճակը։ Չիլինգիրյանի բնորոշմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ևս մեկ կապող օղակ է և միշտ գտնվում է ոչ միայն հայաստանաբնակների, այլև սփյուռքահայերի ուշադրության կենտրոնում։ Չիլինգիրյանը մարզական հեղինակային հաղորդաշարի շրջանակում պարբերաբար անդրադառնում է հավաքականի մրցելույթներին և այդ առթիվ եթեր հրավիրում փորձագետների:

«Հաճախ ինձ հյուրընկալվում են Գրիգոր Ամիրզայանը` Վալանսից և Ահարոն Բոյաջյանը` Փարիզից, ովքեր թղթակցում են նաև Ֆրանսիայում լույս տեսնող հայկական «Նուվել դ՛Արմենի» պարբերականին։ Նրանք շատ լավ վերլուծաբաններ են, աչալուրջ հետևում են հայկական ֆուտբոլի զարգացումներին։ Հայաստանի հավաքականի խաղերը թեժ քննարկումների են արժանանում նաև մեր մշակութային կենտրոնում կազմակերպվող հավաքների ժամանակ։ Պարբերաբար ներկայացնում ենք ազգային ընտրանու հանդիպումների ժամանակացույցը՝ համապատասխան մեկնաբանություններով»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Եղիշե Մելիքյանին ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելուն՝ Չիլինգիրյանը հայտնեց, որ իրենք մասնագետների հետ նեղ շրջանակում վաղուց քննարկում էին այդ հարցը, առավել ևս, որ «Փյունիկ» ակումբը Մելիքյանի գլխավորությամբ վերջին տարիներին գրանցել է տպավորիչ առաջընթաց։

«Միշտ այն համոզմունքն եմ ունեցել, որ պետք է մեր ազգային հավաքականը գլխավորի հայ մարզիչը, ով ավելի սրտացավ կլինի ու ավելի հոգատար։ Տեսեք Ֆրանսիայի օրինակը, որի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում երբեք չի նշանակվել օտար մարզիչ։ Ֆրանսիացիներն, ի տարբերություն շատ երկրների, ի սկզբանե մերժել են այդ պրակտիկան, և այժմ էլ շատ դժվար է պատկերացնել, որ ապագայում կարող է նման բան լինել։ Շատ էինք խոսում այն մասին, թե ի վերջո Եղիշեն երբ կգլխավորի մեր հավաքականը։ Սպասում էինք այդ քայլին։ Դժվարություններ, անշուշտ, կլինեն, բայց կարծում եմ, որ նա կհաջողի»,- ասաց Լիոնի հայկական ռադիոկայանի մեկնաբանը։

Չիլինգիրյանի համար երկրորդ մտահոգիչ հանգամանքը մեր ազգային հավաքականում ներքին առաջնության մասնակիցների և լեգեոներների համամասնության խնդիրն է։

«Թող համամասնությունը լինի 50-50, բայց այսօր ֆուտբոլիստների գերակշռող մեծամասնությունը գալիս է արտասահմանյան ակումբներից։ Այո՛, նրանք փորձառու են, ունեն բարձր խաղամակարդակ, կարող են օրինակ լինել շատերի համար, բայց պետք է մտածել նաև տեղի ակումբների, տեղի կադրերի մասին, որպեսզի նրանք էլ տեղ ունենան ազգային թիմում և այդպես նպաստեն հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Ապագան այստեղի երիտասարդներն են, և պետք է նրանց տան հնարավորություն։ Նույնիսկ լեգեոներների առատության պարագայում արդյունքները գոհացուցիչ չեն։ Երբեմն առանձին հաղթանակներ գրանցվում են, բայց դրանք շարունակական չեն»,- ասաց Չիլինգիրյանը։

Խոսելով աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հնարավորությունների մասին, մեր զրուցակիցը նշեց, որ թիմը վիճակահանությունից հետո հայտնվել է բավականին բարդ ենթախմբում։

«Շատ դժվար կլինի մրցել Պորտուգալիայի, Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականների հետ, բայց եթե նույնիսկ գրավենք երրորդ տեղը, ապա դա շատ պատվաբեր կլինի։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների թիվն ավելացել է, սա նույնպես դրական խթան է։ Եթե ոչ այս անգամ, ապա հույս ունենք, որ հաջորդ մրցափուլում ամեն ինչ լավ կլինի։ Հնարավոր է մասնակցել նաև Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Մեզ ժամանակ է պետք, որ ազգային թիմն ամրանա։ Մեզ մոտ՝ Ֆրանսիայում, Հայաստանի հավաքականի երկրպագուների թիվը շատ մեծ է։

Բազմաթիվ երիտասարդներ հանրային վայրերում կրում են ազգային թիմի մարզաշապիկը։ Տարիներ առաջ նման բան չէիք տեսնի։

Երիտասարդները հպարտ են ու հայրենասեր, աջակցում են հավաքականին և տրամադրված են լավատեսորեն»,- եզրափակեց Լիոնի հայկական ռադիոկայանի մեկնաբանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031