Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ՞․Երևանի քաղաքապետարանը ՀՄԱ ընթացակարգով 4 մլրդ 750 մլն դրամի գնում է կատարել ավագանու ընտրություններից առաջ ՔՊ դրամահավաքին մասնակցած անձանց ՍՊԸ-ից
«Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, այն երբեմն գրավիչ և հաճելի տեսք ունի, և այս առումով խնդիրն ավելի է բարդանում»,- դեռ իշխանամուտին «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանն ունեցած ելույթում հայտարարւմ էր Նիկոլ Փաշինյանը։
Թավշյա հեղափոխականի ու նրա թիմի «ռոբինհուդյան» կերպարը, սակայն, շուտով հօդս ցնդեց. ի թիվս այլ դրվագների՝ նրանք սկսեց աչքի ընկնել ոչ մրցակցային՝ մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգերով միլիարդավոր դրամների պետական գնումներով, աղմկահարույց դրամաշնորհներով, իշխանություններին փոխկապակցված ընկերությունների կողմից խոշոր գործարքների իրականացմամբ,մ որոնց 168.am-ն անդրադառնում է տարբեր հրապարակումներով: Հերթական դրվագին ականատես ենք եղել օրերս։
Երևանի քաղաքապետարանը 4 միլիարդ 750 միլիոն դրամով (12450766,50 դոլար) ձեռք է բերել մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ծառայություններ ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով։
Այս ամենի մասին՝ առավել մանրամասն
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման կապալային աշխատանքները քաղաքապետարանը 4 միլիարդ 750 միլիոն դրամով ՀՄԱ գնման ընթացակարգով (ըստ ՀՀ կառավարության 526Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետի և N 786 -Ա և N 2584-Ա որոշումների) Երևանի քաղաքապետարանի պատվիրակել է «Զովեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ին։
«Պայմանագրով նախատեսված աշխատանքների համար 2025 թվականի կատարման դիմաց վճարման ենթակա գումարը սահմանել 1 միլիարդ 968 միլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Պայմանագրով նախատեսված իրականացվելիք աշխատանքների գնի մնացած գումարի մասով 2 միլիարդ 782 միլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ վճարումը, կիրականացվեն այդ նպատակով համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում, որի մասին կողմերի միջև կկնքվի լրացուցիչ համաձայնագիր»,- ասվում է օգոստոսի 1-ին կնքված պայմանագրում։
«Զովեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի մասին
Այս ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, գրանցվել է 2023 թվականի մարտի 31-ին, իրական շահառուներն են Արա Ավետիսյանը՝ 50 տոկոս բաժնեմասով, և Արտակ ու Վարդան Խաչատրյանները՝ 25-ական տոկոսներով։
Բայց սա դեռ ամենը չէ․ ՔՊ դրամահավաքի ցուցակներից՝ պետգնում
Ինպես ավելի վաղ անդրադարձ էր արվել մամուլում, «Զովեր Քնսթրաքշն»-ի անունը նախ հայտնվել էր ՔՊ նախընտրական դրամահավաքի ցուցակում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կազմակերպել է նախընտրական քարոզարշավի համար դրամահավաք-երեկո, որին մասնակցել էին նաև բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետերեր Վարդան Խաչատրյանը, Արտակ Խաչատրյանը և Արա Ավետիսյանը՝ դրամահավաքին նվիրաբերելով 100-հազարական դրամ։
«Ինֆոքոմ» կայքն էր 2024 թվականին ստացել էր դրամահավաքի մասնակիցների ցանկը՝ տեղեկացնելով նաև, որ Արտակ և Վարդան Խաչատրյանների հետ մեկ այլ՝ «Միլկ պրոդուկտ» ՍՊԸ բաժնետեր Վահան Մկրտչյանը փոխանցել է 50.000 դրամ, իսկ «Զովեր Քնսթրաքշնի» հետ փոխկապակցված «Զովեր սթաֆֆ» ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանն էլ նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Ի դեպ, նույնքան նվիրատվություն էր կատարել նաև «Զովեր Քնսթրաքշն» ընկերության տնօրեն Արմեն Ղազարյանը։
Ո՞վ ում հետ է փոխկապակցված
«Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Արմեն Ղազարյանը նաև բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող մեկ այլ՝ «Մագնոլիա կոմֆորտ 2» ՓԲԸ տնօրենն է։ Նույն ընկերության բաժնետեր Վահե Մելիքսեթյանը նույնպես նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Մելիքսեթյանը «Վիզիվիգ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն է, որի նախկին բաժնետեր Հովհաննես Մկրտչյանը ևս նույնքան նվիրատվություն է կատարել։ «Վիզիվիգի» ներկայիս բաժնետեր Լիլիթ Մկրտչյանը նույն հասցեում է գրանցված «Զովեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետեր Արա Ավետիսյանի հետ։ Արմեն Ղազարյանը նաև «Էյ-Ջի-Էյջ Ղազարյաններ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն է։ Ընկերության ներկայիս տնօրենը՝ Գևորգ Ղարիբյանը, ՔՊ դրամահավաքին փոխանցել է 2.5 մլն դրամ։ ՔՊ-ին թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն են կատարել «ՋիԷյԷյջ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Ղազարյանը և նույն ընկերության նախկին բաժնետեր և տնօրեն Սմբաթ Նավոյանը»,- մանրամասնել էր կայքը 2024 թվականի փետրվարին։
168․am-ն ուսումնասիրեց 2024 թվականի մարտից ներկայացված իրական շահառուների մասին հայտարարագրերը՝ պարզելով, որ «Մագնոլիա կոմֆորտ 2» ՍՊԸ-ն ևս նույն համամասնությամբ՝ ինչպես «Զովեր Քնսթրաքշն»-ը, արդեն պատկանում է Արա Ավետիսյան, Վարդան և Արտակ Խաչատրյաններ եռյակին։
«Ի՞նչ կոռուպցիա, ժողովուրդ ջան, ինչի մասին է խոսքը, էդ հեքիաթները գնացեք ուրիշ տեղ պատմեք»,- վերջերս մի առիթով էլ այս մասին ասել էր Նիկոլ Փաշինյանի թիմակից, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում ղեկավարած կառույցը, փաստացի գնում է կատարել ավագանու ընտրություններում իրեն աջակցած անձանց ընկերությունից։



