«Եթե Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ի՞նչ դաշնակից պետք է ունենանք». Դավիթ Բաբայան
Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում էր և պատասխանում էր հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հրավիրված երկու անձանց հարցերին։
Խոսելով Արցախի բանակցային գործընթացի և առհասարակ Արցախի մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երբեք Արցախն իր անկախության ճանաչման հարցում դաշնակիցներ չի ունեցել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նկատեց՝ երբ խոսում են անկախության ճանաչման հարցում դաշնակիցներ ունենալուց կամ չունենալուց, հարց է առաջանում՝ իսկ ո՞ր երկիրն ունի դաշնակիցներ։
«Ամեն երկիր ինքն է իր համար պայքարում ու հասնում իր նպատակին, հետևաբար՝ այստեղ միայն դաշնակիցների խնդիրը չէ։ Շատ բան կախված է մեր աշխատանքից, թե ինչպես ենք մենք մեզ դրսևորում՝ դաշնակիցներ ունենալու համար։ Արցախի անկախության ճանաչումն առաջին հերթին կախված է հենց մեր աշխատանքից։ Օրինակ, եթե Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ի՞նչ դաշնակից պետք է ունենանք այս պարագայում, կրկնում եմ՝ հարց է ծագում՝ ի՞նչ դաշնակից պետք է ունենանք։ Խնդիրը դաշնակից ունենալ կամ չունենալու մեջ չէ, մեր դաշնակիցն առաջին հերթին մենք ենք, հայությունն է՝ Արցախ-Հայաստան-սփյուռք եռամիասնությունն է և մեր բանակը։ Նաև մեր դաշնակիցը մեր պրոֆեսիոնալիզմն է, հայրենասիրությունը և միասնականությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է այսօր վաղ առավոտյան ՀՀ-ում ՌԴ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատների և ԵՄ շենքի մոտ հայտարարված «SOS Artsakh»․ 24-ամյա նստացույցից սպասելիքներին և հարցին՝ հնարավո՞ր է այս ամենը բերի նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն Արցախի հարցում ցուցաբերեն գործուն քայլեր, Դավիթ Բաբայանը նկատեց.
«Դա միայն նստացույցով չի որոշվում, դա այլ հարցերով է որոշվում, կարծում եմ՝ նստացույցների ժամանակը վաղուց անցել է։ Պետք է դիվանագիտությունն ակտիվացվի, համահայկական ու երկկողմ հարաբերություններ զարգացնեն»։