Ադրբեջանական նոր ագրեսիայի համար կա նպաստավոր միջավայր. Շիրազ Խաչատրյան

Վերջին օրերին Ադրբեջանի թիրախում Երասխի ուղղությունն է, նախ՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ապա Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանն էին թիրախավորել, ինչի հետևանքով վիրավորում էին ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Երասխ, նրանք ծանոթացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին։ Երեկ Երասխում են եղել նաև ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։ Հունիսի 15-ին՝ ՀՀ պետական խորհրդանշանների օրը, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:

Ադրբեջանական նոր ագրեսիայի համար կա նպաստավոր միջավայր

Արդյոք հնարավո՞ր իրավիճակի սրում Երասխի հատվածում: 168.amի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց, որ ադրբեջանական նոր ագրեսիայի համար որևէ խոչընդոտ այս պահին չկա, և հավանական էսկալացիա հնարավոր է։

Կարդացեք նաև

«Էական չէ, թե ադրբեջանական կողմն ինչպիսի նախապատրաստական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, ինչպիսի հռետորաբանություն է կիրառում, և այլն։ Այստեղ ավելի շատ պետք է ֆիքսել արտաքին բոլոր խաղացողների լռությունը. Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անընդհատ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվում, էսկալացիաներ տեղի ունենում, ԵՄ դիտորդական առաքելության քթի տակ ևս կրակոցներ և զոհեր ենք ունենում, և բազմաթիվ նմանօրինակ իրավիճակներ, այսինքն, ադրբեջանական սադրիչ քաղաքականությունն իրապես չի դատապարտվում մեծ պետությունների կողմից, ուստի ադրբեջանական կողմի «ձեռքերն» ավելի են երկարելու։

Ադրբեջանական ագրեսիայի համար պատասխանատու են միջազգային բոլոր խոշոր կենտրոնները։ ՌԴ-ն հանդես է գալիս կոչերով, ԱՄՆ-ը իր խոր մտահոգությունն է ամեն անգամ հայտնում սահմանային այս կամ այն իրավիճակի առիթով, բայց ամենավերջին օրինակն ու ամենազավեշտալի հայտարարությունը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելինն էր, ով ասաց, թե ԵՄ-ն անում է առավելագույնը, ինչ կարող է։ Նրա ՝ «եթե գիտեք, թե ինչ կարող ենք անել, ասացեք» անօգնական և ոչ համարժեք արձագանքը ցույց է տալիս միջազգային խաղացողների ընդհանուր դիմագիծն ու մոտեցումները տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Դե, ասացեք խնդրեմ՝ ինչո՞ւ ադրբեջանական կողմը չպետք է դիմի նոր ագրեսիայի, երբ որևէ լուրջ հակազդեցության չի հանդիպում մեծ պետությունների կողմից։ Ադրբեջանական կողմը շարունակելու է իր թշնամական քաղաքականությունը, նրան խաղաղությունը, Հայաստանի զարգացումը պետք չէ։ Դրա համար էլ թշնամին ոչ միայն նպատակ ունի ռազմական գերակայություն ունենալ սահմանային այս կամ այն հատվածում, այլ փորձում է ամենօրյա սադրանքներով խոչընդոտել մեր երկրի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների աշխատանքներին, ինչի արդյունքում արդեն տասնյակ, եթե ոչ՝ հարյուր միլիոնավոր դոլարների վնաս է հասցրել մեր պետությանը։

Կրկնում եմ՝ ադրբեջանական կողմի համար ստեղծվել է նպաստավոր միջավայր՝ նոր ագրեսիայի դիմելու, և այդ ամենի համար պատասխանատու են լինելու միջազգային բոլոր կենտրոնները, բայց առաջին հերթին՝ ՀՀ իշխանությունները, որոնք աշխարհաքաղաքական «աջաբսանդալ» են ստեղծել մեր սահմանների ներսում»,- ասաց վերլուծաբանը:

Ադրբեջանի կողմից Երասխը թիրախավորելու համատեքստում հավելենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել էր՝ «հավաստի տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը մտադիր է ընդլայնել հարձակման աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, իր նպատակին հասնելու և Հայաստանով էքստերիտորիալ միջանցք բացելու համար»:

Իսկ Երասխում կառուցվող գործարանի մասին «Հետք»ը գրել էր.

դեռևս 2022 թվականի նոյեմբերին՝ նշելով, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կազմակերպել սև մետաղի ջարդոնի վերամշակում:

Այդ ժամանակ հայտնի էր դարձել, որ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հնդիկ գործարարի հետ սև մետաղի ջարդոն է վերամշակելու Հայաստան-Նախիջևան սահմանին:

Այսօր Երասխում լրագրողների հետ զրույցում GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը հայտնել է, որ Երասխում ադրբեջանական կողմի թիրախում հայտնված մետալուրգիական գործարանի կառուցման նախագիծը սկսել են 2022 թվականի օգոստոսից, շինաշխատանքները՝ մոտ երկու ամիս առաջ, և, որ մինչ վերջին օրերի դեպքերը կրակոցներ չեն եղել ադրբեջանական կողմից:

Ըստ Հակոբյանի՝ հաստատակամ են շարունակելու գործարանի կառուցումը, իսկ Ադրբեջանը թիրախավորում է այն, քանի որ չեն ուզում ՀՀ-ի հզորացումը:

Իրանին մտահոգում են Փաշինյանի և Ալիևի միջև կուլիսային պայմանավորվածությունները

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականի օգոստոսին Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան:

«Եթե բառացի և տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ: Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջևան հատվածով չէ: Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում մենք կարող ենք դա ապահովել: Մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ Իրանի, և, որ Թեհրանի նման դիրքորոշումը վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ՝ Էրդողանի արտահայտած միտքը կարևոր դրվագ է, և այն վերլուծելու անհրաժեշտություն ունի։

«Ճիշտ է՝ երբ մեր անվտանգության թեմաների վերաբերյալ փորձում ենք հասկանալ կամ վերլուծել Ալիևի, Էրդողանի, կամ մեկ այլ միջազգային բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարություն, իշխանական քարոզչամեքենայի կողմից զավեշտալի կերպով միանգամից ենթարկվում ենք հարձակման, թե ինչու ենք իբր ադրբեջանական կամ թուրքական քարոզչությունն ու հռետորաբանությունը բերում մեր դաշտ, մեկնաբանում և այլն։

Բայց մի՞թե պետք է սահմանափակվենք ներկայիս իշխանությունների որդեգրած ոչինչ չասող օրակարգով, երբ տարածաշրջանում ամենօրյա ռեժիմով լուրջ փոփոխություններ ու զարգացումներ են տեղի ունենում, իսկ մեզ խիստ անհրաժեշտ է մոնիտորինգի ենթարկել այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր շուրջ, լսել նրանց կողմից ուղղված մեսիջները։

Էրդողանը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խանգարում է ոչ թե Հայաստանը, որի հետ այդ թեմայի շրջանակներում խնդիրներ չկան, այլ Իրանը։

Նշանակում է՝ Հայաստանի հետ միջանցքի հետ կապված հարցերը համաձայնեցման փուլում են, Հայաստանը, ցավոք սրտի, խնդիր չի տեսնում այդ հարցում, քանի որ մեր պետության ներկայացուցիչներն այդքան քաղաքական կշիռ չունեն տարածաշրջանային հարցերում իրենց խոսքն ասելու ու ամեն ինչ թողել են հարևան պետությունների շահերի համադրման հույսին։

Ավելին, կարծես թե տարածաշրջանում Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը համահունչ են խաղում՝ ընդդեմ տարածաշրջանի մյուս խաղացողների։ Նույնիսկ իրանցի բազմաթիվ պաշտոնատար անձինք ժամանակ առ ժամանակ իրենց մտահոգությունն են հայտնում Փաշինյանի և Ալիևի միջև կուլիսային պայմանավորվածությունների առնչությամբ, քանի որ, ըստ նրանց, ՀՀ-ն և Ադրբեջանը կամաց-կամաց մոտենում են «միջանցքի» լուծման հարցին, ինչն էլ վնասում է Իրանին՝ սահմանափակելով նրա ներկայությունը Հարավային Կովկասում։ Իրանի կողմից չկա վստահություն ՀՀ իշխանությունների նկատմամբ, և Իրանը չի կարող անընդհատ իր շահերը ներկայացնելուց՝ փաթեթավորված ներկայացնի նաև մեր շահերը։ Եթե Էրդողանը նշում է, որ Հայաստանի հետ խնդիր չկա, իսկ Իրանի հետ երկխոսությունն իր վրա է վերցնում, ապա հնարավոր սցենարներից մեկով էլ հավանական է դառնում երկու մեծ տերությունների պայմանավորվածությունը, այլընտրանքային լոգիստիկ, էներգետիկ ուղիների դիտարկումը, ինչն էլ, ցավոք սրտի, բացասաբար կանդրադառնա նորից մեզ վրա։ Այդտեղ ևս կմնանք մենակ։ Մյուս կողմից, սրան զուգահեռ՝ Իրանը, Ռուսաստանը թույլ չեն տալու, որ տարածաշրջանային խառը մրցավազքում իրենց ազդեցության գոտիներն իրենցից տանեն, դրա համար էլ երկու պետություններն էլ, մասնավորապես, ՀՀ հարավային հենակետերից մեկում՝ Կապանում, հյուպատոսություններ են բացում՝ իրենց շահերը երկարատև ժամանակահատվածում պաշտպանելու համար»,- նշեց Շիրազ Խաչատրյանը՝ հավելելով, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն էլ իր հերթին է պատրաստվում նոր երեք լրացուցիչ դաշտային գրասենյակներ բացել նույն Կապանում, նաև Իջևանում և Եղեգնաձորում:

Այս խառնաշփոթը, ըստ փորձագետի, ՀՀ իշխանությունների խղճին է, երբ տարածաշրջանի բոլոր խոշոր խաղացողներն իրենց տնտեսական, ռազմական, սահմանային ներկայությունն ավելացնում են Հայաստանում՝ փաստացի պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելով մեզ մոտ։

Տեսանյութեր

Լրահոս