«Հաստատակամ ենք Երասխում շարունակելու գործարանի կառուցումը». GTB հոլդինգի տնօրեն

Այսօր Երասխում լրագրողների հետ զրույցում  GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանն ասաց, որ հունիսի 13-ին Երասխում ադրբեջանական կողմի թիրախում հայտնված մետալուրգիական գործարանի կառուցումը սկսել են 2022 թվականից, շինաշխատանքները՝ մոտ երկու ամիս առաջ։

«Մինչև այս կրակոցները չէին եղել,  նորմալ աշխատում էինք։ Կարծում եմ՝ պարզ է, իրենք խոչընդոտում են գործարանի կառուցումը, որովհետև թիրախավորում են տեխնիկան և աշխատող մարդկանց, թե ինչո՞ւ, կարծում եմ՝ դա էլ է պարզ, որովհետև իրենք չեն ուզում Հայաստանի տնտեսական հզորացումը, իսկ մեր գործարանը բավականին լուրջ ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ։ Ամբողջական կառուցելուց հետո, տարեկան մոտավորապես 200-250 հազար տոննա արմատուրա ենք արտադրելու»,- նշեց Տիրան Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԵՄ դեսպանների դիրքորոշմանը և հարցին՝ արդյո՞ք նրանք հասցեական գնահատականներ կտան կատարվածին, Տիրան Հակոբյանը պատասխանեց, որ նրանց փոխարեն չի կարող ասել, սակայն ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել այդ մասին։

«Մենք հաստատակամ ենք շարունակելու գործարանի կառուցումը, մի քանի տեխնիկական հարցեր ճշտելուց և պատկան մարմինների հետ կոմունիկացիաներից հետո կշարունակենք աշխատանքը։

Կարդացեք նաև

Կրակոցների հետևանքով մեր աշխատակիցներից երկուսն ունեն բեկորային վնասվածքներ, երեկ վիրահատվել են «Արարատ» բժշկական կենտրոնում։ Ընդհանուր աշխատակիցները մոտ 200 հոգի են, որոնցից մոտ 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Մտահոգություններ ունեն, բայց գնալու տրամադրություն չունեն։ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատնից երեկ այցելել են վիրավորում ստացած քաղաքացիներին»,- շեշտեց նա։

Նշենք, որ այդ կրակոցներից հետո, այսօր ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններն այցելել էին Երասխ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս