Բաժիններ՝

Հրդեհավտանգ իրավիճակը միշտ կա, որովհետև կա մեծ քանակությամբ մեթան. բնապահպանն ահազանգում է, առողջապահության նախարարությունը՝ դարձյալ լռում

Նուբարաշենի աղբավայրում դարձյալ հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից՝ այդ մասին ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 13-ին՝ ժամը 04։49-ին:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ բռնկված հրդեհը մարելու համար շուրջ երկու շաբաթ աշխատանքներ էին տարվում:

Նուբարաշենի աղբավայրը միջազգային չափանիշներին չի համապատասխանում. քաղաքացիներն ու մասնագետները մշտապես ահազանգում են աղբից թունավոր արտահոսքերի և մեթան գազի արտանետումների մասին:

Կարդացեք նաև

«Այդ հրդեհավտանգ իրավիճակը Նուբարաշենի աղբավայրում միշտ կա, որովհետև այնտեղ կա մեծ քանակությամբ մեթան, որը հեշտ բռնկվող գազ է: Եվ ցանկացած գործոն՝ նույնիսկ չհանգցրած մեկ ծխախոտը, կարող է բերել նման վիճակի,- շեշտեց բնապահպան Ինգա Զարաֆյանը՝ լուծումը համարելով շտապ մեթանի չեզոքացման տեխնոլոգիայի ներդրումը,- Քանի որ Նուբարաշենի աղբավայրը քաղաքապետարանի ենթակայության տակ է, առաջինը հենց քաղաքապետարանը պետք է ներդնի նման տեխնոլոգիաներ՝ ստեղծելով աշխատանքային համապատասխան խումբ, որպեսզի կանխարգելվեն նման իրավիճակները, իսկ նման բռնկումների կրկնությունը, համոզված եմ՝ հնարավոր է մեկ շաբաթ անց, մեկ ամիս անց և այլն, որովհետև մեթանը շարունակում է մնալ»:

Թեև հրդեհից հետո աղբավայրի ծուխը քամին քաղաքի տարբեր հատվածներ է հասցնում, այդուամենայնիվ գոնե Առողջապահության նախարարությունից որևէ պաշտոնական պարզաբանում կամ զգուշացում չի հնչել ո՛չ նախորդ անգամ, ո՛չ այս անգամ:

«Նախարարությունը պետք է զգուշացներ, որ թունավոր միացություններ են արտանետվում մթնոլորտ, և մարդիկ, որոնք հատկապես գտնվում են հարակից տարածքներում, պետք է չափազանց զգույշ լինեն, հատկապես՝ երեխաները»,- նշեց բնապահպանը:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի գործող աղբավայրը Երևանի կենտրոնից ընդամենը 10 կմ-ի վրա է, այստեղ շուրջ 10 միլիոն տոննա աղբ է կուտակվել դեռևս 50-ականներից: Ամեն տարի աղբավայր է բերվում 600.000 տոննա աղբ:

Գործող իշխանությունները 2018 թվականից ի վեր վստահեցնում էին, որ պետք է լուծեն նոր աղբավայրի կիսատ մնացած հարցը, մշակեն աղբը, ավելին՝ նորանշանակ Սուրեն Պապիկյանն էր բարձրաձայնել աղբավայրը տեղափոխելու մտադրությունը:

2023 թվականին պաշտոնյաները դարձյալ նույնն են խոստանում. քաղաքապետարանը նախորդ հրդեհի օրերին վստահեցրել էր.

«Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր»:

Տեսանյութեր

Լրահոս