Ազգային սրբապղծություն է, որը, բնականաբար, պատմությունը չի ներելու. Գրիգոր Ջանիկյան

Արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը համոզված է՝ օրվա իշխանությունները վարում են ապազգային քաղաքականություն:

«Այդ ապազգայնությունն ի հայտ է գալիս և՛միջազգային հարաբերություններում, և՛ երկրի ներսում: Իշխանություններն այժմ մեր ժողովրդին ապազգայնացնում են այս բառի ամենաճշգրիտ իմաստով:

Իսկ մենք այն ազգն ենք, որ հարատևել ենք մեր ոգով, դպրությամբ, մշակույթով, ազգայնականությամբ, Արարատով. այժմ այդ բոլոր սրբությունները ապազգայնացնում են, իմաստազրկում՝ ազգին իջեցնելով շրջապատող քոչվոր ազգերի մակարդակին»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց Գրիգոր Ջանիկյանը:

Նա ազգային սրբապղծություն է համարում ՀՀ իշխանությունների առաջին դեմքի մակարդակով Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցությունը: Հրապարակախոսը դա համարում է ոչ միայն 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակի ուրացում, այլև Ցեղասպանության միլիոնավոր նահատակների:

Կարդացեք նաև

«Ես 15 թվականի սերունդ եմ, և ամեն տարի մինչև այս, այսպես կոչված, «բարեկամության մասին» հայտարարությունները, հաղթողի կեցվածքով (քանի որ այն պատերազմի սպան եմ, որն ազատագրել է Արցախը), գնում էի Արևմտյան Հայաստան, և տեսնում էի, որ մեր հողը սպասում է մեզ, կարոտում է մեզ, ու մոռանալ մեր սրբությունները, մոռանալ, որ 105 տարի առաջ մեր միլիոնավոր նահատակները դեռ հուղարկավորված չեն, ազգային սրբապղծություն է, որը, բնականաբար, պատմությունը չի ներելու»,- նշեց մտավորականը:

Հարցին՝ հաշվի առնելով այս պատերազմում մեր պարտությունը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ո՞րը պետք է լինի, այսպես կոչված, «խաղաղության օրակարգերի» այլընտրանքը, Գրիգոր Ջանիկյանը պատասխանեց՝ վստահեցնելով, որ պարտությունը բեմադրված էր:

«Ես այն բանակի սպան եմ եղել, որ հաղթել է պատերազմում. չեմ հավատում, որ մեր հաղթանակած ժողովուրդն այդքան կարճ ժամանակում անկամ, կրավորական պասիվ դարձավ. մեր ժողովրդին հոգեբանորեն ճնշեցին: 44-օրյա պատերազմը բեմադրված պատերազմ էր, որով ժողովրդին համոզեին, թե՝ թույլ ես, տկար, պարտված, ի զորու չես քո երկիրը պահել:

Այս վիճակից մեր ժողովրդին կարող է հանել միայն համազգային միասնական կամքը, ոգին և վճռականությունը, որովհետև մենք ամեն օր քնում ենք կորուստների ահով, ամեն օր զարթնում ենք՝ կորուստների ողբերգությունն ապրելով,- պարզաբանեց մեր զրուցակիցը, ապա ի թիվս այդ կորուստների՝ անդրադառնալով շուրջ 6 ամիս իր հայրենիքում ապրելու իրավունքի համար պայքարող արցախահայությանը՝ կոչ արեց ողջ հայությանը մաքառել, որպեսզի Արցախի մեր քույրերն ու եղբայրները փրկվեն ստրկության սպառնալիքից,- Ես և, կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, 10 միլիոն հայ, արցախահայության առջև պիտի մեղավորության զգացողություն ունենա. որտեղ էլ ապրի հայ մարդը, չի կարող հանգիստ նստել, կերակուր վայելել, երբ Արցախում իր հայրենակիցը ճնշված է, շրջափակված ու, ամենացավոտը, ապագան անորոշ:

Սա մեծագույն ողբերգություն է. հայությունն այսօր Դամոկլյան սրի տակ է ապրում. մենք պետք է ամբողջ արցախահայության համար մաքառենք, մինչև այդ ստրկության սպառնալիքից փրկենք»:

Գրիգոր Ջանիկյանը «Հայաստանի միամիտ ժողովրդին խաբելու միջոց է» համարում իշխանությունների այն վստահեցումը, որ՝ եթե Արցախը զոհենք, ՀՀ-ում լավ կապրենք:

«Դա բացառված է: Հայ ժողովուրդը ոգու ժողովուրդ է: Երբ Վազգեն Սարգսյանը գոչում էր՝ հայ ժողովուրդ, ուզում եք ծա՞նր ապրել, թե՞ Արցախն ազատագրել, ամբողջ հայ ժողովուրդը Հայաստանով մեկ բղավում էր՝ Արցախը, Արցախը: Ինչպե՞ս կարող է այժմ Հայաստանի ժողովուրդը անտարբեր մնալ Արցախի ճակատագրի նկատմամբ, Արցախը լքել բախտի քմահաճույքին, մենք Արցախն ուղղակի նետում ենք թշնամու գիշատիչ երախը, մենք Արցախը դատապարտում ենք Նախիջևանի ճակատագրին»,- ամփոփեց մտավորականը:\

Տեսանյութեր

Լրահոս