Ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման տեմպը կնվազի
Հայաստանում նախատեսվում է ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան բարձրացնել 10 տոկոսով՝ ներկայիս 15 տոկոսի փոխարեն: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
2020 թ-ից կիրառվում է ակցիային հարկի հաստատուն դրույքաչափ: Պողոսյանը հիշեցրեց պետության հայտարարության քաղաքականության մասին, որ սպառման հարկերի գծով բեռը պետք է աստիճանաբար բարձրացվի, փոխարենը պետք է նվազեցվեն եկամտային հարկերի գծով դրույքաչափերը: Նա նշեց նաև նկատվող գնաճի մասին:
«Եվ, որպեսզի ապրանքների գների բարձրացման պարագայում այդ գների կառուցվածքում ակցիզային հարկի կշիռը տարեցտարի չնվազի, մենք երկու գործիք ենք կիրառել: Առաջինը՝ ծխախոտի և ալկոհոլային խմիչքների համար նախատեսել ենք տարեցտարի դրույքաչափի բարձրացում, մասնավորապես ծխախոտի արտադրանքի համար յուրաքանչյուր տարի դրույքաչափն արդեն իսկ բարձարցրել ենք 15 տոկոսով, իսկ հատկապես թունդ ալկոհոլային խմիչքների համար՝ տարեկան 30 տոկոսով: Մնացած ապրանքների համար ներդրել ենք դրույքաչափի ինքնաշխատ ճշգրտման համակարգ, օրենքով ամրագրել ենք 3 տոկոսի չափով գործակից, ըստ որի՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին ակցիզային հարկի դրույքաչափը 3 տոկոսով բարձրանում է, որ գնահատվող գնաճի տեմպին զուգահեռ բարձրանա նաև ակցիզային հարկի բեռը: Եվ վերջնական նպատակը ապրանքների գների կառուցվածքում ակցիզային հարկի մասնաբաժինը պահպանելն է»,-ասաց փոխնախարարը:
Պողոսյանը ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացման այլ՝ ավելի ագրեսիվ ճանապարհի ընտրությունը հիմնավորեց նրանով, որ բացի այն, որ սրանք վնասակար սպառում ենթադրող ապրանքներ են, նաև ԵԱՏՄ տարածքում իրականացվում է անուղղակի հարկերի, տվյալ դեպքում՝ ակցիզային հարկի դրույքաչափի ներդաշնակեցման քաղաքականություն:
«Այսպիսով առաջարկվում է ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների պարագայում դրույքաչափի հետագա բարձրացումը կատարել տարեկան 10 տոկոսի չափով, իսկ մնացած ապրանքների համար՝ 8 տոկոսի չափով: Դա վերջին շրջանի գնաճի ուղենիշային մեծությունն է»,-ասաց Պողոսյանը:
Հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը նշեց՝ փաստորեն նախկինում ալկոհոլային խմիչքների դեպքում վնասակար սպառումը զսպել են տարեկան 30 տոկոս, իսկ ծխախոտի դեպքում՝ 15 տոկոս աճով, իսկ հիմա անցում է կատարվում 10 տոկոսի: «Ես սա լավ «սիգնալ» չեմ համարում: Իջեցումը պետք է լինի խիստ հիմնավոր, ինչո՞ւ ենք թուլացնում այդ զսպումը»,-հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարի խոսքով՝ իրենց դիտարկումները ցույց են տալիս, որ երբ ակցիզային հարկերի դրույքաչափերն ագրեսիվ բարձրացվում են, մարդիկ առաջնահերթ ոչ թե ծխելն են քչացնում, այլ անցնում են ավելի ցածրարժեք ծխախոտի, որովհետև կախվածության խնդիր կա: «Անցնելով ավելի ցածրարժեք ծխախոտի՝ մենք երկու վատ էֆեկտ ենք ունենում: Առաջինը՝ ենթադրում եմ, որ ավելի ցածրարժեք ծխախոտն ավելի վնասակար է սպառման համար: Երկրորդ՝ Ֆինանսների նախարարության տեսակետից՝ երբ բարձրարժեք ծխախոտից անցնում են ցածրարժեքի, մենք կորցնում ենք այդ գների տարբերության ավելացված արժեքի հարկը»,-ասաց Պողոսյանը:
Բացի այդ, ըստ փոխնախարարի՝ նախորդ տարիների բարձրացումներն արդեն իսկ բարձրացրել են դրույքաչափերը որպես բազա՝ հետագա տարիների համար: Նաև Հայաստանի հետ համադրելի երկրների փորձը հուշում է, որ նրանք որոշակի բարձրացումից հետո դադար են վերցնում, մի քանի տարի չեն բարձրացնում, բայց Հայաստանում կշարունակեն ևս 3 տարի 10 տոկոսով բարձրացնել: