Հայաստանը՝ ամնեզիայից էպիլեպսիայի անցման փուլում

Նորմալ պետությունները հիմնվում են ոչ միայն ֆորմալ կառուցակարգերի, սահմանադրական, իրավական նորմերի, այլ նաև նրա վրա, ինչն անվանում են պետական համակարգի ինստիտուցիոնալ հիշողություն։ Վերջինս նույնպես ֆորմալ ձևակերպումներ է ստանում, ամրագրվում է սահմանադրություններում ու օրենքներում։ Բայց արձանագրայինից բացի, պետական համակարգի ինստիտուցիոնալ հիշողությունն ունի նաև չնյութականացվող, հոգևոր կամ զգայական շերտ, որը պահպանվում ու փոխանցվում է ավանդույթների, կառավարման, ներհամակարգային ու միջհամակարգային հարաբերությունների մշակույթի միջոցով։

2018 թվականին իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, զրոյացրեց պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ հիշողությունը՝ գործնականում ամեն ինչ սկսելով «զրոյական կետից», թեև դա հայտարարվում էր միայն ղարաբաղյան հակամարտության բանակցությունների վերաբերյալ։ Բայց ավելի լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանն այդպես վարվեց գրեթե բոլոր ոլորտներում։

Նրա հակապետական արշավը սկսվեց «3 միլիոն վարչապետ», «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» հայտարարություններով, որոնք իրենց բնույթով ուղղված էին համակարգերի, պետության՝ որպես ամբողջական ու միասնական համակարգի դեմ։ Բոլոր այդ քայլերով Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, սկզբնավորեց Հայաստանի Երրորդ Հանրապետության ինստիտուցիոնալ հիշողության ամնեզիայի գործընթացը՝ զուգահեռաբար հետևողական հակաքարոզչություն ծավալելով նախկին ամենայնի դեմ՝ սևացնելով նախկինի ոչ միայն թերությունները, այլ նաև ձեռքբերումներն ու հաղթանակները։

Ավելի ուշ էր պարզ դառնալու, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ոչ միայն սոսկ ներկա-նախկին հակադրությամբ քաղաքական դիվիդենտներ ապահովել, այլ ավելի հեռահար նպատակներ ուներ և անցնելու էր Հայաստանի պատմական անցյալի, նաև պատմական հիշողության դեմ պայքարի իրագործմանը, ինչով զբաղված է հենց այս օրերին։

Կարդացեք նաև

Բայց պետական կառավարման համակարգը, որքան էլ ենթարկվի արհեստական ազդեցությունների, այդուհանդերձ, իրեն յուրահատուկ մեխանիզմներով պահպանում է ինստիտուցիոնալ հիշողությունը։ Այդ իմաստով անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչ է կատարվելու Հայաստանի պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ հիշողության հետ՝ Նիկոլ Փաշինյանից, նրա իշխանության փոփոխությունից հետո։

Շարունակական նվաստացումները, անարժանապատիվ գործելաոճը, որը Նիկոլ Փաշինյանի պատճառով ու նրա գլխավորությամբ կրել է Հայաստանը՝ որպես պետություն, պետական կառավարման համակարգում հետևանքներ են ունենալու տարիներ, գուցե տասնամյակներ շարունակ։ Եվ հետփաշինյանական Հայաստանում ինստիտուցիոնալ հիշողության դրսևորման յուրաքանչյուր առիթի դեպքում պետական կառավարման համակարգն ուղղակի ցնցումների մեջ է հայտնվելու՝ վերապրելով այն, ինչ դրա հետ կատարվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին։

2018 թվականից հետո պետության ինստիտուցիոնալ հիշողությունը հասցնելով ամնեզիայի, Նիկոլ Փաշինյանը թողնելու է բացիլ, որն իրենից հետո արտահայտվելու է էպիլեպսիայի ախտանիշներով՝ պարբերաբար ցնցումներ հարուցելով այդ համակարգի համար։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս