Աճը կանգ առավ. Առաջիկայում կսկսի նվազել
Հայաստանի տնտեսության ակտիվության աճը, չորս ամիսների արդյունքներով, կանգ առավ։ Թեև մի շարք ոչ առանցքային ոլորտների հաշվին տնտեսական ակտիվությունը դեռևս գտնվում է բարձր մակարդակում, սպասվում է, որ առաջիկայում այն աստիճանաբար կսկսի նաև նվազել։
Գնալով զգացնել է տալու ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը։
Դրա արդյունքում, ինչպես հայտնի է, արտաքին դրական շոկերը Հայաստանի տնտեսության վրա արտահայտվեցին հիմնականում անցած տարվա ապրիլից հետո։ Հաշվի առնելով, որ անցած տարվա բազայով պայմանավորված՝ գնալով թուլանում է այդ շոկերի ազդեցությունը տնտեսական ցուցանիշների վրա, սպասվում է, որ առաջիկայում տնտեսական ակտիվության տեմպն աստիճանաբար կդանդաղի։
Թե այն մինչև ո՞ւր կհասնի՝ կախված կլինի գերազանցապես արտաքին գործոններից։
Ամեն դեպքում մասնագիտացված կառույցների գնահատականները Հայաստանի տնտեսական աճի սպասումների վերաբերյալ այս պահին էապես տարբերվում են տարեսկզբի ցուցանիշներից։ Դրանք առնվազն կրկնակի ցածր են, քան առաջին եռամսյակում պաշտոնական վիճակագրության արձանագրած 12,1 տոկոս տնտեսական աճը։
Մասնագիտացված կառույցների գնահատականներն այս տարվա Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ տատանվում են հիմնականում 5-6 տոկոսի սահմաններում։
Մասնավորապես՝ 5 տոկոս աճի ակնկալիք ունի Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը։ 5,8 տոկոս է Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումը։
Միջազգային այլ մասնագիտացված կառույցների գնահատականները ևս հիմնականում այդ սահմաններում են, չնայած տարեսկզբին Հայաստանի տնտեսությունը գտնվել է երկնիշ աճի ու ակտիվության տիրույթում։
Չորս ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության աճը կազմել է 12,2 տոկոս։ Ճիշտ այնքան, որքան արձանագրվել էր տարեսկզբի առաջին երեք ամիսներին։
Ապրիլի արդյունքներով՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը կանգ է առել։
Ու մինչ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է տնտեսական աճի ցուցանիշներով և խոսում այն մասին, որ 12 ամիս անընդմեջ «Հայաստանի տնտեսությունը գտնվում է երկնիշ աճի ուղեծրում», ապրիլին անկում է գրանցվել տնտեսության երկու առանցքային հատվածներում։ Ընդ որում, այդ երկու առանցքային հատվածներից մեկն արդյունաբերությունն է, որը գտնվում է հենց էկոնոմիկայի նախարարի ենթակայության տակ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ապրիլին արդյունաբերության ոլորտում 0,8 տոկոս անկում է գրանցվել՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ։
Այս իրավիճակը շատ ավելի պիտի մտահոգեր էկոնոմիկայի նախարարին, քան ուրախացներ, հատկապես որ, երկնիշ աճերն ու աճերի ուղեծրերը, որոնց մասին նա խոսում է, մեր տնտեսության իրական զարգացումների հետ քիչ կապ ունեն։ Ու դա տեսնում ենք այնպիսի առանցքային հատվածի ցուցանիշներում, ինչպիսին արդյունաբերությունն է։
Տնտեսական ակտիվության երկնիշ աճի պայմաններում արդյունաբերության մեջ ապրիլին անկում է գրանցվել։ Արդյունաբերությունը, որը պիտի լիներ տնտեսական ակտիվության առանցքն ու առաջամարտիկը, մի բան էլ զիջել է դիրքերը նախորդ տարվա համեմատ։ Ավելի քիչ ապրանք է արտադրվել, քան արտադրվել էր նախորդ տարի։
Էներգետիկայում ապրիլին անկումը նույնիսկ ավելի մեծ է եղել. նախորդ տարվա համեմատ՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 8 տոկոսով։
Ու եթե տարեսկզբի չորս ամիսների արդյունքներով՝ արդյունաբերության մեջ որոշ աճ գրանցվել է, էներգետիկայում դա էլ չկա։ Չորս ամիսների անկումը կազմել է 3,3 տոկոս։
Ապրիլին արձանագրված անկումից հետո նվազել է արդյունաբերության տարեկան աճի տեմպը։
Առաջին եռամսյակում այն կազմել էր 3,6 տոկոս։ Արդեն չորս ամիսների արդյունքներով՝ իջել է 2,4 տոկոսի. միանգամից նվազել է 1,2 տոկոսային կետով։
Տնտեսության մեջ կրճատվում է արդյունաբերության կշիռը, ավելանալու փոխարեն։
Արդյունաբերության փոխարեն՝ առևտրի ու ծառայությունների կշիռն է մեծանում։ Դրանց հաշվին էլ արձանագրվում են այն տնտեսական աճերը, որոնք տեսնում ենք։
Հայտնի գործոնների արդյունքում, անցած տարվանից նկատվող առևտրի ու ծառայությունների բարձր աճերը, նախորդ տարվա սկզբի ցածր բազայի վրա, այս տարվա սկզբին դեռևս շարունակում են պահպանվել։
Չորս ամսում ներքին առևտրի շրջանառությունը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է ավելի քան 23 տոկոսով, ծառայություններինը՝ 22 տոկոսով։
Աճի տեմպն այս ոլորտներում գրեթե 10 անգամ ավելին է, քան արդյունաբերության պարագայում։
Առևտրի ու ծառայությունների այս բարձր աճերն արտաքին ազդեցությունների արդյունք են, որոնք, սակայն, առաջիկայում աստիճանաբար կնվազեն։
Նույնը սպասվում է նաև արտաքին առևտրին, չնայած տարեսկզբին այն գտնվել է բարձր մակարդակի վրա՝ պայմանավորված հիմնականում նախորդ տարվա այս շրջանի միտումներով, երբ դեռևս մեծ չէր դրսի գործոնների ազդեցությունն արտաքին առևտրի ցուցանիշների վրա։
Ինչպես չորս ամսվա, այնպես էլ ապրիլի ցուցանիշների վրա արդեն զգացվում են անցած տարվա դրսևորումների ազդեցությունները։ Եթե մարտին արտաքին առևտուրը նախորդ տարվա նկատմամբ ավելացել էր 2,5 անգամով, ընդ որում՝ արտահանումը՝ 2,7 անգամով, իսկ ներմուծումը՝ 2,5 անգամով, ապա արդեն ապրիլին աճի տեմպը բավական ընկել է. նախորդ տարվա համեմատ՝ 83 տոկոսի սահմաններում է, իսկ մարտի համեմատ նույնիսկ նվազել է։
Ապրիլին առևտրաշրջանառությունը 13,5 տոկոսով պակաս է եղել, քան մարտին։ Արտահանումը կրճատվել է՝ 13, ներմուծումը՝ գրեթե 14 տոկոսով։
Ոչ մեծ չափով, բայց նկատելի է նաև արտաքին առևտրի տարեկան աճի տեմպի նվազումը։
Ամեն դեպքում, այս պահին արտաքին գործոնների ազդեցությունը Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշների վրա չափազանց մեծ է։ Բայց առաջիկայում այդ ազեցությունն աստիճանաբար կթուլանա՝ հանգեցնելով տնտեսական աճի տեմպի նվազման։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ