Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորից վերածվել է անվտանգության սպառնալիքի  

Արցախյան հարցը, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը՝ որպես անկյունաքարային գաղափարներ, դրված են եղել նորանկախ Հայաստանի ձևավորման ու կայացման հիմքում։

Ղարաբաղյան շարժման սկզբում, ապա՝ անկախացման համար պայքարում որպես քաղաքական հռչակումներ ներկայացված այդ սկզբունքները հետագայում արդեն իրավական ձևակերպումներ ստացան՝ նախ Անկախության հռչակագրում, ապա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Բացի զուտ սահմանադրական, իրավական ուղենիշ հանդիսանալուց, Արցախի հարցը դարձավ նաև Հայաստանի պետականության կազմավորման հիմնական առանցքը, դրա ամենաթեժ դրսևորման արդյունքում ձևավորվեց հայկական պետականության ողնաշարը՝ Հայաստանի բանակը, ապա նաև՝ մյուս պետական ինստիտուտները, որոնք գործում էին բազմաթիվ ֆորմալ, բայց, որ ավելի կարևոր է՝ չգրված օրենքներով, որոնցով Արցախի հարցը հիմնարար, համակարգաստեղծ նշանակություն ուներ հայկական պետական շահի ճարտարապետության կառուցվածքում։ 

Արցախյան հարցի այդ հիմնարար դերն արտահայտվում էր այն իրավաքաղաքական իրողությամբ, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Անկախ անցած քառորդ դարի ընթացքում առկա բացասական, արատավոր բազմաթիվ երևույթներից, պետության ոչ արդյունավետ գործունեությունից, համակարգային խնդիրներից և այլն, այդուհանդերձ Հայաստանը կատարում էր իր այդ դերը կամ առաքելությունը։ 

2018 թվականին հաջորդած երկու տարիներին Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ դերը շարունակում էր կատարել առավելապես իներցիայի ուժով, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ամբողջությամբ հրաժարվեց իր այդ պարտականությունից՝ Արցախը հանձնելով ռուսական կարճաժամկետ խնամակալությանն ու Ադրբեջանի մշտական ենթակայության հեռանկարին։

Կարդացեք նաև

Արդեն ավելի քան երկու տարի Հայաստանը՝ փաստացի չկատարելով Արցախի անվտանգության երաշխավորի իր դերը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ դա փորձում է փոխհատուցել Արցախին հատկացվող միջպետական վարկով, որը, իհարկե, որևէ աղերս չունի անվտանգության հետ, և անգամ գռեհիկ է այդ գումարի մասին քննարկումը համադրել անվտանգության երաշխավորի ինստիտուտի հետ։ Բայց Նիկոլ Փաշինյանը՝ հրաժարվելով Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունից ու ընդհանրապես Արցախից, ստանձնել է նոր, վտանգավոր դեր կամ առաքելություն։ Նրա կողմից արցախյան հարցում այսօր վարվող քաղաքականության պատճառով գործնականում Հայաստանը վերածվել է Արցախի անվտանգության սպառնալիքի։

Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում բանակցում է արցախյան հարցի շուրջ, ամեն օրվա հետ մոտեցնում է Արցախն Ադրբեջանին վերջնականապես հանձնելու հանգրվանն ու արցախահայերի, լավագույն դեպքում, բռնի տեղահանության վտանգը։

Ընդամենը հինգ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավոր երկրից դարձրեց Արցախի անվտանգությանը սպառնացող պետություն՝ միևնույն շարքում դնելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Սահմռկեցուցիչ է, բայց փաստ։

Հարություն Ավետիսյան 

Տեսանյութեր

Լրահոս