«Իր հոգին 29,8 տասնորդական է, իմը՝ 330.000 քառակուսի՝ որքան հայոց լեռնաշխարհն է. իր չեղած հոգու շնորհիվ է, որ Հայաստանի մի մասը բռնազավթված է». Գագիկ Գինոսյան
Արցախյան պատերազմի մասնակից, գիտնական, նժդեհական, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը երեք անգամ հաղթահարել է Բիբլիական Արարատ լեռան բարձունքը։ Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «ՀՀ ամենաբարձր լեռը ոչ թե Արարատն է, այլ Արագածը», ծիծաղելի է համարում: Ծիծաղելի է, երբ մեկ հոգին ամբողջ ազգի փոխարեն որոշում է, թե որն է խորհրդանիշ, և որը՝ ոչ։
«Կոստան Զարյանի մեկ պնդում ընդամենը կմեջբերեմ, երբ ասում էր, որ Արարատը տնտեսական նշանակություն ունեցող տեղ չէ, այլ կրոնական։ Դե, իրենք ինչ են հասկանում, թե կրոնականն ի՞նչ է։ Կրոնական՝ չի նշանակում քրիստոնեական, այլ հոգևոր, ազգի հոգևոր կարևոր կետերից է և չի կարող որևէ սակարկման դրվել։
Արարատը հայկական է և նույնիսկ խորհրդային տարիներին մարդիկ այդքան առնական իշխանություն ունեին, որ Արարատ լեռը պատկերում էին հայկական զինանշանի վրա։
Ես խորհուրդ կտայի բոլոր հայ իշխանավորներին մեկ անգամ նայել Զինանշանը: Վախենում եմ՝ այն հանկարծ չփոխե՞ն, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն պղծել է այն, այն կոջոյանական զինանշանը չէ։ Դա ինչ-որ հեղինակներ ունի, որին այդ մարդիկ կոծկում են։ Կարծում եմ՝ օտար գործակալներ են, ովքեր հայկական հզոր զինանշանը վերածել են «սմայլիկների», թող հրապարակեն, թե ով է այդ զինանշանի հեղինակը, որովհետև դրա հեղինակը Հակոբ Կոջոյանն ու Թամանյանը չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Գինոսյանը։
Նրա խոսքով՝ բացի այն, որ հայկական զինանշանը վերածել են «սմայլիկների», զինանշանի արծիվն ու առյուծը դնչակալներով են պատկերել։ Մինչդեռ Թամանյանի ու Կոջոյանի հեղինակած զինանշանում արծվի ու առյուծի երախները բաց են, որն ուժի ցուցադրում է։ Իրական զինանշանում եղած սուրը, որը կտրել է բռնության շղթան, շղթան պոկված ընկած է։ Իսկ ներկայիս զինանշանում սուրը մտցրած է շղթայի մի օղակի մեջ և մտցրած վահանի հետևը, սրից միայն երևում է բռնակը։
«Այսինքն՝ ուժի բոլոր խորհրդանիշները, կներեք՝ «թուղթուգիր» է արված՝ քարկապ է գցած։ Սիմվոլիկան պատահական բան չէ, առանձին մեծ գիտություն է։ Հիմա ես պահանջում եմ ՀՀ առաջին նախագահ կոչվածից, որպեսզի հրապարակի այն մարդկանց անունները, որոնք խաբում են, թե սա կոջոյանական զինանշանն է, թող այդ մարդկանց անունները հրապարակեն, ովքեր պղծել են հայկական զինանշանը։ Իսկ այդ զինանշանի մեջտեղում հայոց զորության վահանն է, որը չորս մասի է բաժանված և ամեն մի մասում հայկական թագավորական արքայատոհմերից մեկի զինանշանն է։ Չորս արքայատոհմերի զինանշանի մեջտեղում Արարատ լեռն է, վրան էլ՝ Նոյան Տապանը։ Իսկ ինչո՞ւ է իրենց զինանշանի վրա Արարատ լեռը, եթե Արարատը հայկական չէ։ Ես վախով եմ ասում, որ վաղը հանկարծ դա էլ չհանեն թուրքերի պահանջով։ Նժդեհն ասում էր՝ Հայաստանն օրվա անձուկներով սահմանափակվող տարածք չէ, այլ այն, ինչ մենք կրում ենք մեր հոգիներում։ Իր հոգին 29,8 տասնորդական է, իմը՝ 330 հազար քառակուսի, այնքան, որքան հայոց լեռնաշխարհն է։ Տարբերությունը սա է»,- շեշտեց Գագիկ Գինոսյանը։
Նա ևս մեկ անգամ կրկնեց՝ Արարատը կրոնական վայր է, որի համար հայ մարդը միլիոնով արյուն է թափել, որ այն լինի հայկական, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մի անցորդ կասկածի տակ դնի և ասի՝ սարը հայկակա՞ն է, թե՞ ոչ։
«Հարյուրավոր հայ բանաստեղծներ իրենց խոսքն են ձոնել Արարատին, և մեկ անցորդ չի կարող որոշե՝լ Արարատը հայկակա՞ն է, թե՞ ոչ։ Ազգը վաղուց իր խոսքն ասել է և բոլոր ժամանակներում իր զինանշանում պատկերել է Արարատը, նույնիսկ Խորհրդային և ոչ անկախ Հայաստանի զինանշանում ամենամեծադիր պատկերն Արարատ լեռն է։ Խորհուրդ կտամ այդ ասողներին՝ հետմահու դատել Մարտիրոս Սարյանին՝ իրենց եղբայր թուրքերի դեմ այդ «մեղքը» գործելու համար, դատեք Հակոբ Կոջոյանին, ովքեր հռչակում են, որ ամենահայկականը, Երևանից ամենահայկականը՝ Արարատ լեռն է։ Սա իրենց գուցե հասանելի չէ, որովհետև իրենց հոգին 29,8 տասնորդական է, այդքան էլ չկա, որովհետև այսօր իրենց չեղած հոգու շնորհիվ է, որ Հայաստանի մի մասը բռնազավթված է»,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը։